Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վար (այլ կիրառումներ)

Վար, հողի մեխանիկական մշակման հիմնական գործադրաձև, երբ միաժամանակ կատարվում է հողի փխրեցում, փշրում, շրջում, տեղաշարժում, նստեցում, հարթեցում։ Հողը վարելիս պահպանվում է վարելաշերտի կնձկային կառուցվածքը, մեծանում ծակոտկենությունը, լավանում ստրուկտուրան, ջրա- և օդաթափանցելիությունը, ակտիվանում աերոբ մանրէների գործունեությունը, ավելանում մատչելի սննդատարրերի քանակը։ Շրջման միջոցով կատարվում է ճմուտի կենսազրկում, ջրակուտակում, պարարտանյութերի վերածածկում, մոլախոտերի սերմերի, վնասատուների ու հիվանդությունների հարուցիչների ոչնչացում կամ խորը վարածածկում։ Վար կատարում են գութաններով։ Տարբերում են վարի հետևյալ տիպերը․

Հողի վար Մեծ Բրիտանիայում
Խորհրդային արտադրության YuMZ-6KL տրակտոր
Շերտաշրջում խմբագրել

Շերտաշրջում (առաշրջում), երբ հողի մոտ 40 սմ լայնության շերտը ոչ մեծ խորությամբ, գութանի պտուտակաձև թևով շրջում են 180 աստիճանով։ Սա ճմուտը վարելու հնագույն ձևն է։ Այս դեպքում պահանջվում է հողի լրացուցիչ մշակում (տափանում, փխրեցում, հարթեցում և այլն)։ Շերտաշրջում է կոչվում նաև խոպանի կամ բազմամյա խոտերի դաշտերի կրկնավարը։

Կիսականգուն վար խմբագրել

Սովորական կամ կիսականգուն վարը (հարոսահերկ), վարելաշերտերը գութանի կիսապտուտակաձև թևերով շրջվում են 135 աստիճանով և հողի մակերևույթի նկատմամբ 45 աստիճանի անկյան տակ սեղմ հենվում են մեկը մյուսին։

Կուլտուրական վար խմբագրել

Կուլտուրական վար, կատարվում է թևավոր նախագութանիկներ ունեցող գութանով։ Դանակի և խոփի միջոցով կտրտված հողաշերտը (առը) բարձրանում է թևի վրա և շրջվում 135 աստիճանով։ Նախագութանիկը կտրում և ակոսի հատակն է տեղափոխում մակերեսային 10—12 սմ խորության շերտը, ինչպես նաև հողի մակերեսի մոլախոտերն ու դրանց սերմերը, հիվանդությունների ու վնասատուների հարուցիչները, խոզանի մնացորդները։ Գութանի հիմնական թևը բարձրացնում է հողի պինդ շերտը և ծածկում դրանով ակոսի մեջ շրջած մակերեսային շերտը։ Նման եղանակով աշնանը կամ ձմեռնամուտին կատարվող վարը կոչվում է ցրտավար։ Կուլտուրական վարին սովորաբար նախորդում է խոզանի երեսվարը։

Առանց առը շրջելու վար խմբագրել

Առանց առը շրջելու վար՝ (S․ Ս․ Մալցևի մեթոդով կատարվող կամ անթև վար), 4—5 տարին մեկ անգամ ցելի դաշտում կատարվում է խորը (35—40 սմ) փխրեցում անթև գութաններով, հետո նույն տարում, անհրաժեշտության դեպքում, ինչպես և հաջորդ 3—4 տարիների ընթացքում մշակում են 10—12 սմ խորության սկավառակավոր երեսվարիչներով։ Այս դեպքում հողի տարբեր շերտերի ուղղահայաց տեղաշարժեր չեն լինում, չի խախտվում վարելաշերտի բնական կառուցվածքը։ Սակայն մոլախոտերի սերմերը, խոզանի մնացորդները, ինչպես և պարարտանյութերը մեծ մասամբ մնում են հողի մակերեսին։ Կիրառվում է ոչ բոլոր շրջաններում։

Հարթ կտրիչավոր վար խմբագրել

Հարթ կտրիչավոր վարը (մշակել է ակադեմիկոս Ա․ Ի․ Բարաևը), լայնորեն կիրառվում է Ղազախստանում և Սիբիրում՝ հողմնային էրոզիայի գերակշռման վայրերում։ Կատարվում է փխրեցնող հարթ֊ կտրիչներով, որոնք սլաքաձև (լայն՛ բացվածքով), կտրող եզրերով աշխատանքային օրգան են, հողը փխրեցվում է համապատասխան խորությամբ և թողնվում իր տեղում։ Այս դեպքում հողի շերտերի փոխադարձ դասավորությունը և հողի մակերեսի ծղոտը հիմնականում պահպանվում են և նպաստում ձնակուտակմանը, խոնավության պաշարի ավելացմանը, որը կանխում է քամու էրոզիան, կտրատվում են միայն բազմամյա մոլախոտերի արմատները։

Վարի խորությունը խմբագրել

Վարի խորությունը սահմանվում է՝ ելնելով վարելաշերտի հզորությունից, ենթավարելաշերտերի ու մշակվող կուլտուրայի կենսաբանական առանձնահատկություններից, մոլախոտերով աղբոտվածության աստիճանից, հիվանդությունների և վնասատուների առկայությունից։ Մինչև 20 սմ խորության վարը համարվում է մակերեսային, 20—22 սմ-ը՝ միջին (բնականոն), 25—27 սմ-ը (երբեմն 30—35)՝ խորը։ Հատիկավորների համար վարի խորությունը 20—22 սմ է, շաքարի ճակնդեղինը՝ 28—30, պտղատու տնկարկներինը և խաղողի վազերինը՝ 50—60 սմ։ Խորը վարը բարձր և կայուն բերք ստանալու կարևորագույն պայմաններից է։ 20 սմ պակաս վարելաշերտ ունեցող հողերում աստիճանաբար ստեղծում են կուլտուրականացված վարլաեշերտ։

Վարի ժամկետները խմբագրել

Վարի ժամկետները կախում ունեն գոտիական, հողակլիմայական առանձնահատկություններից, մշակվող կուլտուրայի ագրոտեխնիկայից, ցանքսի ժամկետներից և այլն։ Առավել կատարելագործվածը վաղ ցրտահերկն է, որը նպաստում է հողում խոնավության և բույսերին մատչելի սննդանյութերի կուտակմանը։ Ամառնավարն անհրաժեշտ է զբաղված ցելերը ցանքին նախապատրաստելու և ոչ ցելային նախորդ ունեցող աշնանացանների ցանքի ժամանակ։ Գարնանավարը կատարում են գարնանացան կուլտուրաների համար։ Գարնանային, ամառային, երբեմն նաև աշնանային վարը պետք է զուգակցվեն տափանումով (գոլորշացման ժամանակ խոնավության կորուստները նվազեցնելու նպատակով)։

Վարի գործային ձև խմբագրել

Տարածված է վարի գործային ձևը, երբ նախապես դաշտը բաժանում են առանձին շերտերի՝ գործերի (լայնությունը՝ 40—50 մետրից մինչև 100—140 մ), ապա վարում են երկու եղանակով,

  • կույտավար, երբ աշխատանքն սկսում են գործի մեջտեղից և, շրջադարձ կատարելով դեպի աջ, վարելով մոտենում են գործի եզրին։ Այս դեպքում գործի մեջտեղում երկայնական ուղղությամբ գոյանում է փոքր թումբ։
  • լաղարակավարի դեպքում վարը սկսում են գործի եզրից և, անընդհատ շրջադարձ կատարելով դեպի ձախ, մոտենում են գործի կենտրոնին, որտեղ առաջացող վերջին ակոսը կոչվում է լաղարակ։ Դաշտի մակերեսի համահավասարության պահպանման համար, անհրաժեշտ է տվյալ գործում մեկ տարի կատարել կույտավար, հաջորդ տարին՝ լաղարակավար։
 

Տձև, անկանոն եզրագիծ ունեցող դաշտերում կիրառվում է ձևավոր կամ շրջանաձև (շրջաձև) վար։ Կիրառվում է նաև հարթ վար, որի դեպքում անհրաժեշտ չեն շրջադարձային շերտերը։ Այս եղանակը կիրառվում է թեք դաշտերում։ Ագրոնոմիական կարևոր նշանակություն ունի վարի ուղղությունը։ Եթե անհրաժեշտ է պահել անձրևաջրերի և ձնհալի ջրերի հոսքը կամ կանխել հողատարումը, նպատակահարմար է վարել լանջի լայնքով։ Թեթև հողերը ուժեղ քամիների առկայության դեպքում վարում են քամիների գերակշռող ուղղությանն ուղղահայաց ուղղությամբ։

Վարի որակը խմբագրել

Վարի որակը պայմանավորված է հողի ֆիզիկամեխանիկական, ագրոֆիզիկական ու տեխնոլոգիական հատկություններով՝ կապակցականությամբ, կպչողունակոլթյամբ։ Վարիի որակը կախված է նաև հողի խոնավության աստիճանից։ Ծանր մեխանիկական կազմ ունեցող հողերը լավ են վարվում իրենց խոնավունակության 50—60%-ի, իսկ ավազային թեթև հողերը՝ 40—70%-ի դեպքում։ Լավորակ վար ստանալու համար պետք է այն կատարել հողի ֆիզիկական հասունության (քեշ) վիճակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 303