Կինոարվեստը Երևանում, կինոարվեստի զարգացումը Երևան քաղաքում, ինչպես նաև այդտեղ ստեղծված և նկարահանված ֆիլմերը։

Պատմություն խմբագրել

20-րդ դար խմբագրել

Կինոարվեստը Երևան մուտք գործեց 20-րդ դարի սկզբին։ Եսայի Ջանփոլադյանի հայտնի թատրոնի շենքում 1906-1907 թթ բացվեց առաջին կինոթատրոնը՝ Բ. Ջանիբեկյանի «Գրանդ Իլլյուզիոն»-ը, իսկ նրա հարևանությամբ, քաղաքային այգում՝ Ա. Գևորգյանի «Ապոլլո»-ն։

Կինոարվեստի հետ առնչվող ամենավաղ գրավոր վկայությունը Երևանում Վ. Գագուայի և Բ. Ջանիբեկյանի՝ գավառապետին ուղղված դիմումն է՝ կինոթատրոնում նոր սարքավորում տեղադրելու խնդրանքով (1910թ.): Նույն թվականին նշված կինոթատրոնները տերերի սնանկության պատճառով վերավաճառվում են, իսկ նոր տերերը, վերականգնելով դրանք, կինոարվեստի ասպարեզում ապահովում են որոշակի աշխուժություն։ Ժամանակի մամուլից կա հիշատակում, որ քաղաքում ցուցադրվել են «Տիտանիկի կործանումը», «1812 թվականը», «Քրիստոսի կյանքը» կինոնկարները։

Հայաստանում առաջին նկարահանումները կատարվեցին դեռևս 1907-1914 թթ., սակայն կինոարվեստի իրական զարգացումն սկսվեց խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Հայկական կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է կառավարության «Պետկինոյի կազմավորման մասին» դեկրետի ընդունման օրը՝ 1923 թ. ապրիլի 16-ը։ Համաձայն այդ դեկրետի՝ մինչև խորհրդայնացումը եղած կինոթատրոններն ազգայնացվեցին։ Նույն տարում Երևանում բացվեց ամառային «Պետկինոն», իսկ 1924թ.՝ «Նաիրի» կինոթատրոնը (Ամիրյան փողոցում)։ «Ապոլլո»-ն վերանվանվեց «Պրոլետար»։ Պետկինոյի տեխնիկական հագեցվածությունն ապահովում էր 1924 թ. բացված կինոլաբորատորիան։

 
Բարձրաքանդակներ Մոսկվա կինոթատրոնի ճակատին՝ «Չապաև», «Պեպո», «Սայաթ-Նովա» ֆիլմերից դրվագներով

1925 թ. Հայաստանի Ժողկոմխորհի հրավերով Երևան եկավ Համո Բեկնազարյանը և ղեկավարեց հայկական կինոյի կայացման գործընթացը։ 1925-1928 թթ նա ստեղծեց համր ժանրի հինգ կինոնկարներ՝ «Նամուս», «Զարե», «Շոր և Շորշոր», «Խասփուշ», «Տունը հրաբխի վրա»։ 1935 թ. նկարահանվեց առաջին հնչուն կինոնկարը՝ «Պեպոն»։ Մի շարք անվանափոխություններից հետո Պետկինոն 1938 թ. վերանվանվեց Երևանի կինոստուդիա, 1957 թ.՝ «Հայֆիլմ», իսկ 1966 թ. անվանակոչվեց Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա[1]։

1937 թվականից Երևանում նկարահանվում են նաև մուլտֆիլմեր (առաջինը՝ «Շունն ու կատուն»)։ 1940-1970թթ. կինոարվեստի այս ոլորտը նոր զարգացում ապրեց։ Էկրանավորվեցին մի շարք հայտնի մուլտֆիլմեր՝ «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Արևի հարսնացուն», «Աբու Հասանի մաշիկները» և այլն։

Առաջին հայկական գեղարվեստական հեռուստաֆիլմը («Դեպի բարձունքներ») նկարահանվեց 1958 թ.: 1970 թ. ստեղծվեց հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան[1]։

Խորհրդային տարիներին Երևանում բացվեցին 23 կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Նաիրի», «Հայրենիք», «Կոմիտաս», «Արագած», «Սասունցի Դավիթ», «Հայաստան», «Անի», «Ռոսիա» (հետագայում՝ «Այրարատ») և այլն։ Ամենահայտնի կինոթատրոնը «Մոսկվան» էր, որը կառուցվել է 1935-1936 թթ. Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում (ճարտարապետներ՝ Տիրան Երկանյան, Գևորգ Քոչար

Հայաստանի անկախացումից հետո Երևանի կինոթատրոնները փակվեցին, բացառությամբ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների, որոնք շարունակեցին երևանցիներին ծանոթացնել հայ և համաշխարհային կինոարվեստի նորություններին։ 2015 թ. հունիսի 1-ին վերաբացվեց քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում խորհրդային իշխանության վերջին տարիներին կառուցված «Հայաստան» կինոթատրոնը։ Կինոթատրոնների պակասն աստիճանաբար լրացվեց քաղաքում բացված հանգստի, զվարճանքի և առևտրի նորաոճ համալիրներում գործող կինոսրահներով, որոնք կարճ ժամանակում դարձան նախընտրելի վայրեր երեխաների և մեծահասակների համար։

21-րդ դար խմբագրել

Հայ կինոարվեստը 21-րդ դար թևակոխեց զարգացման նոր հեռանկարներով։ Մայրաքաղաք Երևանում այսօր էլ ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, ովքեր մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոնների և արժանանում մրցանակների։

2004 թ. սկսած ամեն տարի Երևանում կազմակերպվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունենում ամռանը` ծիրանի օծման արարողությամբ։ Կինոփառատոնին մասնակցում են հայտնի ռեժիսորներ և դերասաններ։

ՀՀ կառավարության որոշմամբ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2006թ. հուլիսին վերակոչվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2007 թ. հոկտեմբերին Երևան այցելեց հանրաճանաչ կինոսցենարիստ և դրամատուրգ Տոնինո Գուերրան[1]։ Նա հյուրընկալվեց քաղաքապետարանում, եղավ նաև քաղաքի Երևանի պատմության թանգարանում։

2010 թ. հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնի առջև բացվեցին Հ. Բեկնազարյանի, Ռ. Մամուլյանի, Ս. Փարաջանովի և Անրի Վերնոյի աստղերը։ Այս շարքը 2013 թ. հուլիսի 7-ին «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի բացման օրը համալրվեց Շառլ Ազնավուրի աստղով և դարձավ ավանդույթ՝ ընդգրկելով նորանոր կինոաստղեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Երևանի տարեգրությունը, Ե., 2009թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։