Սպայի տուն, պատմամշակութային շինություն Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում։ Հայտնի էր նաև Եսայի Ջանփոլադյանի թատրոն անվամբ։ Այժմ կանգուն չէ։

Սպայի տուն
Սպայի տունը

Պատմություն

խմբագրել

Սպայի տան շինարարությունը սկսվել է դեռևս 1839 թ. Նիկոլայ Առաջին ցարի կողմից հաստատված «Անդրկովկասի գավառական ուսումնարանների համար» կազմված նախագծով։ Այն ի սկզբանե ծառայել է իբրև առաջին պետական գավառական ուսումնարան, ուր 1843-1848 թթ. որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը։

1870 թ. սեպտեմբերի 19-22-ը այստեղ տեղի է ունեցել Երևանի նորաստեղծ քաղաքային դումայի դեպուտատների անդրանիկ ընտրությունը, իսկ 1881 թ. նոյեմբերի 8-ին բացվել Երևանի ուսուցչական սեմինարիան։

1903 թ. հայ բարերար Եսայի Ջանփոլադյանը գնել է Սպայի տունը, իսկ 1906-1907 թթ. Է. Տեր-Գրիգորյանի ջանքերով այն վերակառուցվել է՝ դառնալով թատրոնի ու կինոյի շենք(ճարտարապետներ Վ. Միրզոև, բեմի սարքավորումը՝ Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնի բեմի մեքենավար և դեկորատոր Ա. Կանդրաշևի նախագծով՝ Արքունական թատրոնի դեկորատոր Ա. Նովակի ղեկավարությամբ)։ «Իլյուզիոն» կինոթատրոնը, որն առավել հայտնի էր երևանցիներին Ջանփոլադյանի թատրոն անվամբ, բացվեց 1907 թ. փետրվարի 20-ին։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով։ Բազմաթիվ թատերական խմբեր Թբիլիսիից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանում էին հյուրախաղերի։ 1913 թվականին Երևանում այստեղ առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլք։

1923 թ. օգոստոսին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ շենքն ազգայնացվում է և հանձնվում կարմիրբանակայիններին՝ որպես ակումբ։

Մինչև 1992 թ. եղել է ԽՍՀՄ ԶՈՒ 7-րդ բանակի Երևանի կայազորի Սպայի տուն։

1992 թվականից Հայաստանի զինված ուժերի Երևանի կայազորի Սպայի տուն։

Հայաստանի պաշտպանության նախարարի 1993 թ. նոյեմբերի 9-ի հրամանով դարձել է Հայաստանի պաշտպանության նախարարության Սպայի տուն։

2005 թվականին շենքը կառավարության կողմից ճանաչվեց հանրային գերակա շահ և քանդվեց։ Դրա տեղում այսօր գործում է «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնը։

«Պիացցա Գրանդե» կենտրոնը կառուցապատող «Ռենկո ԱրմԷսթեյթ» ՍՊԸ պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, որով պարտավորվում էր պահպանել շենքի քարերն ու որմնանկարները։ 2013 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ շենքի քարերն ու որմնանկարները անհետացել են։

Եսայի Ջանփոլադիանի կրտսեր որդու՝ Գևորգի դուստրը՝ Մագդա Ջանփոլադյանը դիմել էր քաղաքապետարան՝ Սպայի շենքին Ջանփոլադյանի հուշաքար փակցնելու խնդրանքով։ Քաղաքապետարանը հաստատել էր այդ որոշումը, սակայն շենքի քանդվելու պատճառով որոշումն ի կատար ածել չհաջողվեց։

Արտաքին հղումներ

խմբագրել