Երևանի պատմության թանգարան

թանգարան Երևանում

Երևանի պատմության թանգարան, մշակութային-պատմական թանգարան Երևանում։

Երևանի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱրգիշտի 1, Երևան, Հայաստան
Հիմնադրվել է1931
ՏնօրենԱրմինե Սարգսյան
Կայքyhm.am(հայ.)(անգլ.)(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմությանը

խմբագրել

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում՝ զբաղեցնելով երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։  Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛  առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։ Այդ ժամանակվանից սկսած թանգարանը ծավալում է ակտիվ հավաքչական աշխատանք, որի արդյունքում այսօր ցուցանմուշների թիվը  հատել է 98 000-ի սահմանը։ Միայն վերջն մի քանի տարվա ընթացքում գիտական անձնակազմի ուժերով հրատարակվել է շուրջ 20 աշխատություն, որոնցից կարելի է թվարկել հավաքածուներին նվիրված տարազի, զենքի, կահույքի, զարդերի, գորգերի, լուսանկարների, քարտեզների կատալոգները,  «Երևանի նշանավոր ընտանիքները», «Երևանը հայ երգարվեստում», «Երևանը բանաստեղծություններում»,  «Երևանի տարեգրությունը» աշխատությունները, հրավիրվել է հինգ գիտական նստաշրջան, որոնց մասնակիցների հոդվածները տպագրվել են հինգ ժողովածուով՝ «Երևան 1-5»։ Այժմ ևս շարունակվում են մայրաքաղաքին նվիրված գիտական ուսումնասիրությունները, պատմական աղբյուրների հիման վրա նորովի բացահայտելով Երևանի պատմության այս կամ այն էջը։

Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Այստեղ դուք կտեսնեք հազարամյակներով թվագրվող աշխատանքային գործիքներ, խեցեղեն անոթներ, զենքեր ու զարդեր, որոնք հիացնում են  կատարման նրբությամբ ու կատարելությամբ։ Ցուցադրվում են նաև քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերվող բացառիկ փաստաթղթեր ու լուսանկարներ, 19 -րդ դարին բնորոշ կենցաղային իրեր, տարազ, գորգեր, մակետներ և այլն։ Գիտա-ցուցադրական սրահներն ունեն հետևյալ բաժինները՝ «Երևանը հնագույն ժամանակներում և միջնադարում», «Երևանը նոր և նորագույն պատմության ժամանակաշրջաններում»։

Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնք ստեղծման պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։ Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյան, Թ. Թորոմանյան, Ն. Բունիաթյան, Մ. Մազմանյան, նկարիչներ Մ. Սարյան, Գ. Գյուրջյան, Տարագրոս, քանդակագործ Ա. Սարգսյան, գիտնականներ Ստ. Լիսիցյան, Ե. Շահազիզ, Ս. Բարխուդարյան, Բ. Առաքելյան, Թ. Հակոբյան և այլք։

Երևան քաղաքի պատմության թանգարանի կրթական ծրագրերը

Երևան քաղաքի պատմության թանգարանի կարևոր գործառույթներից մեկը կրթա-դաստիարակչական աշխատանքն է։ 2005թ.-ից սկսած թանգարանում մշակվել և իրականացվել են ժամանակի պահանջներին համահունչ տարաբնույթ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել մեր քաղաքի մշակութային ժառանգությանը, նրանց մեջ ձևավորել գեղագիտական ճաշակ, սերմանել թանգարան հաճախելու կուլտուրա և իհա՛րկե դաստիարակել արժանի քաղաքացիներ։

Հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ Երևան քաղաքի պատմությունը որպես առանձին առարկա Հայաստանի դպրոցներում չի դասավանդվում, Երևան քաղաքի պատմության թանգարանը ստանձնել է այդ բացը լրացնելու առաքելությունը։

Թանգարանը կրթական ծրագրերի շրջանակներում ավանդական էքսկուրսիաների հետ մեկտեղ տարբեր տարիքի երեխաներին առաջարկում է հետաքրքրաշարժ, ճանաչողական խաղ-էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է՝  սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ։ Փորձը ցույց է տվել, որ ուսանելու այս մեթոդն առավել ճիշտ է` նպատակին հասնելու համար։ Բոլոր խաղ-էքսկուրսիաների ավարտին մասնակիցներին խրախուսելու նպատակով թանգարանի կողմից տրվում են շնորհակալագրեր, ինչով էլ ընդգծվում  է միջոցառման կարևորությունը։

Թանգարանում արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել էքսկուրսիաներն ավարտել երդման արարողությամբ։ Քաղաքի խորհրդանիշներին (դրոշ, զինանշան, օրհներգ) ծանոթանալուց հետո երեխաները երդվում են սիրել, պահպանել ու շենացնել համայն հայության մայրաքաղաք Երևանը։

Թանգարանում մշտապես գործում են հետևյալ կրթական ծրագրերը..

«Ճանաչիʹր Երևանը»

«Գիտունիկը Երևանի պատմության թանգարանում»

«Երևանի բերդի առումը»

«Վերականգնենք միասին»                               

«Մի գորգի պատմություն»

«Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը»

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել կյանքի զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։ Ք. ա. 4-3-րդ հազարամյակներով է թվագրվում Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկը՝ Շենգավիթ բնակատեղին։ Թանգարանում պահպանվում են պեղված զարդանախշերով և արձանիկներով պաշտամունքային օջախներ, երկգույն սև և կարմիր փայլեցված խեցեղեն անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։ Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ Այն հիմանադրել է Արգիշտի առաջին արքան Ք.ա. 782թ. և կոչել էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ հնագույն անցյալի։ Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս Ք.ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Ք.ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու՝ բրոնզե գոտիներ, խեցեղեն անոթներ, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։

Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս /5-րդ դ./, Կաթողիկե Սբ. Աստվածածին /13-րդ դ./, Սբ. Հովհաննես /17-րդ դ/, Սբ. Սարգիս /17-րդ դ./ և այլ եկեղեցիներ։ Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ /1862թ./, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։ Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։ 1834թ. ռուս կայսր Նիկոլայ առաջինը ոսկե ժամացույցը /պահպանվում է թանգարանում/ նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։ Թանգարանային առարկաների մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները, որոնք նույնքան հետաքրքրաշարժ պատմություն ունեն. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը՝ Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է «Խոսք» թերթը՝ Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։

1938 թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին՝ հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, բացի գեղարվեստական բարձր արժեք ներկայացնելուց, ունեն վավերագրական մեծ նշանակություն։ Թանգարանի դրոշմանիշերի հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Առաջին Հանրապետության տարիներին։ Դրոշմանիշերը ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթը ու հոգևոր կյանքը /նկարիչ՝ Արշակ Ֆեթվաճյան/։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի՝ բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշերի հավաքածուն 1936թ. Նյու-Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։ Թանգարանի՝ այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Շարունակվում է պահպանվել և ամրապնդվել թանգարան-դպրոց կապը՝ ստանալով նոր շունչ և նոր երանգ։ Թանգարանը մշտական կապի մեջ է թե’ հնաբնակ, թե’ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։ Բացի՛ր այս դուռը, մտի’ր ներս, քո գոյությունը խառնիր քաղաքիդ անցյալ, ներկա ու գալիք պատմության ոսկե փոշուն, ապրի’ր, ապրեցրո’ւ քո մեջ հպարտությունը, որ պարզապես հայ ես, երևանցի ես...[2]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի պատմության թանգարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 565