Եսայի Ջանփոլադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եսայի Բաբայի Ջանփոլադյան (1859 - 1918), հայ բարերար, հասարակական գործիչ և առևտրական։
Եսայի Բաբայի Ջանփոլադյան | |
---|---|
Ծնվել է | Հուլիսի 30, 1859 |
Ծննդավայր | Փարչի (Պորշարուր), Հայաստան |
Մահացել է | 1918 |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Կյանքն ու գործունեությունը
խմբագրելԾնվել է 1859 թ. հուլիսի 30-ին Շարուր-Դարալագյազ գավառի Փարչի (Պորշարուր) գյուղում։ 1879 թ. ավարտել է Նախիջևանի գավառային ուսումնարանը և նույն թվականից բնակության հաստատել Երևանում։ Դեռևս 1870 թ. Եսայու հայրը՝ Բաբայը ձեռք է բերել Դարալագյազի աղի հանքերը և առևտրական գործունեություն ծավալ։
1897 թ. Եսայի Ջանփոլադյանը տեղափոխվել է Հայաստան և նույնպես սկսել զբաղվել առևտրական և հանքային գործունեությամբ։ Երևանում ստացել է առաջին գիլդիայի վաճառականի կոչումը։ Պատմաբան Թադևոս Հակոբյանն իր «Երևանի պատմությունը» բազմահատոր գրքում նշում է. «Եսայի Ջանփոլադյանի տարեկան եկամուտը կազմել է 12.000 ռուբլի, իսկ եկամուտը ունեցվածքի արժեքի 20%-ն էր։ Եսայի Ջանփոլադյանը հիմնականում առևտուր է արել Պարսկաստանի հետ։ 1900 թ., երբ պարսից շահը եկել է Երևան, շահի հատուկ հրամանագրով պարգևատրել է Ջանփոլադյանին «Առյուծ և Արև» շքանշանով՝ առևտրային բարձրակարգ գործունեության համար»[1]։
Իբրև քաղաքական և մշակութային գործիչ՝ Ջանփոլադյանը մեծապես նպաստել է Երևանի զարգացմանը։ Նույն աշխատությունում Թադևոս Հակոբյանը գրում է. «Ձիաքարշի շինարարության հարցը օրակարգի մեջ է դրվում 1890-ական թվականներին։ Քաղաքյին վարչությունը մի քանի թերթերում ազդարարում է այդ ձեռնարկման մասին։ 1897 թ. մայիսի 29-ին Ջանփոլադյանը դիմում է քաղաքային վարչությանը՝ հայտնելով, որ պատրաստ է ստանձնել Աստաֆյան փողոցում ձիաքարշ անցկացնելու գործը։ Ըստ պայմանագրի՝ նա պարտավորվում էր ձիագարշի 1-2 գիծ անցկացնել՝ մոտ 4-6 մ երկարությամբ։ Այն պետք է ձգվեր Աստաֆյանից մինչև Մանթաշ։ Ջանփոլադյանի առաջարկը չընդունվեց, սակայն ձիակառքն անցկացվեց»[1]։
1903 թ. Ջանփոլադյանը գնել է Երևանի առաջին պետական գավառական ուսումնարանի շենքը, իսկ 1906-1907 թթ. Է. Տեր-Գրիգորյանի ջանքերով այն վերակառուցվել է՝ դառնալով թատրոնի ու կինոյի շենք։ «Իլյուզիոն» կինոթատրոնը, որն առավել հայտնի էր երևանցիներին Ջանփոլադյանի թատրոն անվամբ, բացվեց 1907 թ. փետրվարի 20-ին։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով։ Հյուրախաղերի էին գալիս բազմաթիվ թատերական խմբեր Թբիլիսիից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ 1913 թվականին Երևանում այստեղ առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլք։
Եսայի Ջանփոլադյանը զբաղվել է նաև բարեգործությամբ։ Նա գումար է հատկացրել հին եկեղեցիների վերանորոգմանը (Սուրբ Խաչ եկեղեցի), հովանավորել է դպրոցներ և հիմնադրամներ, թոշակ հատկացրել կարիքավոր աշակերտներին, աջակցել է «Նոր մամուլ» պարբերականի և «Կռան» գրակական-հասարակական ամսագրի հրատարակությանը։ Ակտիվ է եղել նաև քաղաքական կյանքում։ 1915-1916 թթ. ընտրվել է համահայկական առաջին համագումարի պատգամավոր և Սանկտ Պետերբուրգում մասնակցել դրա աշխատանքներին։ Համագումարի հիմնական խնդիրներից էր գաղթական հայերի համար օգնություն կազմակերպելը։ Վերադառնալով Հայաստան՝ Էջմիածնում հանդիպել է Եղեռնից փրկվածների հետ, իր հնարավորությունների սահմաններում ապահովել նրանց բնակարանով և աշխատանքով։ Գաղթականներից մի քանիսին էլ բնակեցրել է իր տանը։ Մահացել է 1918 թվականին՝ 59 տարեկան հասակում՝ բծավոր տիֆից։
Տոհմի պատմությունը
խմբագրելՋանփոլադյանների տոհմը սերում է Սալմաստ գավառի Դիլման գյուղից։ Տոհմի հիմնադիրներից մեկը՝ Հովհաննես Մանուկյանը, ֆիզիկական մեծ ուժի տեր մարդ էր, ում գերբնական հնարավորություններով ժամանակին հիացել է խանը և նշանակել նրան զորապետ։ Խանը հաճախ կրկնում էր, որ Հովհաննես Մանուկյանի «ջանը փոլադ է» (մարմինը պողպատից է)։ Հետագայում Հովհաննեսը փոխում է իր ազգանունը և դարձնում Ջանփոլադյան։ Խանը, սակայն, բռնի կերպով տանում է նրա աղջկան հարեմ։ 1878 թվականին՝ Ռուս-թուրքական պատերազմից հետո Հովհաննեսի ընտանիքը տեղափոխվում է Արևելյան Հայաստան և հաստատվում Դարալագյազի Սոյլան գյուղում։ Հովհաննեսի որդին՝ Մանուկը Դարալագյազում պատահաբար հայտնաբերում է հանքեր և դրանք դառնում են Ջանփոլադյանների հարստության սկիզբը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Թադևոս Հակոբյան, «Երևանի պատնությունը»
- ru.hayazg.info Джанполадян Есай Бабаевич [1]
- «Երևան» ծրագիր Արխիվացված 2014-09-01 Wayback Machine