Կեմենի ճիպոտանման

բույսերի տեսակ
Կեմենի ճիպոտանման
Կեմենի ճիպոտանման
Կեմենի ճիպոտանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Genisteae
Ցեղ Կեմենի (Spartium)
Տեսակ Կեմենի ճիպոտանման (S. junceum)
Միջազգային անվանում
Spartium junceum

Կեմենի ճիպոտանման (լատին․՝ Spartium junceum), բակլազգիների ընտանիքի, կեմենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

 
Կեմենի ճիպոտանման ծաղկաբույլը

Ճիպոտանման թուփ է՝ մինչև 3,5 մ բարձրությամբ, հազվադեպ աճում է ծառանման, հասնելով մինչև 5 մ-ի։ Առանցքների վրա կեղևը մոխրադարչնագույն է, ուղիղ, դեպի վեր ուղղված, նուրբ ակոսավոր, կանաչավուն ընձյուղներով, որոնք երրորդ տարում գորշանում են։ Բողբոջները մեկը մյուսից հեռու են գտնվում, իլիկանման են, աղվամազապատ, ծածկված տերևների հիմքով։ Տերևադասավորությունը հերթադիր է, խիստ նոսր։ Տերևները թափվում են դեռ գարնանը, պարզ են, ամբողջական, գծանշտարաձև կամ երկարավուն, հակառակ ձվաձև 1—2,5 (երբեմն' 4) սմ երկարությամբ և 1—5 (երբեմն՝ 12) մմ լայնությամբ, մերկ, կոշտ, պարզ արտահայտված կենտրոնական ջիղով, կապտականաչ, նստադիր կամ կարճակոթունավոր, առանց տերևակիցների։ Երբեմն տերևաթիթեղը ապաճման է ենթարկված լինում։ Ծաղկաբույլերը գտնվում են ընթացիկ տարվա ընձյուղների վրա, գագաթնային են, նոսր, 30—45 սմ երկարությամբ ողկույզներ են։ Առանձին ծաղիկները ունեն 2,5—3 սմ երկարություն, բուրումնավետ, կարճ ծաղկակոթունով, առանց տերևակիցների։ Բաժակը թաղանթանման է, փոքր-ինչ փքված, թեթևակի երկշուրթ, հետագայում՝ միաշուրթ, 5 կարճ ատամիկներով։ Պսակը ոսկեդեղին է, առագաստը հակառակ ձվաձև է, կամ համարյա կլորավուն, ինչպես թևերը, կարճ եղունգով, նավակը սրածայր է, ավելի մուգ գունավորմամբ, առէջների թելիկները սերտաճած են պսակաթերթիկների եղունգների հետ, պտղակիրը մազմզուկապատ է, սռնակը մերկ է, ավելի երկար, քան առէջները, սերմնարանը նստադիր է։ Ունդերը թույլ համրիչաձև են, տափակ, գծանման, 5—7 (երբեմն՝ 10) սմ երկարությամբ և 0,5—0,6 (երբեմն՝ 1 ) սմ լայնությամբ, սևադարչնավուն, այս կամ այն չափով խիտ աղվամազապատ, բազմասերմ։ Սերմերը ոսպանման են, 0,3—0,4 սմ տրամագծով կարմրա կամ դեղնադարչնագույն, փայլուն։ Ծաղկում է մայիսին, հուլիսին (մինչև սեպտեմբեր), պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Միջերկրածովյան (ավելի հաճախ` արևմտյան) մարզում, Կանարյան կղզիներում։ Աճում է մակվիսում, ընդհուպ մինչև Ալպերի նախալեռները, սովորաբար, կիր պարունակող հողերում։ Բազմանում է սերմերով և կանաչ կտրոններով։ Ջերմասեր է, երաշտադիմացկուն, ցրտադիմացկուն։ Լավ է աճում արևոտ, լուսավոր, լավ դրենաժի ենթարկվող հողերում։ Առանձնապես դեկորատիվ է ծաղկման շրջանում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ծաղիկների գույնով (սպիտակ դեղնավուն), լիաթերթիկությամբ և տերևների ձևով։

Կիրառություն խմբագրել

Մեր հանրապետության պայմաններում հնարավոր է մշակել միայն ցածրադիր գոտու չոր, քարքարոտ լանջերում, ծովի մակերևույթից մինչև 800—1000 մ բարձրությունների վրա (Զանգեզուր, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Արարատյան դաշտի պայմաններում կարելի է մշակել միայն տաք միկրոշրջաններում, ծովի մակերևույթից մինչև 1 000 մ բարձրությունների վրա։ Մինչև 1960-ական թվականները մշակվել է Երևանի կանաչ գոտում և բուսաբանական այգում, սակայն 1963-1964 թվականի դաժան ու երկարատև ձմռան ընթացքում բոլոր բույսերը լրիվ ոչնչացել են։ Ներկայումս մասսայական կարգով մշակվում է Իջևանի, Նոյեմբերյանի,Շամշադինի ու Թումանյանի շրջանների ցածրադիր գոտու պայմաններում։ Էկոլոգիական խումբը` III[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 38։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեմենի ճիպոտանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեմենի ճիպոտանման» հոդվածին։