Բակլայիններ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Rudd, 1968
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թիթեռնածաղկավորների (լատին․՝ Papilionaceae կամ Faboideae) ենթաընտանիքում հաշվում են մոտ 12000 տեսակ, որոնք տարածված են ամբողջ երկրագնդով մեկ։ Այս ընտանիքի ներկայացուցիչները արտաքին տեսքով շատ բազմազան են՝ ծառեր (սպիտակ ակացիա Robinia pseudoacacia), թփեր (դեղին ակացիա Caragana arborescens), բայց մեծ մասամբ՝ խոտաբույսեր։

Ձևաբանություն

խմբագրել

Սակայն, չնայած արտաքին տեսքի այս բազմազանությանը, թիթեռնածաղկավորների ծաղիկները կառուցվածքով նման են։ Դրանք ձևով անկանոն, ունեն սերտաճած 5 բաժակաթերթեր, ձևով տարբեր 5 պսակաթերթեր։ Վերին մի պսակաթերթը խոշոր է մյուսներից՝ առագաստ, 2 կողքայինը կոչվում են թիեր և 2 ստորինը մասամբ սերտաճած՝ նավակ։ Պսակը հիշեցնում է բարձրացած թևերով նստած թիթեռ, այստեղից էլ առաջացել է ընտանիքի անունը՝ թիթեռնածաղկավորներ։

Ծաղկի մեջ կա 10 առէջ՝ մեծ մասամբ մեկը ազատ և 9 սերտաճած, երբեմն բոլոր 10 առէջները լինում են սերտաճած, ինչպես օրինակ լյուպինի մոտ՝ Lupinus։ Ծաղկի մեջ վարսանդը միշտ մեկն է։ Ծաղկի այսպիսի յուրահատուկ ձևը վառ գունավորման հետ միասին լավ հարմարանք է փոշոտիչ միջատներին գրավելու համար։ Միաժամանակ ծաղիկները հաճախ հավաքաված են ողկույզ, գլխիկ ծաղկաբույլերով։ Որոշ տեսակներ՝ ցանովի ոլոռ Pisum sativus ինքնափոշոտվում են։ Ծաղկի ընդհանուր բանաձևն է՝ Ca(5) Co(2)+2+1 A(9)+1 G1։

Թիթեռնածաղկավորների պտուղը ունդ է, որն առօրյա կյանքում սխալմամբ պատիճ են անվանում։ Ունդը պատիճից տարբերվում է նրանով, որ ունդի ներսում միջնորմ չկա, սերմերն ամրանում են պտղի պատիճին։

Թիթեռնածաղկավորների տերևներն ամենից հաճախ բարդ են, հազվադեպ՝ պարզ, տերևակիցներով։ Որոշ թիթեռնածաղկավորների բարդ տերևի տերևիմների մի մասը վերածվել է բեղիկների, որոնցով ցողունները կառչում են այլ բույսերից՝ ցանովի ոլոռ Pisum sativus, տափոլոռ Lathyrus, ոլոռ Pisum։ Որպես դեկորատիվ բույս մշակվող բազմագույն լոբու Phaseolus ցողունը փաթաթվում է որևէ հիմքի շուրջը։

Թիթեռնածաղկավորների արմատային համակարգը առանցքային է։ Թիթեռնածաղկավորների արմատների առանձնահատկությունն այն է, որ դրանք սիմբիոզի՝ համաբնակության մեջ են մտնում պալարաբակտերիաների հետ։ Արմատի հյուսվածքներում այդ բակտերիաներն արագացնում են դրանց աճը և առաջացնում են տարբեր բույսերի մոտ տարբեր ձևի և չափերի պալարիկներ։ Պալարաբակտերիաները օդից յուրացնում են ազատ և իրենց կենսագործունեությամբ այն վերածում կապված ձևի։ Այդ ձևով բույսերն ազոտն օգտագործում են սպիտակուցային նյութերի առաջացման համար։ Թիթեռնածաղկավոր բույսերի այս առանձնահատկությունն ունի մեծ նշանակություն, քանի որ թիթեռնածաղկավորները կարող են աճել ազոտով աղքատ հողերում։ Մահանալուց հետո դրանք հողը հարստացնում են ազոտական աղերով, որը էական դեր է խաղում բնության և մարդու տնտեսական գործունեության մեջ։

Տնտեսական նշանակությունը

խմբագրել

Թիթեռնածաղկավորները լավ նախորդներ են ցանքաշրջանառության մեջ, իսկ լուպինը կարող է օգտագործվել որպես կանաչ պարարտանյութ. այն վարելով ամբողջությամբ ծածկում են հողով՝ վերգետնյա մասերի հետ միասին։

Թիթեռնածաղկավորները սննդի և կերի հաշվեկշռում բուսական սպիտակուցների կարևորագույն աղբյուրն են։ Դրանք սպիտակուցի մեծ տոկոս են պարունակում ոչ միայն սերմերում, այլև բույսի բոլոր մասերում։ Սննդի և կերի համար օգտագործվող հիմնական ընդավոր բույսերից են ոլոռը Pisum, լոբին Phaseolus, սոյան Glycine, բակլան Viciafaba, գետնանուշը Arachis hypogea, երեքնուկը Trifolium, կորնգանը Onobrychis, առվույտը Pisum Medicago և այլն։ Գետնանուշի և սոյայի սերմերը բացի սպիտակուցներից, պարունակում են բավական ճարպեր, որոնք օգտագործում են ինչպես սննդային, այնպես էլ տեխնիկական նպատակներով։

Դեկորատիվ թիթեռնածաղկավորներից կարելի է նշել սպիտակ ակացիան, դեղին ակացիան, գլիցինան Wistaria Nutt, որը մշակվում է հարավում, բուրավետ ոլոռը, բազմագույն լոբին, որոշ լուպիններ։ Թիթեռնածաղկավորներից շատերը լայնորեն տարածված են մարգագետիններում, անտառներում, թփուտներում և դաշտերում։ Դրանցից շատերն օգտագործվում են որպես կերաբույսեր ՝ երեքնուկ Trifolium, ոլոռ Pisum, տափոլոռ Lathyrus, եղջերառվույտ Lotus corniculatus, անապատներում գազեր Astragalus, ուղտափուշը Alhagi Kirgizorum, դեղաբույսեր՝ մատուտակ Glycyrrhiza, թերմոպսիս, մեղրատուներ՝ իշառվույտներ Melillotus։ Ամբողջական տերևներով և դեղին ծաղիկներով անտառային փոքր թուփ օրոճից Genista կարելի է ստանալ դեղին ներկ։

Պատկերներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել
 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Яковлев Г. П., Семейство бобовые (Fabaceae, или Leguminosae), Жизнь растений. В 6-ти т. под ред. А. Л. Тахтаджяна, հ. 5. Ч. 2. Цветковые растения, М. — 189—201, էջեր 189—201 — 189—201 էջ։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիթեռնածաղկավորներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիթեռնածաղկավորներ» հոդվածին։