Կարլա Ֆրաչի

բալետի իտալացի պարուհի, դերասանուհի

Կարլա Ֆրաչի (իտալ.՝ Carla Fracci, օգոստոսի 20, 1936(1936-08-20)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - մայիսի 27, 2021(2021-05-27)[5], Միլան, Իտալիա), բալետի իտալացի հայտնի պարուհի, նաև` կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։

Կարլա Ֆրաչի
իտալ.՝ Carolina Fracci
Ծնվել էօգոստոսի 20, 1936(1936-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 27, 2021(2021-05-27)[5] (84 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Մասնագիտությունբալետի պարող և պարուսույց
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՍկալա թատերական ակադեմիա և La Scala Theatre Ballet School?
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
IMDbID 0289484
 Carla Fracci Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Կարլա Ֆրաչին 20-րդ դարի իտալացի հայտնի բալերինա է, ով նկարահանվել է նաև կինոյում և հեռուստատեսությունում` որպես դրամատիկ դերասանուհի։ Ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին, Միլանում, Իտալիայում։ Պատերազմի ժամանակ ընտանիքի հետ ապրել է փոքրիկ գյուղում։ Վաղ տարիքից զբաղվել է պարերով։ 9 տարեկանից սկսել է պարել բեմում։ 1946 թվականին ընդունվել է միլանյան Լա Սկալա թատրոնի բալետի դպրոցը։ Եղել է հայտնի բալերինա Վերա Վոլկովայի աշակերտուհին։ Լա Սկալայի թատերախումբ է ընդունվել 1954 թվականին, երկու տարի հետո դարձել է բալետի մենապարուհի, իսկ 1958 թվականին ստացել է պրիմա-բալերինայի կոչում։

Ստեղծագործություն. բալետ

խմբագրել
  Արտաքին պատկերներ
  Կ. Ֆրաչին «Սիլֆիդա» բալետում
  Կ. Ֆրաչին «Ժիզել» բալետի 1-ին գործողությունում
  Կ. Ֆրաչին «Ժիզել» բալետի 2-րդ գործողությունում

Կարլա Ֆրաչին համաշխարհային ճանաչման է հասել որպես ռոմանտիկ ստեղծագործությունների կատարող, նրա լավագույն կատարումներն են համարվում դերերը «Սելֆիդա» և «Ժիզել» բալետներում։ Կարլա Ֆրաչիի կողմից կերտված Ժիզելի կերպարը մնացել է կինոժապավենի վրա։ 1969 (1970) թվականին նկարահանվել է «Ժիզել» ֆիլմ-բալետը (Գերմանիա-ԱՄՆ), որտեղ Կարլան պարում է Էրիկ Բրունի հետ։ Պահպանվել է նաև «Ժիզել» թատերական ներկայացման ձայնագրությունը (1980), որտեղ Կարլա Ֆրաչին պարում է Ռուդոլֆ Նուրեևի հետ։ Հաջողությամբ է կատարել նաև դերերը «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհին», «Ռոմեո և Ջուլիետ», «Մոխրոտիկը», «Ֆրանչեսկա դա Ռիմինի», «Դոն Ժուան» բալետներում։ Պարել է աշխարհի մի շարք մեծ բեմերում, այնպիսիք, ինչպիսիք են Կովենտ-Գարդեն արքայական թատրոնը (1959), Լոնդոն Ֆեստիվալ բալետը (1959 և 1962 թվականներ), Շտուտգարտսկի բալետը (1965), Ամերիկյան բալետի թատրոնը (1967), Շվեդական արքայական բալետը (1969)։ Նրա խաղընկերներն են եղել Էրիկ Բրունը, Ռուդոլֆ Նուրեևը, Միխայիլ Բարիշնիկովը, Վլադիմիր Վասիլևը, Ալեքսանդր Գոդունովը, Անդրիս Լիեպան, Ռոբերտո Բոլեն և այլն։ Բալերինայի տաղանդն ի հայտ է եկել ոչ միայն դասական խաղացանկում։ Ժամանակակից խորեգրաֆների աշխատանքներից կարելի է առանձնացնել Կարլա Ֆրաչիի դերերը Է. Բրունի, Ջ. Կրանկոյի (Ջուլիետա) Ջ. Բատլերի (Դեզդեմոնա և Մեդեա), Լ. Գայի և Բ. Մենեհատիի բեմադրություններում։ Նաև պարել է Նինա Զարեչնայայի դերը «Ճայը» բալետում (ըստ Ա. Չեխովի պիեսի), որն ստեղծել է բացառապես իր համար, բալետի երաժշտությունը գրել է «Սանտա Չեչիլիա» ակադեմիայի շրջանավարտ և լեգենդար Ալֆրեդո Կազելիի աշակերտ կոմպոզիտոր Ռոման Վլադը։ Տիկին Ֆրաչին հայտնի է նաև որպես Համլետի դերը կատարած աշխարհում միակ բալերինա։ Շոստակովիչի երաժշտությամբ բեմադրված բալետում, ինչպես Շեքսպիրի ժամանակներում, բեմում միայն տղամարդիկ էին։ Միակ կինը, այն էլ` տղամարդու դերում, Կարլա Ֆրաչին էր։ Կարլա Ֆրաչիի մտահղացմամբ Հռոմի օպերայի թատրոնի բեմում վերածնվել է Գլիերի «Կարմիր կակաչ» բալետը, որտեղ ժամանակին փայլուն հանդես է եկել բալերինա Գալինա Ուլանովան և որտեղ Կարլա Ֆրաչին կատարել է դերերից մեկը։

Դրամատիկական թատրոն, կինո, հեռուստատեսություն

խմբագրել

Կարլա Ֆրաչին խաղացել է դի Սան Կարլո դրամատիկական թատրոնում` Ֆիլիպո դե Էդուարդոյի «Ֆիլումենա Մորտուրանո» պիեսում խաղալով գլխավոր դերը։ 1980 թվականին նկարահանվել է «Նիժինսկի» գեղարվեստական կենսագրական ֆիլմում` խաղալով ռուս բալերինա Թամարա Կարսավինայի դերը։ 1981 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մաուրո Բոլոնինիի «Կամելիազարդ տիկինը» ֆիլմում` խաղալով Մարգարիտ Գոթիեի դերը։ 1982 թվականին խաղացել է Ջուզեպինա Ստրեպոնիի դերը բազմասերիանոց գեղարվեստական հեռուստատեսային ֆիլմում, որը պատմում է Ջուզեպպե Վերդիի կենսագրությունը[6]։ Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է աշխարհի մի շարք երկրներում, թողարկվել է տեսաերիզով։

Ուշ տարիներ

խմբագրել

1988 թվականին, 52 տարեկան հասակում, դադարել է պարել և շարունակել է ուսուցչի, բեմադրիչի ու գեղարվեստական ղեկավարի աշխատանքը։ 1990-1991 թվականներին բալետի խումբ է ղեկավարել Նեապոլում, իսկ 1995-1997 թվականներին` Վերոնայում։ 1995 թվականին Կարլա Ֆրաչին իր վրա է վերցրել Արենա դե Վերոնա թատերախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը, իսկ 2001 թվականից Հռոմի օպերային թատրոնի բալետի խմբի տնօրենն է։ Կարլա Ֆրաչիի անունը հայտնի է ոչ միայն բալետի գիտակներին ու երկրպագուներին. արդեն մի քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում հաջողությամբ վաճառվում է «Carla Fracci» օծանելիքը։ Ընկերությունը, որի հետ համագործակցում է Ֆրաչին, գոյություն ունի 1983 թվականից և աշխատում է օծանելիքի ստեղծման ավանդական մեթոդներով։ Բույրերի անվանումները Ֆրաչին ինքն է ընտրում` հիմնվելով սեփական զգացողությունների վրա` հաճախ անվանելով դրան այն հերոսների անուններով, որոնց դերերն ինքն է կատարել։ Այդպես հայտնվել են «Ժիզել», «Օդետա», «Մեդեա», «Սալոմեա», «Համլետ», «Carla Fracci» օծանելիքի շարքը։

2004 թվականի հոկտեմբերի 15-ին Կարլա Ֆրաչին նշանակվել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող, քաղցի դեմ պայքարող Արտադրական ու գյուղատնտեսական կազմակերպության բարի կամքի դեսպան։ Այժմ բալերինան Ֆլորենցիայի քաղաքապետարանի մշակույթի գծով խորհրդական է և ակտիվորեն զբաղվում է լուսավորչական գործունեությամբ։ 2013 թվականին հրատարակվել է նրա «Քայլ առ քայլ. իմ պատմությունը» (իտալ.՝ Passo dopo passo. La mia storia) ինքնակենսագրական գիրքը։

Ընտանիք

խմբագրել

17 տարեկանում Կարլա Ֆրաչին ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ, ով այդ ժամանակ 25 տարեկան էր։ 1964 թվականի հուլիսին նրանք ամուսնանում են Ֆլորենցիայում։ Կարլա Ֆրաչին ու նրա ամուսինը` իտալացի հայտնի պրոդյուսեր Բեպե Մենեգատին միասին են ապրում արդեն 50 տարի։ Նրանք ունեն մեկ որդի և երկու թոռ։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • 1983 թվական, հունիսի 1 - Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար
  • 2000 թվական, փետրվարի 25 - Ոսկե մեդալ Իտալիայի մշակույթի և արվեստի զարգացման մեջ ավանդի համար
  • 2003 թվական, հոկտեմբերի 20 - Մեծ խաչի տիկին, Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար
  • 2017 թվականին բալերինայի պատվին անվանակոչվել է (65785) Կարլաֆրաչի աստերոիդը։

Ֆիլմեր

խմբագրել
  • 1969 - «Ժիզել», Ժիզել
  • 1980 - «Ժիզել», Ժիզել
  • 1980 - «Նիժինսկի», Թամարա Կարսավինա
  • 1981 - «Կամելիազարդ տիկինը», Մարգարիտ Գոթիե
  • 1982 - «Ռոմեո և Ջուլիետ», Ջուլիետ
  • 1982 - «Ջուզեպպե Վերդիի կյանքը», Ջուզեպինա Ստրեպոնի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 El Periódico de Catalunya (կատ.)Barcelona: 1978.
  6. ««Ջուզեպե Վերդիի կյանքը» ֆիլմի պատկերասրահը ivid.it կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլա Ֆրաչի» հոդվածին։