Կայսերական տաճարներ (գերմ.՝ Kaiserdom), Հռոմեական Սրբազան կայսրության տիրակալների անմիջական հովանավորությամբ կառուցված ռոմանական տաճարներին տրվող ավանդական անուն։ Տաճարին կից սովորաբար կառուցել են արքայական պալատ։ Այդպիսի տաճարը մեխանիկորեն դարձել է եպիսկոպոսական նստավայր։

Շպայերի տաճար

Կայսերական տաճարներին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ունեցել են երգչախմբի համար նախատեսված երկու վերնասրահ նավի սկզբում և վերջում։ Լրացուցիչ վերնասրահը նախատեսված է եղել կայսրի և նրա ընտանիքի համար։ Այդպիսով` կայսեր իշխանությունը հավասարվել է Աստծո իշխանությանը, իսկ վերնատները խորհրդանշել են Աստծո և կայսեր իշխանության որոշակի տարբերությունը։

Հռենոսյան տաճարներ խմբագրել

Կայսերական առաջին տաճարը եղել է Շպայերի տաճարը, որի շինարարությունն սկսվել է 1030 թվականին Կոնրադ II կայսեր պատվերով։ Այն պետք է դառնար Սալյան արքայատոհմի տոհմական հանգստարանը։ Տաճարը վերակառուցվել է Հենրի IV-ի օրոք, իսկ 1082-1104 թվականին ավելացվել են կամարներ։

Հենրի IV-ի օրոք, բացի Շպայերի տաճարից, կայսերական տաճարի տիտղոս են ստացել ևս երկուսը` Մայնցի և Վորմսի տաճարները։ Մայնցի տաճարը կառուցվել է արքայի անմիջական հսկողությամբ, իսկ Վորմսի տաճարը կայսերական տաճարների շարքին է դասվել իր շքեղության և հանդիսավորության շնորհիվ։ Բոլոր երեք տաճարները գտնվել են Հռենոսի շրջակա քաղաքներում, ինչի համար դրանք երբեն կոչվում են «Հռենոսյան կայսերական տաճարներ»։

Այլ տաճարներ խմբագրել

Կայսերական տաճարների կառուցումը չի սահմանափակվել արդեն եղածներով։ Հենց «Կայսերական տաճար» անվանված հերթական տաճարը կառուցվել է Քյոնիգսլուտերում Լոտար II կայսեր հովանավորությամբ։ Հենրի II Սրբակյաց կայսեր օրոք կառուցվել է Բամբերգի տաճարը, որտեղ իր մահից հետո արքան դասվել է սրբերի կարգը։ Կայսերական են համարվել նաև Աախենի և Ֆրանկֆուրտի տաճարները, քանի որ այնտեղ կատարվել են արքաների օծման արարողություններ։

XII դարից հետո կառուցված տաճարները չունեն այն հանդիսավորությունը, ինչ դրանց նախորդները։ Այսպես` Պրահայի Սուրբ Վիտուսի մայր տաճարը, կառուցված լինելով Կառլոս IV կայսրի կողմից, հռչակվել է կայսրության գլխավոր տաճար, սակայն այն երբեք չի համարվել «կայսերական»։

Տաճարների ցանկ խմբագրել

Պատկեր Անվանում Նշանակություն
  Աախենի տաճար Տաճարը հիմնվել է Կառլոս Մեծի պալատի հարևանությամբ գտնվող Պալատինյան մատուռի մոտ։ 936-1531 թվականներին Աախենի տաճարում կատարվել են գերմանացի արքաների թագադրման արարողություններ։
  Շպայերի տաճար Սալյան արքայատոհմի հովանավորությամբ կառուցված տաճար, նրանց հանգստարանը։
  Մայնցի տաճար Կառուցվել է Հենրի IV արքայի հովանավորությամբ։ Տաճարի տեղում գտնվող նախկին եկեղեցում թագադրվել են Հենրի II (1002) և Կոնրադ II (1024) արքաները։
  Վորմսի տաճար Այստեղ են կայսր Հենրի V-ը և Հռոմի Կալիքստոս պապը կնքել Վորմսի համաձայնագիրը։
  Բամբերգի տաճար Կառուցվել է Հենրի II Սրբագործի և նրա կնոջ` Կունիգունդա Լյուքսեմբերգցու նախաձեռնությամբ, որտեղ էլ թաղվել են հետագայում։
  Ֆրանկֆուրտի տաճար Ներկայիս տաճարի տեղում նախկինում եկեղեցի էր հիմնել Լյուդովիկոս I-ը։ Ոսկե բուլլայի համաձայն` 1376 թվականին տաճարում տեղի է ունեցել Գերմանիայի արքայի ընտրություն։ 1531 թվականից այստեղ կատարվել են արքայի, իսկ 1562 թվականից` հռոմեա-գերմանական կայսրերի թագադրման արարողություններ։
  Քյոնիգսլութերի տաճար Հիմնել է Լոտար II կայսրը։ Այստեղ է գտնվում այդ միապետի դամբարանը։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական տաճարներ» հոդվածին։