< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Քարվաճառ (նախկինում նաև Քարավաճառ, բնակավայրի ադրբեջանական անունը Քելբաջար է), քաղաք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի վարչական կենտրոնը։

5-ից 16-րդ դարերում բնակավայրն ունեցել է գյուղի կարգավիճակ և կոչվել Քարվաճառ, որտեղ բնակվել են հայեր։ 1812 - 1920 թվականներին այնտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից տեղանունը աղավաղվել է և բնակավայրը սկսել է կոչվել Քյարվաջար, զուգահեռաբար 19-րդ դարից՝ Քյալբաջար։ Խորհրդային տարիներին բնակավայրը սկսել է կոչվել Քելբաջար։ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո, երբ բնակավայրը ներառվեց Արցախի Հանրապետության կազմում, սկսեց կրկին կոչվել Քարվաճառ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիները շարունակել են կոչվել Քելբաջար։

Արցախի Հանրապետության Քարվաճառ համայնքը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 125 կմ հեռավորության վրա։ Քարվաճառ համայնքի սահմանային գոտով հոսում է Թարթառ գետը։ Բնակավայրը գետի ափից բարձր է գրեթե 180 մ, իսկ ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1600 մ է։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով վարչական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան։

Քարվաճառ քաղաքի հարակից լեռներն ու ձորերը մեծամասամբ ծածկված են եղել անտառներով։ Քաղաքի արևմտյան կողմում՝ ձորալանջը կազմված է եղել բազալտե ժայռերից և բազալտե երգեհոն հիշեցնող սյուներից, որտեղ առկա են բազմաթիվ քարանձավախորշեր։ Հարակից ձորում է գտնվում շրջանի հանքային տաք ջրերի աղբյուրներից մեկը... Ավելին