< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կոննի Գիլքրիստ (անգլ.՝ Connie Gilchrist, բեմական անուն, որով լայն ճանաչման է հասել Կոնստանս Մաքդոնալդ Գիլքրիստը (անգլ.՝ Constance Macdonald Gilchrist)), բրիտանացի բնորդուհի, որը մանուկ և պատանի հասակում կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի, Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի, Ջոն Լավերիի, Ջորջ Ֆրենսիս Մայլզի, Ֆրենկ Մոնտեգյու Հոլլի, Ուիլյամ Փաուել Ֆրայթի համար, ֆոտոմոդել, դրամատիկական և երաժշտական թատրոնի դերասանուհի, մնջախաղ կատարող, բուռլեսկի պարուհի, գրող Լուիս Քերոլի մուսան 1877-1878 թվականներին, հետագայում՝ անգլիացի արիստոկրատ, Օրքնի 7-րդ կոմս Էդմոնդ Ուոլթեր Ֆիցմորիսի կինը (1892 թվականից)։

«Նրա գծերը ինչ-որ ձևով գրավել էին վիկտորյականների երևակայությունը»,- պնդել է Գիլդհոլլ պատկերասրահի ֆոնդապահ Քեթի Փիրսը։ Նկարների մի ամբողջ շարք, որոնց համար Գիլքրիստը, լինելով աղջնակ, կեցվածք էր ընդունել, 2018 թվականին ներկայացվել են Լոնդոնում անցկացված ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր վիկտորյական Մեծ Բրիտանիայի երեխաներին։ Կոննի Գիլքրիստի կենսագրությունը հետաքրքրել է բրիտանական և ամերիկյան «The Daily Mail», «The Guardian», «Smithsonian» խոշոր լրատվամիջոցներին։ Նրա ճակատագրին են նվիրված Ռոյալ Հոլոուեյ համալսարանի վիկտորյական գրականության պրոֆեսոր Էնն Վարթիի մենագրության խոշոր բաժիններ (գիրքը 19-րդ դարի երկրորդ կեսին թատերական բեմում գտնվող երեխաների մասին էր), Սուրբ Մարիամ համալսարանի արվեստի ֆակուլտետում դասավանդող փիլիսոփայության դոկտոր Մարգարեթ Մաքդոնալդի հոդվածներ (Մեծ Բրիտանիայում 2001 թվականին լույս տեսած տեղեկագրքում, որը պարունակում էր մոդել-դերասանուհիների կենսագրություններ)։ Ավելին