< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կոլորիզմ (անգլ.՝ colorism), մաշկի մուգ երանգով անձանց նկատմամբ խտրականություն, որը հիմնականում դրսևորվում է միևնույն էթնիկ կամ ռասայական խմբի մարդկանց շրջանում։ Որպես կանոն՝ ավելի բաց մաշկ ունեցող մարդիկ ունենում են էական արտոնություններ, որոնք նախկինի պես անհասանելի են մուգ մաշկ ունեցող մարդկանց։ Կոլորիզմը տարածված է Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայում։

Մաշկի առավել մուգ երանգ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության առաջին դրսևորումները գրանցվել են հին ժամանակներում, երբ ասիական երկրներում (Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Մալայզիա, Ֆիլիպիններ և այլն) բաց մաշկն ասոցացվել է ազնվական ծագման հետ։ Այդ ժամանակ բանվորներն ամբողջ օրվա ընթացքում աշխատում էին արևի տակ՝ փողոցում, իսկ վերնախավն արևից թաքնվելու հնարավորություն էր ունենում, ինչի շնորհիվ նրանց մաշկը նկատելիորեն ավելի բաց երանգ էր ունենում, քան գյուղացիների մաշկը։ Բաց մաշկն ասոցացվել է կանանց գեղեցկության հետ, այդ պատճառով ազնվական կանայք իրենց դեմքն առատորեն ծածկում էին սպիտակ դիմափոշով (օրինակ՝ Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում): Այսօր Ասիայի երկրներում թուխ մաշկի նախապաշարմունքներն առաջվա պես հարստացնում են գեղեցկության իդեալների վերաբերյալ արևմտյան գաղափարները։

Արևմտյան կոլորիզմի արմատները ձգվում են մինչև գաղութացման շրջան, երբ իշխում էր սպիտակամորթների ռասայական գերակշռության գաղափարը: Մուգ մաշկն ասոցացվել է իռացիոնալության, վայրենության, թերարժեքության և այլանդակության հետ, իսկ եվրոպական արտաքինը (սպիտակ մաշկ, ուղիղ և բաց գույնի մազեր և աչքեր)՝ վեհանձնության, գեղեցկության, գերազանցության հետ։ Այս մտածելակերպն էլ դարձել է կոլորիզմի հիմքը։

Մաշկի գույնի խտրականությունը Միացյալ Նահանգներում առաջին անգամ ի հայտ է եկել լատինամերիկացիների և աֆրոամերիկացիների շրջանում՝ գաղութացման և ստրկատիրության ժամանակ՝ մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմը։ Սպիտակամորթ ստրկատերերն ավելի բաց մաշկ ունեցող ստրուկներին (նրանք երբեմն ստրկատերերի և նրանց ստրուկների ապօրինի զավակներ էին) տալիս էին մեծ արտոնություններ, ինչպիսիք են ոչ թե դաշտային, այլ տնային աշխատանք կատարելու, սովորելու, կարդալու և հազվադեպ նույնիսկ ստրկությունից ազատվելու հնարավորությունները: Ստրկության վերացումից հետո նույնպես շարունակվել է մարդկանց առանձնացումն արտոնյալ և ոչ արտոնյալ խմբերի՝ ըստ մաշկի երանգի։

Կա վարկած, որ կոլորիզմն առաջացել է դեռևս մինչև գաղութացումը։ «Շեյդիզմ» վավերագրական ֆիլմի (անգլ.՝ shade-ստվեր) հերոսուհիներից մեկը՝ Շրի Լանկա կղզու բնակիչ երիտասարդ կինը, պարզաբանում է, որ կոլորիզմն առաջացել է Հնդկաստանում: Հին հնդկական էպոսի՝ Ռամայանայի տեսարաններից մեկում ներկայացված է Հյուսիսի ազնվական տոհմից սերող սպիտակամորթ արքայի մենամարտը Հարավի սևամորթ թագավորի հետ, որն ասոցացվում է չար ուժերի հետ։

«Կոլորիզմ» եզրույթը նույն ռասայի մարդկանց ուղղված կանխակալ վերաբերմունք է, որը հիմնված է բացառապես նրանց մաշկի գույնի վրա։ Այն ի հայտ է եկել աֆրոամերիկացի գրող և հասարակական գործիչ Էլիս Ուոկերի շնորհիվ, որն առաջին անգամ այն օգտագործել է 1983 թվականին հրատարակված «Մայրական այգիների փնտրտուքում. Կնոջ արձակը» հրապարակախոսությունում: Նա կոլորիզմը բնորոշել է որպես չարիք, հիվանդություն, որը պետք է կանգնեցնել և աֆրոամերիկացիներին հնարավորություն տալ ապրել ու զարգանալ նախապաշարմունքներից դուրս․․․ Ավելին