Կալիստոս II
Կալիստոս II (լատին․՝ Calixtus, Callistus PP. II; աշխարհիկ անունը՝ կոմս Գվիդո կամ Գի Բուրգունդացի, ֆր.՝ Gui, Guy de Bourgogne; մոտ 1065[4], Quingey, County of Burgundy, Սրբազան Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 13, 1124[1][2][3][…], Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 1119 թվականի փետրվարի 2-ից մինչև 1124 թվականի դեկտեմբերի 13-ը[5]։
Կալիստոս II լատին․՝ Calixtus, Callistus PP. II | ||
| ||
---|---|---|
2 փետրվարի 1119 թվական — 13 դեկտեմբերի 1124 թվական | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Գելասիոս II | |
Հաջորդող | Ոնորիոս II | |
Մասնագիտություն | դիվանագետ, կաթոլիկ քահանա, գրող և կաթոլիկ եպիսկոպոս | |
Ծննդյան անուն | կոմս Գվիդո կամ Գի Բուրգունդացի | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
ֆր.՝ Gui, Guy de Bourgogne | |
Ծնունդ | մոտ 1060 թվական Կենժե, Ֆրանսիա | |
Մահ | դեկտեմբերի 13, 1124[1][2][3][…] Հռոմ, Իտալիս | |
Թաղված է | Լաթերանյան բազիլիկ եկեղեցի | |
Դինաստիա՝ | Anscarids | |
Հայր | William I, Count of Burgundy?[4][1] | |
Մայր | Stephanie of Burgundy?[4][1] | |
| |
Վաղ տարիներ
խմբագրելԳին Բուրգունդիայի կոմս Գիլիոմ I Մեծի չորրորդ որդին էր և Լուի VI Ֆրանսիացու մոտ բարեկամը, Իտալիայի թագավոր Արդուինի հորեղբոր տղան։ Նրա քույրը՝ Գիզելան ամուսնացած էր Սավոյայի կոմս Հումբերտ II-ի, հետո՝ Ռանիերի Մոնֆերատսկու հետ։ Մյուս քույրը՝ Մոդը, Բուրգունդիայի դուքս Էդա I-ի կինն էր։ Նրա եղբայր Ռայմունդ Բուրգունդացին ամուսնացած էր Ուռակայի հետ, ով Լեոնի ժառանգորդուհին էր, նա նաև ապագա արքա Ալֆոնսո VII Լեոնացու հայրն էր։ Նրա եղբայրը Հուգոն Բեզանսոնի արքեպիսկոպոսն էր[6]։
Վիեննայի արքեպիսկոպոս
խմբագրել1088 թվականին Գին նշանակվում է Վիեննայի արքեպիսկոպոս և այդ կարգավիճակում մասնակցում է ինվեստիտուրայի դեմ մղվող պայքարին։ Որպես արքեպիսկոպոս նա նշանակվում է Պասքալիս II պապի լեգատ Ֆրանսիայում։ Պասքալիսը Սրբազան Հռոմեական կայսրության կասր Հենրիխ V-ի ճնշմամբ 1111 թվականին հրաժարվում է պապական առանձնաշնորհների մեծ մասից, որոնք ձեռք էր բերել Գրիգորիոս VII-ը։ Գին իր հարազատների հետ Բուրգունդիայում և Ֆրանշ Կոնտեում ղեկավարել է կայսեր դեմ պայքարող պապական ընդդիմությունը։
Վերադառնալով Ֆրանսիա՝ Գին Վիեննայում անհապաղ ֆրանսիական և բուրգունդական եպիսկոպոսների ժողով հրավիրեց, ուր որպես հերետիկոսություն դատապարտվեցին հոգևորականության ձեռնադրության հետ կապված կայսրական հավակնությունները, իսկ Հենրիխ V-ը բանադրվեց, որովհետև նա բռնությամբ զիջումներ էր շորթել Տոնացուցակից։ Ժողովում ընդունված որոշումները ուղարկվեցին պապին՝ դրանք հաստատելու խնդրանքով. պապը դրանք ստացավ 1112 թվականի հոկտեմբերի 20-ին[7]։
Պապություն
խմբագրելՀենրիխ V-ի և Պասքալիս II-ի միջև դաժանագույն բախման ժամանակ Գալասիոս II հռոմեական պապը ստիպված եղավ փախչել Հռոմ։ Արդյունքում Գալասիոսը մահացավ Կլյունի աբբայությունում, 1119 թվականի հունվարի 29-ին։ Այստեղ էլ արքեպիսկոպոս Գի Բուրգունդացին, ով անգամ կարդինալ չէր, 1119 թվականի փետրվարի 2-ին ընտրվեց պապ։ Ընտրություններին մասնակցեցին իննը կարդինալներ։ Մեծ թվով մնացյալ կարդինալները գտնվում էին Հռոմում[8]։ Նա որպես Կալիստոս II ձեռնադրվեց Վիեննայում 1119 թվականի փետրվարի 9-ին։
Սկզբնապես թվում էր, թե նոր պապը պատրաստ է բանակցելու Հենրիխ V-ի հետ, ով Ստրասբուրգում ընդունել էր պապական դեսպաններին և հրաժարվել էր աջակցել Հռոմում գահ բարձրացած Գրիգորիոս VIII հակապապին։ Որոշվեց, որ պապը և կայսրը պետք է հանդիպեն Շատո-դե Մուսոնում, ոչ հեռու Ռեյմսից, և հոկտեմբերին Կալիստոսը Ռեյմսում, Լուի VI-ի և Ֆրանսիայի բարոնների մեծամասնության, ինչպես նաև ավելի քան չորս հարյուր եպիսկոպոսների և ավագերեցների մասնակցությամբ ժողով հրավիրեց։ Հենրիխ V-ը անձամբ ժամանեց Մուսոն, բայց՝ ոչ միայնակ, ինչպես նախատեսվել էր, այլ՝ ավելի քան երեսուն հազարանոց բանակով։
Կալիստոս II-ը, վախենալով, որ այդ ուժը, հավանաբար, կօգտագործվի ճնշում գործադրելու նպատակով, մնաց Ռեյմսում։ Այստեղ նա համառորեն փորձում էր հաշտեցնել եղբարներ Հենրիխ I Անգլիացուն և Նորմանդիայի դուքս Ռոբերտ II-ին։ Այդ ընթացքում ժողովը որոշումներ կայացրեց ընդդեմ ինվեստիտուրայի և սիմոնիայի։ Քանի որ ոչ մի փոխզիջում չկայացավ պապի և կայսեր միջև, 1119 թվականի հոկտեմբերի 30-ին Հենրիխ V-ը և նրա հակապապը հրապարակավ բանադրվեցին[7]։
Վերադառնալով Իտալիա, ուր Գրիգորիոս VIII-ին Հռոմում աջակցում էին կայսրական ուժերը և կայսեր իտալացի դաշնակիցները, Կալիստոս II-ը կարողացավ գահի համար պայքարում առաջնություն շահել։ Նորմանական իշխանների օգնությամբ նա պաշարեց Սուտրի քաղաքը, որտեղ գտնվում էր հակապապը, և հարկադրեց քաղաքի բնակիչներին վերջինիս հանձնել իրեն. նրան բանտարկեց Սալեռնոյին մոտակա բանտում, իսկ հետո՝ Ֆումո ամրոցում[9]։
Sicut Judaeis
խմբագրել1120 թվականին Կալիստոս II-ը արձակեց պապական Sicut Judaeis («Հրեաների մասին») բուլլան, որում շարադրված էր հրեաների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ պապական պաշտոնական դիրքորոշումը։ Սա պայմանավորված էր Խաչակրաց առաջին արշավանքով, որի ընթացքում ավելի քան հինգ հազար հրեաներ սպանվել էին խաչակիրների կողմից։ Բուլլան ուղղված էր հրեաների պաշտպանությանը և կրկնում էր Գրիգորիոս I պապի դիրքորոշումը առ այն, որ հրեաները «օրինական ազատության» իրավունք ունեն[10]։ Բուլլան արգելում էր քրիստոնյաներին եկեղեցիական բանադրանքի սպառնալիքով հրեաներին հարկադրել անցնելու քրիստոնեական հավատքին, վնասելու նրանց, խաչընդոտելու նրանց ծեսերն ու տոնակատարությունները։
Այս բուլլան հետագայում հաստատել են նաև Ալեքսանդր III, Կելեստինոս III (1191-1198), Ինոկենտիոս III (1199), Հոնորիոս III (1216), Գրիգորիոս IX (1235), Ինոկենտիոս IV (1246), Ալեքսանդր IV (1255), Ուրբանոս IV (1262), Գրիգորիոս X (1272—1274), Նիկողայոս III, Մարտին IV (1281), Հոնորիոս IV (1285—1287), Նիկողայոս IV (1288—1292), Կլիմենտ VI (1348), Ուրբանոս V (1365), Բոնիֆացիոս IX (1389), Մարտին V (1422) և Նիկողայոս V (1447) պապերը[11][12]։
Վորմսի կոնկորդատ
խմբագրելԿալիստոսի ամենակարևոր գործը եղավ Հենրիխ V-ի հետ Վորմսի կոնկորդատի կնքումը, ինչը վերջ դրեց ինվեստիտուրայի վերաբերյալ հիսունամյա վեճին։
Իտալիայում հաստատելով իր իշխանությունը՝ Կալիստոս պապը որոշեց ինվեստիտուրայի հարցով կրկին բանակցություններ վարել Հենրիխ V-ի հետ։ Վերջինս ձգտում էր վերջ դնել առկա հակասություններին, որոնք վնաասում էին կայսրական իշխանությանը Գերմանիայում։ Կալիստոսի կողմից երեք կարդինալներից բաղկացած դեսպանություն ուղարկվեց Գերմանիա, և 1121 թվականի հոկտեմբերին Վյուրցբուրգում ինվեստիտուրայի խնդրի վերջնական կարգավորման շուրջ բանակցություններ սկսվեցին։ Ժողովի ժամանակ որոշվեց, որ հաշտության մասին պետք է հայտարարվի Գերմանիայում, իսկ Եկեղեցին պետք է պահպանի իր տիրույթների ազատ տիրապետումը և որ եկեղեցիական հողերը, որոնք զավթվել էին կայսրի կողմից, պետք է վերադարձվեն։ Այս որոշումների մասին տեղյակ պահվեց Կալիստոսին, ով լեգատ Լամբերտին ուղարկել մասնակցելու Վորմսի սինոդին, որտեղ 1122 թվականի սեպտեմբերի 23-ին կնքվեց Վորմսի համաձայնագիրը՝ կոնկորդատը։ Կայսրը մատանիով և գավազանով հրաժարվեց ինվեստիտուրայի իր հավակնություններից և հայտարարեց եպիսկոպոսների ընտրությունների ազատության մասին։ Պապը, իր հերթին, ընդունեց, որ եպիսկոպոսները պետք է ինվեստիտուրա և գայիսոն ստանան աշխարհիկ իշխանության կողմից, որ եպիսկոպոսական ընտրությունները պետք է անցկացվեն կայսրի կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ, որ ընտրությունների ժամանակ վիճահարույց իրավիճակներում կայսրը ձայնի իրավունք պետք է ունենա։ Բուրգունդիայում և Իտալիայում պապը պահպանում էր իր՝ ինվեստիտուրայի բացառիկ իրավունքը՝ առանց կայսրի համաձայնության։ Այս կոնկորդատի արդյունքում կայսրը իր ձեռքում պահեց եպիսկոպոսների ընտրությունների վրա ազդեցություն ունենալու լծակները Գերմանիայում, բայց այդ առումով զգալիորեն զիջումների գնաց Իտալիայի և Բուրգունդիայի դեպքում[13]։
Լաթերանյան առաջին ժողովը
խմբագրել1123 թվականի մարտի 18-ին Լաթերանյան տաճարում հանդիսավորապես հաստատելով կոնկորդատը՝ պապը վճռեց, որ յուրաքանչյուր մարդ, ով խոստացել է խաչակիր լինել ընդդեմ անհավատների և չի կատարել իր խոստումը, ենթակա է բանադրանքի մեկ տարով։ Ժողովի որոշումները վերաբերում էին նաև եկեղեցիական թալանչիներին և եկեղեցիական կեղծ փաստաթղթերին[7]։
Մահը
խմբագրելԿալիստոս II-ը իր կյանքի վերջին մի քանի տարիները նվիրել է Կամպանիայի վրա պապական վերահսկողություն հաստատելու փորձերին և Վիեննայի արքեպիսկոպոսության՝ Առլյան ամբիոնի նկատմամբ առաջնարկարգության հաստատմանը։ Նա նաև վերակառուցել է Հռոմի Սանտա Մարիա ին Կոսմեդին եկեղեցին։ Կալիստոսից մնացել են մի քանի նամակներ և սրբերի կենսագրություններ։
Կալիստոսը մահացել է տենդից, 1124 թվականի դեկտեմբերի 13-ին, Լաթերանյան պալատում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 Կաղապար:Книга:Грегоровиус Ф.: История города Рима в Средние века
- ↑ Mary Stroll, Calixtus II (1119-1124): a pope born to rule (Brill, 2004)
- ↑ 7,0 7,1 7,2 Stroll, Calixtus II (1119-1124): a pope born to rule (2004)
- ↑ «Miranda, Salvador. "Papal elections of the 12th Century (1100-1198)", The Cardinals of the Holy Roman Church». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ MacCaffrey, James. "Pope Callistus II." The Catholic Encyclopedia. Vol. 3. New York: Robert Appleton Company, 1908. 1 Aug. 2014
- ↑ http://www.newadvent.org/cathen/14761a.htm Thurston, Herbert. "History of Toleration", The Catholic Encyclopedia, Vol. 14. New York: Robert Appleton Company, 1912
- ↑ Deutsch, Gotthard; Jacobs, Joseph. "Popes, The". The Jewish Encyclopedia, KTAV Publishing, New York, 1906, Accessed 12 July 2013.
- ↑ Simonsohn, Shlomo (1988). The Apostolic See and the Jews, Documents: 492-1404. Pontifical Institute of Mediaeval Studies, pp. 68, 143, 211, 242, 245-246, 249, 254, 260, 265, 396, 430, 507.
- ↑ Bruce Bueno De Mesquita, "Popes, kings, and endogenous institutions: The Concordat of Worms and the origins of sovereignty." International Studies Review (2000): 93-118. in JSTOR
Գրականություն
խմբագրել- «Каликст, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Stroll, Calixtus II (1119-1124): a pope born to rule (2004)
- MacCaffrey, James. "Pope Callistus II." The Catholic Encyclopedia. Vol. 3. New York: Robert Appleton Company, 1908.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Каликст II». Католическая энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիստոս II» հոդվածին։ |