Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (ուկրաիներեն՝ Львівський національний академічний театр опери та балету імені Соломії Крушельницької), թատրոն Ուկրաինայի Լվով քաղաքում։ Գտնվում է Լվովի Ազատության պողոտայի 28 հասցեում։

Լվովի օպերայի թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Ուկրաինա,  ԽՍՀՄ,  Նացիստական Գերմանիա,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն և  Ավստրո-Հունգարիա
Գտնվելու վայրըԼվով
ՃարտարապետԶիգմունտ Գորգոլևսկի
Կայքopera.lviv.ua
 Lviv Opera House Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

19-րդ դարի վերջում քաղաքային թատրոնի առանձին շենք ունենալու անհրաժեշտություն առաջացավ։ Այդ ժամանակ Լվովը գտնվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կազմում, պաշտոնապես կոչվում էր Լեմբերգ և համարվում էր ավստրիական խոշորագույն Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության մայրաքաղաքը։

1895 թվականին հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթեց Լվովի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական դպրոցի տնօրեն Զիգմունտ Գորգոլևսկին։ Նա նոր թատրոնի կառուցման համար համարձակ որոշում կայացրեց։ Քանի որ քաղաքի կենտրոնն այդ ժամանակ խիտ էր կառուցված, նախագծով նախատեսում էր օգտագործել քաղաքային Պոլտվա գետի կոշտ բետոնե կամարներով հենածածկը։ Բոլոր շինարարական աշխատանքները վերահսկել է Զիգմունտ Գորգոլևսկին։ Աշխատանքների հիմնական մասն իրականացրել է ինժեներ Իվան Լևինսկու ընկերությունը։ Շինարարությունը սկսվել է 1897 թվականի հունիսին և տևել է շուրջ երեք տարի։

 
Аллегория Славы на фасаде театра

1900 թվականի հոկտեմբերի 4-ին բացվեց Բոլշոյ քաղաքային թատրոնը (այսպես էր կոչվում Օպերայի տունը մինչև 1939 թվականը)։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել գրող Հենրիկ Սենկևիչը, կոմպոզիտոր Իգնացի Յան Պադերևսկին։ Այդ երեկո թատրոնում բեմադրվել է Վլադիսլավ Ժելենսկու «Յանեկ» ներկայացումը, որը պատմում է Վերխովինայի բնակիչների կյանքի մասին։

1934 թվականին թատրոնը փակվել է տնտեսական ճգնաժամի պատճառով։ 1939 թվականին այստեղ են տեղի ունեցել Արևմտյան Ուկրաինայի ազգային հավաքույթները, որոնք աջակցում էին Գալիցիայի և Վոլին միացմանը Ուկրաինաական ԽՍՀ-ին։ Թատրոնը վերաբացվել է 1939 թվականին և կոչվել Լվովի պետական օպերայի թատրոն։

1944 թվականի հուլիսի 22-ին, Լվովի համար մղվող կատաղի մարտերում, գերմանացիները որոշեցին ականապատել և պայթեցնել Լվովի օպերայի շենքը։ Այս տեղեկությունը հասավ «Ուրալի» կամավորական տանկային հրամանատարությանը։ Տեխնիկ-լեյտենանտ Ն. Անտոնինովի գլխավորությամբ երկու տանկեր մոտեցան թատրոնին և թույլ չտվեցին թշնամուն իրականացնել իր ծրագիրը։ Շինությունը հսկվող 10-12 նացիստներին ոչնչացնելով Անտոնինովի անձնակազմը առաջինը մուտք գործեց թատրոն և փրկեց այն[1]։ Այս սխրանքին մասնակցել են շարքային Նիկոլայ Զալունինը, սերժանտ Իվան Բոխանը, ավագ սերժանտ Կարաևը, եֆրեյտոր Խադոյանը, շարքային Վսևոլոդ Կոզորեզը և ուրիշներ[2]։

1956 թվականին թատրոնը կոչվեց Իվան Ֆրանկոյի անունով, 1966 թվականին ստացավ ակադեմիական կոչում։ 1970-ականների վերջում թատրոնը փակվեց վերանորոգման համար, և կրկին վերաբացվեց 1984 թվականին։ 1996 թվականին այստեղ է տեղի ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նախագահների հանդիպումը։

2000 թվականին թատրոնը տոնել է հիմնադրման 100-ամյակը և որոշվել է թատրոնն անվանակոչել հայտնի օպերային երգչուհի Սալոմեա Կրուշելնիցկայայի անունով։

2005 թվականի հոկտեմբերի 5-ին թատրոնի հայելային դահլիճում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն թատրոնին շնորհեց ազգային կարգավիճակ։

2008 թվականին թատրոնը դարձավ «Օպերա-Եվրոպա» ասոցիացիայի անդամ։


Լվովի օպերայի թատրոնի գիշերային տեսարան


Ճարտարապետություն խմբագրել

Լվովի Օպերային թատրոնը կառուցվել է (1897-1900) ճարտարապետ Զիգմունդ Գորգոլևսկու նախագծով, որը ինքնուրույն էր ղեկավարում շինարարությունը, օգտագործելով Ռենեսանսի և բարոկկոյի ձևերը։ Շենքը հարուստ է քանդակային դեկորացիաներով, ներքին հարդարանքում գերակշռում է մարմարը, ծեփածո նախշազարդերը, ոսկեջրած և դեկորատիվ գեղանկարչությունը։ | Թատրոնը ներսից և դրսից գեղազարդված է ցուցադրելով քանդակագործների (Պյոտր Վոյտովիչ, Յուլիան Մարկովսկի, Անտոն Պոպել, Է. Պեչ, Թադեուշ Բարոնչ) և նկարիչների արվեստը (Տ. Պոպել, Մ. Գերասիմովիչ, Տ. Ռիբկովսկի, Զ. Ռոզվադովսկի, Ս. Դեմբիցկի, Ս. Ռեյհան)։

Առջևի ճակատ խմբագրել

Գլխավոր մուտքը բաղկացած է երեք կամարաձև սյունաշար պատշգամբներով շքամուտքերից, որոնց վրա առանձնանում են կորնթոսյան սյուները։ Վերնաճակատը զարդարված է արմավենու ճյուղերով՝շրջապատված «Փառք» պատկերով, որի ճակատային մասի երկու կողմերում տեղադրված են քանդակագործ Վոյտովիչի «Ողբերգության հանճարը» և «Երաժշտության հանճարը» թևավոր խորհրդանշական բրոնզաձույլ քանդակները։

Համերգային դահլիճ խմբագրել

Համերգային դահլիճը կառուցված է քնարի տեսքով, բաղկացած է պարտերից, երեք պատշգամբներից և 44 օթյակներից, տեղավորում է 1000 հանդիսատես։ Դահլիճը ներկված է սպիտակ և ոսկեգույն երանգով։ Պատշգամբները հարդարված են ատլանտների գիպսե պատկերներով, կորիատիդներով, մուսաներով, հանճարներով և հերմաներով։ Շքեղորեն է զարդարված դահլիճի առաստաղը, որի կենտրոնում գտնվում է Զ. Գորգոլևսկու նախագծով պատրաստված բրոնզե գեղեցիկ շրջանաձև լուսամփոփը։ Ծաղիկներով և տերևներով զարդարված ոսկեջրած ծաղկաշղթան լուսամփոփը բաժանում է տասը հատվածների, որոնց վրա պատկերված են կանանց այլաբանական պատկերներով նկարներ։ 1900 թվականից սկսած ավանդականորեն պահպանվել է նստարանների մուգ կարմիր գույնը։ Դահլիճի ընդհանուր պատկերին ավարտուն տեսք է տալիս «Պառնաս» դեկորատիվ վարագույրը, որը ստեղծվել է Հենրիկ Սեմիրադսկու կողմից։ Նկարիչն աշխատել է նրա վրա Հռոմում իր կյանքի վերջին տարիներին։ Այնպես ստացվեց, որ պատվիրատուն համապատասխան գումար չուներ կատարած աշխատանքի դիմաց նկարչին վճարելու համար։ Սեմիրադսկին իր բացառիկ կտավը, որի վրա աշխատել էր մի քանի տարի նվիրաբերեց թատրոնին։ Գեղեցիկ եզերազարդով եզերապատված շքեղ վարագույրը, որ պատրաստվել է իտալացի վարպետ Ռետրոսիի կողմից, Սեմիրադսկու էսքիզով, առաջին անգամ հանդիսատեսի առջև բացվեց 1901 թվականի հունվարի 13-ին։ Սեմիրադսկին մահացավ թատրոնի բացումից մեկ տարի անց, իսկ նրա վարագույրը զարդարում է թատրոնը մինչ օրս։ Այս տեսակի վարագույր կտավներ կան միայն Լա Սկալայում, ինչպես նաև Կրակովի և Լվովի օպերային թատրոններում։ Հանդիսատեսի առջև վարագույրը փակվում է միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ առաջին ներկայացումների ժամանակ։

Կոլեկտիվ խմբագրել

Լվովի օպերայի և բալետի թատրոնը բաղկացած է՝

  • Սիմֆոնիկ նվագախումբ` շուրջ 90 երաժիշտ
  • Օպերային մենակատարներ` ավելի քան 40 վոկալիստներ
  • երգչախումբ`շուրջ 60 արտիստ
  • Բալետի խումբ` շուրջ 60 արտիստ

Թատրոնի խաղացանկը բաղկացած է ավելի քան 50 օպերաներից և բալետներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Львовская правда от 11 января 1983 г.
  2. С Верой по жизни

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվովի օպերայի թատրոն» հոդվածին։