Լիսաբոնի երկրաշարժ
Լիսաբոնի մեծ երկրաշարժ, ավերիչ երկրաշարժ, որ տեղի է ունեցել 1755 թվականի նոյեմբերի 1-ին` առավոտյան 9:20-ին: Այն ավերակների է վերածել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը: Երկրաշարժը մարդկության պատմության ամենաավերիչ ու մահաբեր բնական աղետներից է եղել. նրա հետևանքով 6 րոպեների ընթացքում մահացել է ավելի քան 80.000 մարդ: Սեյսմիկ ցնցումներին հաջորդել են հրդեհն ու ցունամին` հատկապես վնասելով Լիսաբոնի ափամերձ հատվածները: Երկրաշարժը սրել է գոյություն ունեցող քաղաքական հակասությունները. Պորտուգալիայում միանգամից հրաժարվել են գաղութատիրական հավակնություններից, որ երկրում կային 18-րդ դարում: Իրադարձությունը լայնորեն քննարկվել է Լուսավորության դարաշրջանի եվրոպական փիլիսոփաների կողմից` նպաստելով թեոդիցիայի գաղափարների ամրապնդմանը: Սա գիտության կողմից ուսումնասիրված առաջին երկրաշարժն էր, որ ժամանակակից երկրաշարժագիտության ձևավորման հիմք է դարձել: Ներկայումս երկրաբանները Լիսաբոնի երկրաշարժի ուժգնությունը գնահատում են 8.7 բալ[1][2]: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլանտյան օվկիանոսում` Սան Վիսենտի հրվանդանից 200 կմ հարավ-արևմուտք[3]: Երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման աշխատանքները գլխավորել է մարքիզ դե Պոմբալը:
Լիսաբոնի երկրաշարժ | |
---|---|
![]() Երկրաշարժի ընդգրկման տարածքը | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Լիսաբոն |
Տարեթիվ | նոյեմբերի 1, 1755 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 8.7 |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Պորտուգալիա, Իսպանիայի թագավորություն, Մարոկկո |
Ցունամի | Անգլիայի հարավ, Իռլանդիա |
Զոհվածներ | 10.000-100.000 |
Lisbon earthquake of 1755 Վիքիպահեստում |
ԵրկրաշարժԽմբագրել
Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի առավոտյան, երբ կաթոլիկները նշում էին Բոլոր սրբերի օրը: Պահպանված վկայությունների համաձայն` երկրաշարժը տևել է 3.5-6 րոպե` մոտ 5 մ լայնությամբ ահռելի ճեղքեր առաջացնելով գետնին, ինչի հետևանքով քաղաքի կենտրոնը առանձնացվել է ցամաքային մնացած հատվածից: Կենդանի մնացածները ձգտել են առավել ապահով թվացող նավանորոգարան հասնել, սակայն ջրի հետ քաշվելուց հետո տեսել են ծովի հատակը` բազմաթիվ նավերի ու բեռների բեկորներով: Երկրաշարժից մի քանի րոպե անց սկսվել է խորտակիչ ցունամին, որ ծածկել է ծովախորշն ու քաղաքի կենտրոնը: Դրան հետևել են ևս երկու հզոր ալիքներ: Քաղաքի` ցունամիից փրկված թաղամասերը ոչնչացվել են հրդեհից, որ շարունակվել է 5 օր:
Լիսաբոնը Պորտուգալիայի միակ քաղաքը չի եղել, որ տուժել է երկրաշարժից: Երկրի հարավային բոլոր շրջաններում` հատկապես Ալգավրի նահանգում, ավերածությունները հասել են ահռելի չափերի: Ցնցումները զգացվել են ողջ Եվրոպայում` մինչև Ֆինլանդիա, և Հյուսիսային Աֆրիկայում[4][5]: Ցունամիի` 20 մ բարձրությամբ ալիքները թափվել են Կարիբյան ծովի Մարտինիկա և Բարբադոս կղզիների վրա: Ցունամիի երեքմետրանոց ալիքները վնասել են Անգլիայի հարավային ափերը:
Քաղաքում բնակվող 275.000 բնակիչներից մահացել են մոտ 90.000-ը: Եվս 10.000 մարդ զոհվել է Մարոկկոյի միջերկրածովյան ափին: Ավերվել է շինությունների 85 %-ը` ներառյալ նշանավոր պալատները, գրադարանները, 16-րդ դարի պորտուգալական ճարտարապետության լավագույն օրինակները: Երկրաշարժից չտուժած շինությունները հրո ճարակ են դարձել: Մի քանի ամիս առաջ բացված օպերայի նոր շենքը երկրաշարժից հավասարվել է գետնին: Արքայական պալատը, որը գտնվել է ներկայիս Պրասա դու Կոմերսիու հրապարակի տեղում, երկրաշարժից և ցունամիից ամբողջովին ավերվել է: Պալատական գրադարանում եղել են ավելի քան 70.000 հատոր գրքեր, ինչպես նաև արվեստի հարյուրավոր գործեր` ներառյալ Ռուբենսի, Տիցիանի, Կորեջիոյի կտավները: Այդ ամենն անդարձ ոչնչացվել է: Արխիվի հետ ոչնչացել են Վասկո դա Գամայի և ուրիշ ծովագնացների ճանապարհորդական նկարագրությունները: Ոչնչացվել են շատ եկեղեցիներ, քաղաքի խոշորագույն հիվանդանոցը: Անդարձ կորել է ազգային հերոս Նունու Ալվարեշ Պերեյրայի գերեզմանը: Լիսաբոնի հյուրերը ներկայումս կարող են այցելել քանդված եկեղեցու ավերակներ, որ լիսաբոնցիները պահում են որպես հուշ երկրաշարժից:
Նկարագրվել է, որ շատ կենդանիներ, զգալով վերահաս վտանգը, փորձել են մինչև ջրի մակարդակի բարձրացումը ինչ-որ տեղ բարձրանալ: Սա այդ երևույթի առաջին փաստացի նկարագրումն է Եվրոպայում:
Աղետի սոցիալական և փիլիսոփայական նշանակությունըԽմբագրել
Պորտուգալական աղետի մասին լուրերը աննախադեպ ձևով մի քանի օրում տարածվել են ողջ Եվրոպայում: Դա կապված էր Լուսավորության դարաշրջանում լրագրության ի հայտ գալով, թերթերի կանոնավոր տպագրությամբ, որոնք երկրաշարժի մասին լուրերը ներկայացնում էին հաճախ ավելի չափազանցված: Մահացած բնակիչների թիվ էր նշվում նույնիսկ մեկ միլիոնը: Կարդալ չիմացողները տեղեկություն էին ստանում լուբոկի փայտագրություններից, որոնցում պատկերված էին քաղաքի ավերակները:
Երկրաշարժի հետևանքները չեն սահմանափակվել ավերված շինություններով: Լիսաբոնը, լինելով կաթոլիկ երկրի մայրաքաղաք, ունեցել է շատ եկեղեցիներ, որոնք նաև միսիոներներ են ուղարկել գաղութներ: Ավելին, աղետը պատուհասել է քաղաքին կաթոլիկ կարևոր տոնի օրը` ոչնչացնելով գրեթե բոլոր եկեղեցիները: Այդ փաստը նոր սրությամբ է առաջ քաշել փիլիսոփաներին ու աստվածաբաններին հուզող «Աստծո դաժանության» հարցը[6]:
Երկրաշարժը ազդել է Լուսավորության դարաշրջանի փիլիսոփաների աշխարհայացքի վրա: Ժամանակի շատ փիլիսոփաներ հիշատակել են այդ իրադարձությունները իրենց ստեղծագործություններում, մասնավորապես Վոլտերը` իր «Կանդիդ կամ լավատեսություն» և «Պոեմ Լիսաբոնի աղետի մասին» գործերում: Հետագայում Լիսաբոնի երկրաշարժը փիլիսոփայության և մշակույթի վրա ունեցած իր ազդեցությամբ համեմատվել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ:
Աստծո միջամտության գաղափարը, որ գոյություն ուներ մինչև 1755 թվականը, ավելի զարգացրեց Էմանուել Կանտը` փորձելով իմաստավորել երկրաշարժն ու ցունամին: Նա երեք հոդված է տպագել Լիսաբոնի երկրաշարժի մասին: Երիտասարդ ժամանակ փիլիսոփան, ազդվելով երկրաշարժի կործանարար ուժից, հավաքել էր շատ տեղեկություններ, որոնց հիման վրա հետագայում փորձում էր բացատրել երկրաշարժի պատճառները: Կանտը ենթադրում էր, որ երկրաշարժ է առաջանում ստորերկրյա մեծ դատարկ տարածությունների առաջացման հետևանքով: Սխալ լինելով հանդերձ` այն բնագիտական առաջին բացատրություններից էր, որով փորձ էր արվում մեկնաբանել բնության երևույթները ոչ գերբնական եղանակով: Կանտի այդ գրքույկն էլ հավանաբար հիմք է հանդիսացել գիտական աշխարհագրության և երկրաշարժագիտության համար:
Որոշ հետազոտողներ (օրինակ` Վերներ Համահեր) պնդում են, որ երկրաշարժը ազդել է ոչ միայն փիլիսոփաների մտքի, այլև լեզվի վրա: Երկրաշարժից հետո միայն «հիմք», «ցնցում», «ալիք» բառերը ձեռք են բերել լրացուցիչ իմաստներ:
Երկրաշարժագիտության ձևավորումԽմբագրել
Մարքիզ Պոմբալի աշխատանքները չեն սահմանափակվել ավերված շինությունների վերականգմամբ: Նա հրամայել է հարցումներ անցկացնել երկրի բոլոր մասերում երկրաշարժի և նրա հետևանքների մասին: Նա ներառել էր հետևյալ հարցերը.
- Ինչքա՞ն է տևել երկրաշարժը:
- Քանի՞ հետցնցում է եղել:
- Ի՞նչ տեսակի ավերածություններ են եղել:
- Արդյոք կենդանիները տարօրինակ են պահել իրենց (այս հարցը զարմացրել է 1960-ական թվականների չինացի հետազոտողներին)[7]:
Այս և այլ հարցերի պատասխաններ մինչ օրս պահվում են Պորտուգալիայի ազգային արխիվում: Ուսումնասիրելով այդ տեղեկությունները` ժամանակակից գիտնականները վերականգնել են կատարված իրադարձությունները: Առանց Պոմբալի անցկացրած հարցումների` դա անհնար կլիներ: Ժամանակակից գիտնականները շարունակում են քննարկել երկրաշարժի աշխարհագրական պատճառներն ու շրջանի սեյսմիկ ակտիվությունը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gutscher, M.-A.; Baptista M.A. & Miranda J.M.; Miranda, J.M. (2006). "The Gibraltar Arc seismogenic zone (part 2): Constraints on a shallow east dipping fault plane source for the 1755 Lisbon earthquake provided by tsunami modeling and seismic intensity". Tectonophysics. 426: 153–166. Bibcode:2006Tectp.426..153G. doi:10.1016/j.tecto.2006.02.025. Retrieved 20 March 2011.
- ↑ "Historic Earthquakes – Lisbon, Portugal." U.S. Geological Survey, October 26, 2009. {Estimate: 8.7}
- ↑ А. А. Никонов. Ужасное потрясение Европы. Лиссабонское землетрясение 1 ноября 1755 г. // «Природа», № 11, 2005.
- ↑ An Extraordinary and Surprising Agitation of the Waters, ..., Philosophical Transactions, Vol. 49, (1755 - 1756), pp. 351-398
- ↑ Memoirs of Jacques Casanova, Book 2, Ch. XXVI; Casanova himself noted feeling the shocks when he was imprisoned in "The Leads" in Venice and specifically states they were the same ones that destroyed Lisbon
- ↑ "The Lisbon Earthquake". Archive.org. Retrieved 2014-05-07
- ↑ Shrady, The Last Day, pp.145–146
ԱղբյուրներԽմբագրել
- Ա. Ա. Նիկոնով Եվրոպայի սարսափելի ցնցումը: 1755 թվականի նոյեմբերի 1-ի Լիսաբոնի երկրաշարժ // «Բնություն», № 11, 2005.
- Ռուի Տավարեշ Փոքր գիրք Մեծ երկրաշարժի մասին — СПб: Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հրատարակչություն, 2009. — ISBN 978-5-94380-079-5
- Վավերագրական ֆիլմ «1755. The Lisbon earthquake» («1755 թվականի Լիսաբոնի երկրաշարժ»), 2009 թվական, ռեժիսոր` Մարտին Պապիրովսկի