Լեհաստանի մշակույթը սերտորեն կապված է նրա հազարմյա պատմության հետ[1]։ Վաղ սլավոնական մշակույթի ծագմամբ, լեհական մշակույթի վրա ակնհայտ է գերմանական, լատինական, բյուզանդական ազդեցությունը, ինչպես նաև լեհաստանում ապրող փոքրամասնությւոնների, էթնիկ խմբերի շարունակական երկխոսությամբ[2]։

Լեհերը հյուրընկալ են գտնվել օտարերկրյա արվեստագետների նկատմամբ և պատրաստակամ են եղել հետևելու այլ երկրների մշակութային տենդենցներին։

Գրականություն խմբագրել

Հին լեհական գրականությունը սովորաբար բաժանվում է 3 շրջանի՝

Լեհական միջնադարյան գրականության (լատիներեն) հուշարձանները ունեցել են կրոնա-եկեղեցական և աշխարհիկ բնույթ։ Վերածնության դարաշրջանում գրականությունը հարստանում է գեղարվեստական ստեղծագործություններով։ Մեծ արժեք ունեն Մ. Ռեյի (1505-1569), Յա. Կոխանովսկու (1530-1584), Մ. Մեմպ Շաժինսկու (մոտ 1550-1581) գործերը։ 16-րդ -17-րդ դդ. քաղաքային գրականության ծաղկման շրջանն է (Ս. Կլյոնովիչ, մոտ 1545-1602, Շ. Շիմոնովիչ, 1558-1629)։ 17-րդ դ. գերիշխում է բարոկկոն (Յա. Ա. Մորշտին, մոտ 1620-1693, Վ. Պոտոցկի, 1621-1696)։

Լուսավորության դարաշրջանում (18-րդ դ. կեսեր) գրականության մեջ արտացոլվում են ռեֆորմների և ազգային անկախության համար պայքարը, գլխավորապես, նախահեղափոխական և հեղափոխական Ֆրանսիայից եկող հասարակական-փիլիսոփայական առաջավոր գաղափարները, ամրապնդվում են կապերը համաեվրոպական գրական պրոցեսի հետ։ Երևան են գալիս գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսներ, ազգային թատրոնը, կատարելագործվում է գրական լեզուն։ Ականավոր կլասիցիստ գրողները (Ի. Կրասիցկի, 1735-1801, Ա. Նարուշեիչ, 1733-1796, Ս. Տրեմբեցկի, 1739-1812, Տ. Կ. Վենգերսկի, 1756-1787 և ուրիշներ) իրենց ստեղծագործությունը ենթարկում են ազգային խնդիրների լուծմանը։ Ծնունդ է առնում ինքնատիպ կատակերգությունը (Ֆ. Զաբլոցկի, 1752-1821, «Դեսպանի վերադարձը», 1790, Յու. Ու. Նեմցևիչ, 1757-1841)։ Լեհական գրականության մեջ ռոմանտիզմը համարվում է զարգացման գագաթնակետը նոր ժամանակներում և ընդգրկում է 19-րդ դ. ազգային ապստամբությունների շրջանը։ Ռոմանտիկ ուղղության առաջին նմուշը և մանիֆեստը դարձան Ա. Միցկևիչի «Պոեզիա»-ի (1822- 1823) երկու հատորները։ Գրականության մեջ հաստատվում է հերոսի նոր տիպ՝ անձնուրաց մարտիկի կերպարը, դեմոկրատականանում է գրական լեզուն։ Զարգանում է ռոմանտիկական դրաման։ Պոեմի ժանրը հարստանում է նոր, ինքնատիպ տարատեսակներով (Միցկեիչի «Պան Թադեուշ» ազգային էպոպեան, Յու. Մլովացկու «Ոգի արքան» պատմա-փիլիսոփայական էպոսը)։

Զարգանում են արձակ ժանրերը (Յու. Ի. Կրաշեսկի, 1812-1887, Յու. Կոժենյովսկի, 1797-1863)։ Առանձնահատուկ տեղ է գրավում վտարանդի գրող Յ. Նորվիդի (1821-1883) ստեղծագործությունը։ 1863 թվականից հետո գրականության մեջ իշխում է ռեալիզմը (Ա. Ասնիկ, 1838-1897, Մ. Կոնոպնիցկայա, 1842-1910)։ Ծաղկում է ապրում արձակը, վեպերում, վիպակներում, պատմվածքներում տրվում է լեհական հասարակության սոցիալական լայն շրջապատկերը (է. Օժեշկո, 1841-1910, Բ. Պրուս, 1847-1912, Հենրի Սենկևիչ, 1846-1916, Կոնոպնիցկայա)։ Լայն մասսայականություն է նվաճում պատմավեպը (Մենկեիչի «Եռերգությունը», 1883-1888, Կրաշեսկու վիպաշարը, Պրուսի «Փարավոնը», 1895-96)։ 19-րդ դ. վերջին տասնամյակում արձակում նկատվում են նատուրալիզմի միտումներ (Ա. Դիգասինսկի, 1839-1902)։ 1890-1918 թվականների շրջանում, որը հայտնի է «Երիտասարդ Լեհաստան» անունով, ռեալիզմի զարգացմանը զուգընթաց առաջանում են մոդեռնիստական հոսանքներ (իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, նեոռոմանտիզմ)։ Որպես մոդեռնիզմի տեսաբաններ հանդես եկան Զ. Պշեսնիցկին (1861-1944), Ս. Պշիբիշեսկին (1868- 1927)։ 1905 թվականից հետո գրականություն է մուտք գործում հեղափոխության թեման (Ա. Ստրուգ, 1871-1937, Դ. Դանիլովսկի, 1872-1927, Ա. Նեմոևսկի, 1864-1921)։ Լեհական վերականգնված (1918) պետության մեջ բախումների քննադատական պատկերումն է բնորոշ սոցիալ-քաղաքական և սոցիալ-կենցաղային ռեալիստական վեպի համար 1918-1944 թվականներին (Ժերոմսկի, Զ. Նալկովսկայա, 1884-1954, Մ. Դոմբրովսկայա, 1889-1965, Յու. Կադեն-Բանդրովսկի, 1885-1944 և այլն)։ 30-ական թթ. զարգանում են ռեալիստական հոգեբանական արձակը (Յա. Իվաշկևիչ, Նալկովսկայա, Մ. Կունցևիչ), դրաման (Ե. Շանյավսկի, 1886-1970), ինչպես նաև իռացիոնալ հոգեբանական վեպը (Բ. Շուլց, 1892-1942, Վ. Դոմբրովիչ, 1904-1969) և գրոտեսկային դրամատուրգիան (Ա. Ի. Վիտկեիչ, 1885-1939)։ Պոեզիայում առանձնանում է «Սկամանդր» գաղափարական ոչ միատարր խումբը։ Այս շրջանում սոցիալիստական գրականության հիմքերն են դրվել հեղափոխական բանաստեղծների խմբի առաջնորդ Վ. Բրոնևսկու (1897-1962) ստեղծագործության մեջ, Լ. Կրուչկովսկու (1900-1962), Վ. Վասիլեսկու (1905-1964) արձակում, մարքսիստ քննադատ Ի. Ֆիկի (1904-1942) աշխատություններում։ Ժողովրդական Լեհաստանի գրականության առջև ծառացավ նոր իրականությունն արտացոլելու, սոցիալիստական գաղափարախոսությունը ջատագովելու խնդիրը։ Արձակը պատմում է Լեհաստանի ֆաշիստական օկուպացիայի (Նալկովսկայա, Տ. Բորովսկի, Մ. Շմագլեյովսկայա), ետպատերազմյան հասարակական կոնֆլիկտների (Ե. Անջեևսկի) մասին։ Զարգանում է էսսեիստիկան և փիլիսոփայական վերլուծական արձակը։ Գերիշխում է բարոյափիլիսոփայական պրոբլեմատիկան. գլխավոր թեմաներն են՝ երկրորդ համաշխարհային պատերազմը, ընդհատակը օկուպացիայի տարիներին, ժողովրդական իշխանության հաստատումը (Ռ. Բրանտի, 1921, «Կոլումբոսներ, ծննդյան թիվը՝ 20», հ. 1-3, 1957. Դոմբրովսկայա, «Մտածող մարդու արկածները», հրտ. 1970, ռեալիստական արձակի խոշոր վարպետ Իվաշկևիչի «Փառք և պատիվ» եռերգությունը, 1956-1962, Կ. Ֆիլիպովիչի փոքրածավալ վեպերը, Տ. Գոլուի «Ծառը պտուղ է ծնում», 1963, «Դեմք», 1973, Ժուկրովսկու «Հրով մկրտվածները», 1961, «Ուղղությունը՝ Բեռլին», 1970), գյուղում կատարված Փոփոխությունները (Յու. Կավալեց, Վ. Մախայեկ, Տ. Նովակ, Յու. Մորտոն, Մախ), բանվոր դասակարգի պատմությունն ու աշխատանքը (Ս. Ռ. Դոբրովոլսկի, Լ. Վանտուլա, Յա. Պեշխալա)։

Պատմական և պատմա-կենսագրական վեպի ժանրում հաջողությամբ են գործում Յա. Պարանդովսկին (1895), Տ. Պարնիցկին (1908), Ա. Կուսնեիչը (1904), Դոլույը։ Հանրածանոթ է Ս. Լեմի (1921) փիլիսոփայական ֆանտաստիկան։ Պոեզիայի նվաճումները մինչև 1956 թվականը կապված են Բրոնևսկու, Դալչինսկու, Իվաշկևիչի, Պշիբոսի, Յաստրունի ստեղծագործության հետ։ 1960-ական թթ. առաջ են քաշվում բանաստեղծներ Տ. Ռուժեիչը, Վ. Շիմբորսկայան, Ս. Գրոխովյակը, է. Բրիլը։ Սոցիալիստական ռեալիստական դրամայի ստեղծման մեջ առաջատար դերը պատկանում է Լ. Կրուչկովսկուն («Գերմանացիները», 1949, «Ազատության առաջին օրը», 1960)։

Ճարտարապետություն և կերպարվեստ խմբագրել

Լեհաստանի տարածքում հնագույն ճարտարապետական հուշարձանները Բիսկուպինի փայտյա կառույցներն են (մ. թ. ա. մոտ 550-400)։ Պահպանվել են 10-11-րդ դդ. պաշտամունքային և աշխարհիկ քարե կառույցների մնացորդներ։ Ռոմանական ոճի զարգացումը կապված էր ֆեոդալիզմի հաստատման հետ (Տումի, Կրակովի բազիլիկ կոստյոլները, 11-12-րդ դդ.)։ 13-րդ դարից աճել են քաղաքները, կազմավորվել են նրանց կենտրոնների անսամբլները, ստեղծվել նոր տիպեր (աշտարակավոր ռատուշա, տնտեսական կառույցներ ե այլն)։ 13-15-րդ դդ. գոթիկայի աղյուսե կառույցները ավարտվել են բարձր սեպաձև տանիքներով։ Կոստյոլները վերին մասում ճոխ զարդարվել են և ունեցել աստիճանավոր կոնտրֆորսներ (Գդանսկի Ս. Մարիա, 14-16-րդ դդ., Տորունի Ս. Հակոբ, 14րդ դ. կոստյոլները)։ Վերածննդի ճարտարապետությունը կազմավորվել է (16-րդ դ.) իտալական նախօրինակների ազդեցությամբ, վերամշակվել տեղական ավանդույթների ոգով (կամարաշարերով, բակերով պալատները Կրակովում, Պեսկովա-Սկալայում, կենտրոնակազմ դամբարաններ, Բարանուվեի դղյակը, մի շարք քաղաքներ, որոնց թվում Զամոյսցը)։

16-րդ դ. վերջից ի հայտ եկած բարոկկոն 17-րդ դարից դարձել է իշխող ոճ (Կրակովի Ս. Աննան, Վարշավայի Վիլյանուվ պալատը)։ 18-րդ դ. 2-րդ կեսին, 19-րդ դ. սկզբին հաստատվել է կլասիցիզմը (Վարշավայի պալատները Լազենկիում)։ Կառուցվել են հասարակական շենքեր (Մեծ թատրոնը Վարշավայում), առևտրական տներ, ուղեկալներ։ Յուրահատուկ է 17-րդ-19-րդ դդ. փայտե, ժողովրդական ճարտարապետություն (կոստյոլներ, տնտեսական կառույցներ)։ 20-րդ դ. ճարտարապետության մեջ կիրառվել են կոնստրուկտիվիզմի սկզբունքները, 1920-1930-ական թթ. նեոկլասիցիզմի և ֆունկցիոնալիզմի միտումները («Պրյուդենտալ» ընկերության շենքը Վարշավայում, Կրակովի Յագելլոնյան գրադարանը), գոյակցել են ժողովրդական շինարվեստի ոգով մոդեռնիստական ոճավորման հետ (Լեհաստանի տաղավարը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում)։ Ժողովրդական իշխանության հաստատումից հետո վերակառուցվել են 1939-1945 թվականների պատերազմի հետևանքով ավերված քաղաքները։ Ետպատերազմյան ճարտարապետության զարգացման ընթացքում մեծ դեր են խաղացել ավագ սերնդի ճարտարապետներ Շ. Սիրկուսը, Բ. Պնևսկին, Բ. և Ս. Բրուկալսկիները և ուրիշները։ Պատմական ոճերով հրապուրվելու շրջանից (Սահմանադրության հրապարակը Վարշավայում) հետո, 1950-ական թթ. վերջին առաջացել է ձևերի ռացիոնալ պարզեցման ձգտումը։ 1960-ական թթ. հասարակական շենքերին բնորոշ են հատակագծերի ֆունկցիոնալ նպատակահարմարությունը, կառուցվածքային լուծումների յուրօրինակությունը, տիպային կառուցվածքային օղակների ռիթմիկ համադրումը (Ուսանողուհիների հանրակացարանը Կրակովում, «Սուպերսամ» խանութը Վարշավայում, «Մերկուրի» հյուրանոցը Պոզնանում)։ Մեծ ուշադրություն է հատկացվում կենտրոնների վերակազմությանը, ծավալատարածական արտահայտիչ կոմպոզիցիաների ստեղծմանը (աշտարակային և փռված շենքերի անսամբլը Վարշավայի Մարշալկովսկի փողոցում, Կատովիցեի կենտրոնը)։ Լայնորեն կիրառվում է մոնումենտալ քանդակը, խճանկարը, վիտրաժը։ Մեծ են նվաճումները սպորտային, հիվանդանոցային, դպրոցական, արդյունաբերական (Կալիշի, Վիշկուվի, Լոձի ֆաբրիկաները) շենքերի և տուրիստական կենտրոնների շինարարության ասպարեզում։ Լեհական բուրժուական կերպարվեստում նկատելի էր կուբիզմի և էքսպրեսիոնիզմի ազդեցությունը, ժողովրդական արվեստի ավանդների համադրումը մոդեռնիստական ոճավորումներին։

Գեղանկարչությունում դեմոկրատական ձգտումները արտահայտվել են Թ. Մակովսկու արվեստում։ Լեհ «կոլորիստներից» էր Ցան Ցիբիսը։ Գերմանական առաջադեմ գրաֆիկայի ավանդներին են դիմել 0ու. Կրաևսկին, Ֆ. Բարտոշեկը։

Լեհ խոշոր քանդակագործ Կ. Գունիկովսկին կուբիզմի և էքսպրեսիոնիզմի առանձին արտահայտչամիջոցները յուրացնելով ստեղծել է անհատական ոճ։ Զարգացել են ռեկլամային գրաֆիկան ու պլակատը։ Ժողովրդական Լեհաստանի կերպարվեստի կազմավորմանն աջակցել են ավագ սերնդի անվանի վարպետները։ 1950-ական թթ. սոցիալիստական շինարարության և հեղափոխական պայքարի թեմաներին են դիմել գեղանկարիչներ Յու. Կրաևսկին, Ա. Ստրումիլլոն, քանդակագործ Ե. Ցարնուշկևիչը, գրաֆիկներ Թ. Կուլիսևիչը, Տ. Գրոնովսկին։ 1950-ական թթ. մեծ տարածում է գտել աբստրակտ արվեստը, էքսպրեսիոնիզմը (Ա. Կոբզեյ), սյուրռեալիզմը (Ե. Տխուժևսկի), իսկ 1960-ական թթ. վերջերից՝ «օպ» և «պոպ» արվեստները։ Միաժամանակ նկատելի է վերադարձը դեպի ռեալիզմ։ Վարշավայում, Գդանսկում և այլ քաղաքներում ստեղծվել են ռեալիստական արվեստի կողմնակիցների խմբեր։ 1950-1960-ական թթ. մոնումենտալ քանդակագործությունում առանձնանում են Մ. Կոնեչնու, Ե. Բանդուրայի, Ֆ. Գուշենկոյի գործերը։ Բարձր ծաղկման է հասել գրաֆիկան, ինքնատիպ արտահայտչականության՝ պլակատը։

Մեծ ուշադրություն է դարձվում ժողովրդական արհեստներին, արդյունաբերական ապրանքների գեղարվեստական նախագծմանը։

Առաջատար լեհ նկարիչներs
 
Դանիել Շուլց
(1615–1683)
Դանիել Շուլց
(1615–1683)  
 
Պյոտր Միխատովսկի
(1800–1855)
Պյոտր Միխատովսկի
(1800–1855)  
 
Յան Մետայկո
(1838–1893)
Յան Մետայկո
(1838–1893)  
 
Յացեկ Մալչևսկի
(1854–1929)
Յացեկ Մալչևսկի
(1854–1929)  
 
Ստանիսլավ Վիսպյանսկի
(1869–1907)
 
Ստանիսլավ Վիտկևիչ
(1885–1939)
Ստանիսլավ Վիտկևիչ
(1885–1939)  
 
Զդղիսլավ Բեկսինսկի
(1929–2005)
Զդղիսլավ Բեկսինսկի
(1929–2005)  

Երաժշտություն խմբագրել

Լեհաստանի երաժշտական մշակույթը իր բնույթով նման է սլավոնական մյուս ժողովուրդների երաժշտական արվեստին։ Հնագույն ժողովրդական գործիքներից պահպանվել են փայտե թակիչներ, դափեր, սուլիչներ, որոնց նվագակցությամբ կատարվում են ծիսական ժողովրդական երգեր։ Ժողովրդական գործիքներից են նաև ջութակը, մազանկան, մարինան (աղեղնավոր և կսմիթավոր), լիգավկան, բազունան, տրոմբիտան (փողային)։

Ժողովրդական. պարերից են՝ պոլոնեզը, կրակովյակը, մազուրկան, կույավյակը, օբերեկը։ Ազգային երաժշտության ազգագրության հիմնադիրն է Օ. Կոլբերգը։ Լեհաստան֊ի երաժշտական արվեստի բարձրակետը Ֆ. Շուցենի և Մ. Մոնյուշկոյի ստեղծագործությունն է, որ արտացոլել է լեհ ժողովրդի կյանքը, ազատության և անկախության պայքարը։ 19-րդ դ. 2-րդ կեսի - 20-րդ դ. 1-ին կեսի նշանավոր կոմպոզիտորներից են Վ. Ժելենսկին, Զ. Նոսկովսկին, Յու. Վենյավսկին, Ա. Նևյադոմսկին, Ռ. Մտատկովսկին։ Ազգային և ժողովրդական երաժշտության սկզբունքներին հետևելով զարգացման նոր ուղիներ են որոնել «Երիտասարդ Լեհաստան» խմբավորման կոմպոզիտորներ Մ. Կառլովիչը, Լ. Ռուժիցկին, Կ. Շիմանովսկին։ Ժողովրդական Լեհաստանում սկսվել է երաժշտական մշակույթի զարգացման նոր շրջանը։ Ժամանակակից կոմպոզիտորներից են Կ. Պենդերեցկին, Թ. Բերդը, Կ. Սերոցկին, Հ. Գուրեցկին, Բ. Շեֆֆերը, Ա. Բլյոխը, դիրիժորներից՝ Վ. Ռովիցկին, Յա. Կրենցը, Ա. Մարկովսկին, դաշնակահարներից՝ Գ. Չեռնի-Ստեֆանսկան, Ա. Խարասևիչը, Պ. Պալեչնին, ջութակահարներից՝ Վ. Վիլկոմիրսկայան, Թ. Վռոնսկին, Պ. Յանով֊սկին, երգիչներից՝ Բ. Պապրոցկին, Վ. Օխմանը, երգչուհիներից՝ Կ. Շչեպանսկայան, Մ. Ֆոլաինը։ Լ

Լեհաստանում գործում են (1974) 21 սիմֆոնիկ նվագախումբ, 10 օպերային թաարոն, 9 օպերետային թատրոն, 7 բարձրագույն, մոտ 120 միջնակարգ և տարրական երաժշտական դպրոցներ։ Անց են կացվում միջազգային մրցույթներ (Վարշավայում՝ Շոպենի անվան դաշնակահարների (1927 թվականից), Վենյավսկու անվան ջութակահարների (1935 թվականից), որը 1952 թվականից տեղի է ունենում Պոզնանում), փառատոներ (1956 թվականից ժամանակակից երաժշտության՝ «Վարշավյան աշուն», 1966 թվականից Բիդգոշչում՝ Արևելյան Եվրոպայում հնագույն երաժշտության, Սոպոտում՝ էստրադային երգի)։ Հանրաճանաչ են ժողովրդական երգի և պարի «Մազովշե» և «Շլյոնսկ» անսամբլները։ Տարբեր տիպի միավորումներից է 1870 թվականից գոյատևող Վարշավայի երաժշտական ընկերությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adam Zamoyski, The Polish Way: A Thousand Year History of the Poles and Their Culture. Published 1993, Hippocrene Books, Poland, ISBN 0-7818-0200-8
  2. Ministry of Foreign Affairs of Poland, 2002–2007, AN OVERVIEW OF POLISH CULTURE. Արխիվացված 2009-04-02 Wayback Machine Access date 12-13-2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։