Լայնականջ ոզնի
Լայնականջ ոզնի | |
Լայնականջ ոզնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Eulipotyphla |
Ընտանիք | Ոզնիներ (Erinaceidae) |
Ցեղ | Hemiechinus |
Տեսակ | Լայնականջ ոզնի (H. auritus) |
Միջազգային անվանում | |
Hemiechinus auritus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Լայնականջ կամ ականջեղ ոզնի (լատին․՝ Hemiechinus auritus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Գրանցված է ՀՀ և ԱՀ կենդանիների կարմիր գրքերում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևելյան Եվրոպայում,Առաջավոր և Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում, Ղազախստանում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Արցախի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում՝ Վարնկաթաղ (Լյուլասազ) գյուղի տարածքում։
Կենսակերպ
խմբագրելԳերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում։ Խույս է տալիս խիտ և բարձր բուսականությունից։ Հանդիպում է պտղատու այգիներում, բանջարանոցներում։ Կարող է բարձրանալ ծովի մակարդակից 1000-1300 մ։ Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում (խորությունը՝ 1-1,5 մ) կամ այլ կենդանիների լքված բներում։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ամիսներին ձմեռային քուն է մտնում։ Զույգ է կազմում ձմեռային քնից արթնանալուց հետո։ Ամենակեր է, սակայն գերադասում է կենդանական ծագման կերերը։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։
Սննդառություն
խմբագրելՍնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։
Բազմացում և զարգացում
խմբագրելԲազմանում է ապրիլից մինչև ամռան կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ունենում է մինչև 8 ձագ։ Թվաքանակը սահմանափակող գործոններից են բնակատեղերի յուրացումը, խամ ու խոպան հողերի հերկումը, կերահանդակներում անասունների ոչ ռացիոնալ արածեցումը, թունաքիմիկատների և պեստիցիդների օգտագործումը։
Թշնամիները
խմբագրելԹշնամիներից են գիշատիչ թռչունները, աղվեսները, թափառող շները, շնագայլերը, կզաքիսները։
Հիվանդությունները
խմբագրելՎարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։
Նշանակություն
խմբագրելԿարևոր նշանակություն ունի կենսոցենոզներում՝ որպես սննդային շղթայի օղակ և կարելի է օգտագործել որպես մկնանման կրծողների դեմ պայքարի կենսաբանական միջոց. ոչնչացնում է նաև վնասատու միջատներին[1][2][3][4]։
Պահպանություն
խմբագրելՀազվադեպ հանդիպող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 182։
- ↑ Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
- ↑ Красная книга Армянской ССР, Животные, Ер., 1987.
- ↑ Соколов В. Е., Систематика млекопитающих, Москва, Высшая школа, 1973.
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ ոզնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ ոզնի» հոդվածին։ |