Գոռավանի ավազուտների արգելավայր

Բնության հատուկ պահպանվող տարածք է, արգելավայրը ստեղծվել է 1959 թ-ին, ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N  20 որոշմամբ՝ 200 հա տարածքի վրա։ Այն գտնվում է Արարատի մարզի, Արարատյան գոգավորության թեք հարթություններում, Գոռավան գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում ծովի մակարդակից 920-980 մ բարձրության վրա։ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը և տարածքի չափը հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի Խոր Վիրապ պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մայիսի 30-ի N 925-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին N 975-Ն որոշմամբ։ Համաձայն այդ որոշման, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը, առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության, հանձնվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ ենթակայությանը`պահպանության և վերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 31-ի N324-Ն որոշմամբ հաստատվել է  «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագծի սխեման։ Ներկայումս արգելավայրը զբաղեցնում է  95,99  հա տարածք։ Արգելավայրը ձևավորվել է Արարատյան հարթավայրի Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերի ռելիկտային ալյուվյալ նստվածքների մի քանի տեղամասերի վրա։ Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մ լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվել է որպես պահպանման գոտի։

Գոռավանի ավազուտների արգելավայր
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԱրարատի մարզ
Հիմնվել է1959
Մակերես200 հեկտար
Գոռավանի ավազուտների արգելավայրը գտնվում է Հայաստանում
Գոռավանի ավազուտների արգելավայր

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի գեղածնկիկ մատիտեղանմանի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, մնացորդային սորուն ավազներ իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին։ Արգելավայրի բուսականության հիմնական տիպը ավազային ջուզգունային անապատն  է։ Սա միակ տեղամասն է Փոքր կովկասում, որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները, և խիստ հազվագյուտ է ողջ Կովկասի համար։ Արգելավայրը Երևանի ֆլորիստիկ շրջանի հազվագյուտ տեսակներով ամենահարուստ տարածքն է, որն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։

Բուսական աշխարհ խմբագրել

 
Գազ տարօրինակ (Astragalus paradoxu)

Արգելավայրի տարածքում աճում են 162 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 11 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներն են

  • Գեղածնկիկ մատիտեղանմանը (Calligonum polygonoides)
  • Գազ տարօրինակը (Astragalus paradoxus)
  • Գազ Մասալսկու (Astragalus massalskyi)
  • Գազ Շելկովնիկովի (Astragalus schelkovnikovii)
  • Մեխակ լիբանանի (Dianthus libanotis)
  • Կնճիթաթերթիկ սապատավոր (Rhinopetalum gibbosum)
  • Օշան Թամամշյանի (Salsola tamamschjanae)
  • Խռնդատ մերկացողուն (Verbascum nudicaule)
  • Խինձ գորովանի (Scorzonera gorovanica)
  • Ծովակաղամբ հայկական (Crambe armena) և այլն։
 
Գեղածնկիկ մատիտեղանման Calligonum polygonoides L.

Էնդեմիկ ներկայացուցիչներից են ոզնաթուփ արաքսյանը (Acantholimon araxanum), գազ ամբողջատերև

(Astragalus holophyllus) և այլ տեսակներ։

Գազ տարօրինակը (Astragalus paradoxus) վտանգված տեսակ է:Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800–1000 մ բարձրությունների վրա, ավազոտ տեղերում՝ անապատում և կիսաանապատում։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս–հունիսին։

Գեղածնկիկ մատիտեղանման (Calligonum polygonoides) կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Թուփ՝ մինչև 1,5 մ բարձրության:Հայաստանում հանդիպում է միայն արգելավայրի տարածքում։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850–950 մ բարձրությունների վրա, ավազային անապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։

 
Սոխ Մայրիկի (Allium materculae)

Խինձ ( կաթնաբերիկ, սևարմատ) գորովանին վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ:Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800–1400 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և խոտածածկ լանջերին, տրագականտային համակեցություններում, կիսաանապատում և ավազային անապատում։ Ծաղկում է հունիսհուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–սեպտեմբերին։

Ծովակաղամբ հայկական (Crambe armena) կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանում հանդիպում է Շիրակի (Արեգ գյուղի շրջակայք) և Երևանի (Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800–1200 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին։

Ծվծվուկ ավազուտային (Silene arenosa) կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800–900 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ մայիս–հունիսին։

'Օշան Թամամշյանի (Salsola tamamschjanae) - վտանգված տեսակ է։ Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700–1000 մ բարձրությունների վրա, անապատում և կիսաանապատում, ավազային հողերի վրա, երրորդական դարաշրջանի գիպսակիր կարմիր կավերի վրա։ Ծաղկում է հուլիս–սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր–նոյեմբերին։

Խռնդատ մերկացողուն (Verbascum nudicaule') վտանգված տեսակ է։ Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700–1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում, ավազային անապատում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արգելայրի տարածքում աճող բուսատեսակներից են նաև Ուղտափուշ սովորական (Alhagi pseudoalhagi), կատվադաղձ Մեյերի (Nepeta meyeri), Փշամանդիկ փշավոր (Atraphaxis  spinosa Լ), կակաչի (Papaver), իշակաթնուկի (Euphorbia), կատվադաղձի (Nepeta), վառվռուկի (Alyssum) տարբեր տեսակներ և այլ բուսատեսակներ։

Կենդանական աշխարհ խմբագրել

 
Միջերկրածովային կրիա

Ողնաշարավոր կենդանիների թիվը հասնում է մոտ 33-ի, որոնցից 9-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Կարմիր գրքում գրանցված ողնաշարավոր կենդանիներից այստեղ հանդիպում են Դալի ավազամուկը (Meriones dahli), լայնականջ ոզնին (Erinaceus (Hemiechinus) auritus),  անապատային խածկտիկը (Rhodopechys githaginea), մոնղոլական խածկտիկը (Rhodopechys mongolica), միջերկրածովյան կրիան (Testudo graeca), անդրկովկասյան մողեսիկը (Eremias pleskei), անդրկովկասյան տակիրային կլորագլուխը (Phrynocephalus horvathi), երկարաոտ սցինկը (Eumeces schneideri) և այլն։

Միջերկրածովային կրիան գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։ Ակտիվ են ապրիլից մինչև նոյեմբերի կեսերը։ Ձմեռում են, սովորաբար, աղվեսների և գորշուկների բներում։ Սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով։ Զուգավորումը՝ ապրիլ–մայիսին։ Հունիսից սկսած, մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2–8 ձու)։ Ինկուբացիան` 2–3 ամիս։

Լայնականջ ոզնի հազվադեպ հանդիպող տեսակ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Մթնշաղագիշերային կենդանիներ են։ Սնվում են հիմնականում անողնաշար կենդանիներով (անձրևաորդեր, բզեզներ, ծղրիդանմաններ), ինչպես նաև մողեսներով, ավելի հազվադեպ` մանր կրծողներով և մանր թռչունների ձագերով։ Բազմացման շրջանը երկարաձգված է։ Հղի էգերը և նորածինները հանդիպում են վաղ գարնանից մինչև ամռան կեսերը։ 1–7 ձագերը ծնվում են մերկ և կույր։ Ձմռանը քուն են մտնում։

 
Կապտաթիթեռ

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում անողնաշար կենդանիների ֆաունան կազմում է մոտ 700 տեսակ։ Առավել լավ ուսումնասիրված կարգաբանական խմբերից` փափկամարմինների (Mollusca) տեսակների թիվը կազմում է 7, միջատներից` բզեզներինը (Coleoptera)` մոտ 200, ուղղաթևերինը (Orhtoptera)` 28 և ցերեկային թիթեռներինը (Lepidoptera-Rhopalocera)` 18 տեսակ։ Տարածքից հայտնի են Հայաստանի համար էնդեմիկ հանդիսացող 12 տեսակ բզեզներ, այդ թվում` արաքսյան գնայուկ բզեզը (Zuphium araxidis Khnz.), Ռեյտտերի հացաբզեզը (Aոisօplia reitteriaո Sem.), կովկասյան փարավոնը (Pharaonus caucasicus Rtt.), կովկասյան (Glaphyrus caucasicus Rtt.), վեդիական (Tanyproctus vedicus  Kalashian) և արաքսյան (Tanyproctus araxidis Rtt.) բնդեռիկները, արաքսյան չրխկանը (Cardiophorus araxicola Khnz.), վեդիական (Sphenoptera vediensis Kalashian), Խնձորյանի (Sph. Khnzoriani Kalashian) ոսկեբզեզները, արաքսյան (Agrilus araxenus Khnz.), Ռյաբովի ծաղկեփոշեկերները (Mycetocha rinarjabovi  Khnz.) և Սեմենովի սևամարմինը (Cyphostetha semenoviRtt.):

Շնորհիվ բնորոշ, յուրահատուկ ֆլորիստիկ բազմազանության  և հազվագյուտ ու անհետացող բուսատեսակների և կենդանատեսակների ներկայացվածության մեծ աստիճանի, արգելավայրը հանդիսանում   է առանձնահատուկ կարևորություն ունեցող օբյեկտ Հայաստանի ֆլորայի և ֆաունայի պահպանության համար։

Գրականություն խմբագրել

  • Մենք և մեր մոլորակը, «Խազեր», Երևան 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։