Իշխանիգոմ, (նաև՝ Իշխանի Գոմ[1], թուրքական պաշտոնական անվանումը՝ թուրքերեն՝ Bakımlı, Բաքըմլը), նախկին հայկական, ներկայում քրդաբնակ բնակավայր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում՝ Վանա լճից 2.5 կմ արևելք, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Էդրեմիտ (նախկին Արտամետ) շրջանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 1670 մ բարձրության վրա[2][3]։

Գյուղ
Իշխանիգոմ
թուրքերեն՝ Bakımlı (Բաքըմլը)
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՆահանգՎանի նահանգ
ԳավառՀայոց ձորի գավառ
ԲԾՄ1670 մ
Ժամային գոտիUTC+3
Իշխանիգոմ (Թուրքիա)##
Իշխանիգոմ (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել

Իշխանիգոմ գյուղը ունի հազարամյակների պատմություն, ինչի մասին վկայում է դեռևս 1879 թվականին հիշատակված սեպագիր արձանագրությունը[1][2]։ Հետագա տարիներին բնակավայրում հայտնաբերվել են ևս երկու սեպագիր արձանագրություններ, որոնք, ինչպես և հիշատակված առաջին արձանագրությունը, վերաբերում էին Մենուայի ջրանցքի կառուցմանը[2]։ Արձանագրության մեջ գրված էր․

  Խալդյան զորությամբ Մենուաս՝ Իշպուինիի որդին, այս ջրանցքն անցկացրի՝ «Մենուայի ջրանցք» անվամբ[2][4]։  

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության (Համիդյան կոտորածների) ժամանակ Իշխանիգոմում սպանվում են 39 հայեր[2][5]։

Հայոց ցեղասպանություն

խմբագրել

Հայոց ցեղասպանության ժամանակ Իշխանիգոմ գյուղը նույնպես ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի պետական ցեղասպանական քաղաքականությանը։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու պատրվակով ինչպես կայսրության այլ բնակավայրերից, այնպես էլ Իշխանիգոմից զորակոչվում էին արական սեռի հայերը։ Իշխանիգոմի 20-ից 45 տարեկան շուրջ 150 բնակիչ զորակոչվեց, որոնք հետագայում սպանվեցին[2][6]։

Հայերի կոտորածների սկսվելուն պես 1915 թվականի ապրիլի 6-ն Իշխանիգոմում ապաստանում հարակից հայկական բնակավայրերի, այդ թվում՝ Կեմ, Աթանանց, Թրքաշեն, Խարականց, Մարգս, Ղզլդաշ, Մյուլք, Սուրբ Վարդան, Սպիտակ վանք գյուղերի ջարդերից փրկված բնակչությունը, ինչպես նաև Անգեղ գյուղի 15 տղամարդ, որոնք չեն ցանկացել զորակոչվել բանակ[2]։

Իշխանիգոմը ցեղասպանության ենթարկելու նպատակով ապրիլի 7-ի կեսօրին Գավաշի Խալըդ բեյը 1000 ձիավորի ու հետևակի զինվորներով պաշարում է գյուղն ու կրակ բացում թնդանոթներից։ Գյուղում գտնվող շուրջ 100 զինված երիտասարդներ դիմադրություն են ցույց տալիս թուրքական ուժերին։ Հայկական ինքնապաշտպանական խումբը ղեկավարում էին Տեր-Հակոբ Մատոյանը, Համբարձումը, Նշանը, Խորգոմցի Օհանը, Արմենակը, Պետրոսը, Քեոշկցի Պոլկոն, Իսրոն։ Ինքնապաշտպանական կռիվը տևում է մինչև երեկոյան ժամը 7-ը։ Մութնելուն պես շուրջ 3000-ից 4000 մարդ Իշխանագոմից դուրս է գալիս և զինված հայ կամավորականների ուղեցությամբ մեկնում դեպի Սուրբ Վարդան գյուղի հարևանությամբ գտնվող ձորը, որտեղից մոտ 500 տղամարդ զինվելու նպատակով մեկնում են Վան քաղաք, իսկ կանայք, երեխաներն ու ծերերը՝ դեպի Արտամետի կառավարչատուն։ Սակայն Արտամետում կանայք ու երեխաներ ենթարկվում են բռնությունների (բռնաբարություններ, ծեծ, սպանություններ)։ Վանից վերադառնալուց հետո զինված տղամարդիկ դեպի հարակից գյուղերը փախած շուրջ 2500 մարդու հավաքելով տեղափոխվում են Վարագավանք՝ ճանապարհին զինված դիմադրություն ցույց տալով թուրքերի և քրդերի զինված խմբերին։ Հայտնի է, որ Վարագավանքում ապաստան գտած մարդկանց մի մասը տեղափոխվում է Վան, իսկ մյուս մասը՝ Վարագավանքի անկումից հետո է նոր միայն փոխադրվում Վան[3][7][8][9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Սրվանձատյանց Գ․, Թորոս աղբար․ Հայաստանի ճամփորդ, մասն Բ, Կ․Պոլիս, 1884, էջ 279։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 85-91։
  3. 3,0 3,1 Միրախորեան Մ., «Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի», մասն Ա, Կ.Պօլիս, 1884թ., էջ 130.131
  4. Арутунян Н., Корпус урартских клинообразных надписе, Ереван, 2001, ст. 93-94․
  5. «Հնչակ», 1896, N 16, 10 օգոստոս, էջ 123։
  6. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, վերապրածների վկայություններ, Երևան, 2012, հ․ 1, էջ 156
  7. Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 58, 19 նոյեմբեր, էջ 3։
  8. «Հայրենիք», 1924, N 1, էջ 93։
  9. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, վերապրածների վկայություններ, Երևան, 2012, հ․ 1, էջ 160
  10. Ա-Դո, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, էջ 205-207։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 376