Թռչում են կռունկները
Թռչում են կռունկները (ռուս.՝ Летят журавли), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1957 թվականին՝ Միխայիլ Կալատոզովի կողմից, Վիկտոր Ռոզովի «Հավերժ կենդանի» պիեսի հիման վրա։ 1958 թվականին ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին։
Թռչում են կռունկները ռուս.՝ Летят журавли | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2], դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | հոկտեմբերի 12, 1957[3] և մարտի 21, 1960[3] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Կալատոզով[1][2] |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Ռոզով |
Դերակատարներ | Տատյանա Սամոյլովա[2], Ալեքսեյ Բատալով[2][4], Վալենտին Զուբկով[4], Վասիլի Մերկուրև[5], Ալեքսանդր Շվորին, Սվետլանա Խարիտոնովա, Կոնստանտին Կադոչնիկով, Անտոնինա Բոգդանովա, Բորիս Կոկովկին և Վալենտինա Անանինա |
Օպերատոր | Սերգեյ Ուրուսևսկի |
Երաժշտություն | Մեչիսլավ Վայնբերգ |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 2 500 000 ԽՍՀՄ ռուբլի[6] |
The Cranes Are Flying Վիքիպահեստում |
Սյուժեն
խմբագրելՖիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին և դրանից առաջ։
Բորիսն ու Վերոնիկան սիրում են միմյանց և պատրաստվում են ամուսնանալ։ Նրանք երեկոյան զբոսնում են Մոսկվայում և նկատում են թե ինչպես է քաղաքի վրայով թռչում կռունկների երամը։ Այդ նույն առավոտ սկսվում է պատերազմը։ Որպես կամավոր, Բորիսը մեկնում է ռազմաճակատ և Վերոնիկային նվեր է թողնում խաղալիք՝ ոսկե ընկույզներով լի զամբյուղով սկյուռ, իսկ ընկույզների տակ նա երկտող է թողնում։ Բորիսին ճանապարհում են ռազմաճակատ, սակայն Վերոնիկան չի հասցնում նրան հրաժեշտ տալ։
Մոսկվայում ռմբակոծություններ են սկսվում։ Օդային տագնապի ժամանակ Վերոնիկան մոր հետ շտապում է տուն, որտեղ հայրը հրաժարվում է նրանց հետ պատսպարվելու համար գնալ մետրո։ Մայրը մնում է տանը՝ հոր հետ, իսկ Վերոնիկային ուղարկում են մետրո։ Նա միայն կարողանում է իր հետ վերցնել Բորիսի նվիրած սկյուռը։ Տագնապից հետո Վերոնիկան վերադառնում է տուն և տեսնում, որ իրենց տունը ռմբակոծությունից փլուզվել է, իսկ ծնողները զոհվել են։
Բորիսի հայրը՝ Ֆեոդոր Իվանովիչ Բորոզդինը, ով բժիշկ էր, Վերոնիկային առաջարկում է գալ իրենց մոտ։ Այնտեղ Վերոնիկան հանդիպում է Մարկին՝ Բորիսի հորեղբորորդուն։ Մարկը տաղանդավոր դաշնակահար էր և վաղուց էր սիրահարված Վերոնիկային։ Նա սկսում է սիրահետել Վերոնիկային և վերջապես տեղի տալով Մարկի համառությանը, Վերոնիկան ամուսնանում է նրա հետ։ Այդ հանգամանքը ծանր է տանում Բորոզդինների ողջ ընտանիքը։
Բորիսի և նրա ընկեր Ստեփանի զորամասը դժվարությամբ դուրս է գալիս շրջափակումից։ Զինվորներից մեկը վատ է արտահայտվում Վերոնիկայի հասցեին։ Բորիսը հարվածում է նրա դեմքին և երկուսին, որպես պատիժ, ուղարկում են հետախուզության։ Գնդակների և արկերի պայթյունի ներքո Բորիսը մի կերպ քարշ է տալիս իր վիրավոր ընկերոջը։ Այդ ժամանակ նա խոցվում է թշնամու արձակած գնդակից։
Բորոզդինների ընտանիքին տարհանում են Ուրալից այն կողմ։ Վերոնիկան հոսպիտալում բուժքույր է, իսկ Բորիսի հայրը նույն հոսպիտալի գլխավոր բժիշկն է։ Վերոնիկան դժբախտ է, քանի որ իր կարծիքով, ամուսնանալով Մարկի հետ, նա դավաճանել է Բորիսին։ Վերջինիս զոհվելու մասին նա տեղեկություն չուներ։
Մի անգամ հոսպիտալում, վիրավորներից մեկն իմանալով, որ իր հարսնացուն ամուսնացել է ուրիշի հետ, նյարդային ցնցման մեջ է ընկնում։ Ֆեոդոր Բորոզդինը փորձում է հանգստացնել զինվորին, ասելով, որ իր երջանկությունը կորցրել է ոչ թե նա, այլ նրա հարսնացուն։ Ողջ հոսպիտալը աջակցում է զինվորին և Վերոնիկան, տեսնելով, թե ինչպես են բոլորը վատաբանում անհավատարիմ հարսնացուներին, դուրս է փախչում հոսպիտալից և ցանկանում ինքնասպան լինել։ Նա բարձրանում է կամրջի վրա, որպեսզի ցած թռչի մոտեցող գնացքի տակ, սակայն վերջին պահին նկատում է ճանապարհի վրա խաղացող տղային։ Նա փրկում է երեխային բեռնատարի անիվների տակից և պարզում, որ տղան մոլորվել է, իսկ նրա անունը Բորիս է։ Տղայի հետ նա վերադառնում է տուն և ցանկանում է նրան տալ խաղալիք սկյուռը, բայց պարզվում է, որ այն տարել էր Մարկը։ Ինչպես պարզվում է, վերջինս հանդիպում էր այլ կնոջ հետ։
Մարկը զվարճացնում է ամբոխին՝ դաշնամուր նվագելով։ Սեղանի վրա, կերակուրների կողքին դրված է խաղալիք սկյուռը, որը Մարկը նվիրել էր սիրուհուն։ Կանանցից մեկը վերցնում է սկյուռը և գտնում Բորիսի երկտողը։ Այդ պահին ներս է մտնում Վերոնիկան, խլում երկտողը, ապտակում Մարկին և հեռանում։ Շուտով ընտանիքի հայրը Մարկին հեռացնում է տանից։
Մի օր, երբ Վերոնիկան սպիտակեղեն էր լվանում, գալիս է այն զինվորը, ում Բորիսը փրկել էր ռազմի դաշտում։ Նա պատմում է, որ Բորիսը զոհվել է, սակայն Վերոնիկան նրան չի հավատում, քանի որ զինվորը տեսել էր միայն Բորիսի վիրավորվելը, բայց մահանալը չէր տեսել։
Պատերազմը ավարտվում է։ Վերոնիկան Բորիսին չէր մոռացել և հույսով սպասում էր նրան։ Ժամանում է վերադարձող զինվորներով լի գնացքը։ Նրանց դիմավորում են արցունքոտ աչքերով ու ծաղկեփնջերով։ Վերոնիկան վազում է ամբոխի միջով՝ փնտրելով Բորիսին։ Վերջապես նա հանդիպում է Ստեփանին։ Վերջինս Վերոնիկային է հանձնում լուսանկարը, որը ժամանակին նա տվել էր Բորիսին։ Վերոնիկան հասկանում է, որ Բորիսը զոհվել է։ Արտասվելով նա քայլում է ամբոխի միջով։ Շոգեքարշի վրայից Ստեփանը խոսում է, ասելով, որ հաղթանակի ուրախությունն հսկայական է, իսկ կորուստների վիշտը անչափելի և հիմա մարդիկ ամեն-ինչ կանեն, որ այսպիսի պատերազմ այլևս չլինի։ Վերոնիկան քայլելով ամբոխի մեջ, ծաղիկներ է բաժանում բոլորին։ Այդ պահին բոլորը տեսնում են, թե ինչպես է երկնքում ճախրում կռունկների երամը։
Դերասանական կազմ
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Տատյանա Սամոյլովա | Վերոնիկա |
Ալեքսեյ Բատալով | Բորիս |
Ալեքսանդր Շվորին | Մարկ |
Վասիլի Մերկուրև | Ֆեոդոր Իվանովիչ |
Անտոնինա Բոգդանովա | Բորիսի տատը |
Վալենտին Զուբկով | Ստեփան |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Վիկտոր Ռոզով | սցենարիստ |
Միխայիլ Կալատոզով | ռեժիսոր |
Սերգեյ Ուրուսևսկի | օպերատոր |
Մոիսեյ Վայնբերգ | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- ԽՍՀՄ կինոթատրոններում ֆիլմը դիտել է 28,3 միլիոն հանդիսատես[7]։
- Նիկիտա Խրուշչովը ֆիլմը դիտելուց հետո, գլխավոր հերոսուհուն անվանել է «պոռնիկ»[8]։
- Նկարահանումների ժամանակ Տատյանա Սամոյլովան տառապում էր տուբերկուլոզով[9]։
- 1958 թվականին, Կաննի կինոփառատոնում ֆիլմի հաղթական երթի մասին ԽՍՀՄ-ում հաղորդել են վերապահումով, չնշելով ոչ ռեժիսորի և ոչ էլ սցենարի հեղինակի անունները[10]։
- Կինոնկարը միակ խորհրդային լիամետրաժ ֆիլմն է, որն ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0050634/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2043.html
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0050634/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/leca-zurawie
- ↑ http://www.zeit.de/1959/24/attacke-fuer-die-kinder/seite-2
- ↑ Федор Раззаков. Наши любимые актрисы. ЭКСМО-Пресс, 2000. С. 114.
- ↑ Актриса, которая повергла Софи Лорен Արխիվացված 2008-05-07 Wayback Machine // interfax.ru Կաղապար:Проверено
- ↑ Занимательные факты о Татьяне Евгеньевне Самойлове
- ↑ Летят журавли и спутник Известия. 18.05.2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչում են կռունկները» հոդվածին։ |