Բացել գլխավոր ցանկը

Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736)

ՆախապատմությունԽմբագրել

1721 թվականին արևելքից Պարսկաստան ներխուժեցին աֆղանական գիլզա ցեղերը, որոնք հաջորդ տարի գրավեցին պարսից մայրաքաղաք Սպահանը: Աֆղանների առաջնորդ Միր Մահմուդը իրեն նոր շահ հռչակեց, սակայն պարսկական գավառների մեծ մասը չընդունեցին այդ փաստը: Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմասպը, փախավ հյուսիս և այստեղ իրեն շահ հռչակեց: Նրա հենարանը դարձան Ադրբեջանը և մերձկասպյան շրջանները:

Թահմասպը օգնություն խնդրեց Ռուսաստանից՝ փոխարենը խոստանալով զիջել հյուսիսային գավառները: Ռուսական զորքերը մտան Դաղստան և հյուսիսային Ադրբեջան: Օսմանյան կայսրությունը օգտվեց իրավիճակից և նույնպես ներխուժեց Պարսկաստան: 1725 թվականին Միր Մահմուդին փոխարինած Միր Աշրաֆը ստիպված եղավ 1727 թվականին կնքելու Համադանյան պայմանագիրը, ըստ որի իրեն փաստացի ճանաչում էր որպես սուլթանի վասալ, և Օսմանյան կայսրությանը զիջեց ողջ արևմտյան և հյուսիսային Իրանը՝ ներառյալ այն շրջանը, ուր այսօր գտնվում է Թեհրանը:

1726 թվականին Թահմասպ 2-րդի մոտ ծառայության անցավ ղզլբաշների ադշար ցեղերից Նադիրը, ով նշանակվեց Խորասանի կուսակալ: Նադիրը ընդունեց Թահմասպ-կուլի խան («Խան՝ Թահմասպի ստրուկ») տիտղոսը՝ դրանով ի ցույց դնելով իր նվիրվածությունը սեֆյան շահին: 1729 թվականին Նադիրը վճռական պարտության մատնեց Միր Աշրաֆին, չնայած որ վերջինիս օգնության էին շտապել օսմանյան ուժերը. Միր Աշրաֆը զոհվեց փախուստի ժամանակ:

Իրադարձությունների ընթացքԽմբագրել

Գահի՝ աֆղանական թեկնածուների հետ հաշվեհարդար տեսնելով՝ Նադիրը շարժվեց օսմանների դեմ: Ստեղծելով ուժեղ բանակ՝ նա շարժվեց հյուսիս-արևմուտք, գրավեց Թավրիզը և մի շարք լուրջ հաղթանակներ ունեցավ: Սակայն, քանի դեռ Նադիրը մարտնչում էր Խորասանում, Թահմասպ 2-րդը նոր, ստորացուցիչ հաշտություն կնքեց թուրքերի հետ: Այդժամ Նադիրը գահընկեց արեց Թահմասպին և շահ հռչակեց նրա ութ ամսական որդուն՝ Աբբաս 3-րդին:

Նադիրի նախաձեռնությամբ 1732 թվականին Ռաշթ քաղաքում պայմանագիր կնքվեց Ռուսաստանի հետ, որի համաձայն վերջինս պարտավորվեց չեզոքություն պահպանել պարսկա-թուրքական պատերազմի ժամանակ՝ չհարձակվել Պարսկաստանի վրա (Ռուսաստանը Պարսկաստանի վրա հարձակվելու պարտավորություն ուներ 1724թ․ հունիսի 12-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրով)։ Պարսկաստանը պարտավորվեց պաշտպանել ռուսական առևտրային և մշակութային շահերը պատերազմի ժամանակ (այդ պարտավորությունն իրացնելու համար պարսկական պատվիրակության անդամ Դիզակի Մելիք Եգանը Աննա կայսրուհու կողմից ստանում է ռուսական բանակի գեներալի կոչում)։ Ռուսաստանը Պարսկաստանին վերադարձրեց Մազանդարան, Աստրաբադ (ներկայում՝ Գոլեստան) և Գիլան մարզերը (Կասպից ծովի հարավային ափամերձ մարզերն են): Դրա դիմաց Ռուսաստանը Պարսկաստանի հետ անմաքս առևտուր անելու իրավունք ստացավ։ Այդպիսով, Նադիր շահը չեզոքացնելով հյուսիսից ռուսական հնարավոր ներխուժման վտանգը, 1733-ին սկսում է արշավանք։

Հայերի մասնակցությունը պարսկա-թուրքական պատերազմինԽմբագրել

Նադիր շահը մելիք Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել դեպի Հայաստան արշավանքի համար։ Նադիրը այցելում է Էջմիածնի Մայր Տաճար, մասնակցում պատարագի, ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին, ինչը ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։ Եգանի հեղինակությամբ և եկեղեցու կոչով դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի հայ մելիքները, ընդհանուր՝ մոտ 20.000 զինվոր։

Եղվարդի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբագրել

Մելիք Եգանի և Նադիր շահի համատեղ ռազմական հաջողություններից է 1733 թ. Սարը Մուստաֆա փաշայի 40.000-անոց զորքի կոտորածը։ Իրանական և օսմանյան զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1735 թ. հունիսի 14-ին Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները պարտվում են։ Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում կռվում էին հայկական 6 զորախումբ, մելիք Եգանի, մելիք Շահնազարի, մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների ղեկավարությամբ։ (Եղվարդի ճակատամարտի ելքից օգտվեց նաև Ռուսաստանը, որն ամռան վերջում Ղրիմը գրավելու առաջին փորձը կատարեց)։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ-պարսկական զորքերը գրավեցին Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքիան զորքերը դուրս բերեց Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։

Արդյունքներ և հետևանքներԽմբագրել

Օսմանյան կայսրությունը 1735 թվականի վերջին սկսեց սեպարատ հաշտության բանակցություններ վարել Նադիրի հետ: Բանակցությունների արդյունքում 1736 թվականին Էրզրումում Իրանի և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով վերականգնվեց իրանա-օսմանյան 1722 թվականի սահմանագիծը՝ Թուրքիան ճանաչեց Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։

Պատերազմից հետո Նադիր շահը, գնահատելով հայերի մասնակցությունը, արտոնություններ շնորհեց հայ առևտրականներին, հարկերից ազատեց հայ եկեղեցուն և գյուղացիներին, մելիք Եգանին շնորհեց խանի տիտղոս, և հայկական 6 մելիքությունների վրա կարգեց բեկլարբեկի (իշխանաց-իշխան)։ Եգանի պահանջով ազատվեցին նաև նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500 հայ գերիները։

Թուրք-պարսկական պատերազմից առաջ տեղի էին ունեցել Սյունիքի (1722-1730) ու Արցախի (1724-1731) ազատագրական պատերազմները, և արդյունքում 1736 թվականին ձևավորվեց հայկական ինքնավարություն և կոչվեց «Խամսայի մելիքություններ»։ Դրանց մեջ մտան Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի մելիքությունները։ Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ ճանաչվեց Մելիք Եգանը։

ԱղբյուրներԽմբագրել