Թիֆլիսի հայկական տպագրություն

Թիֆլիսի հայկական տպագրություն, հայերեն գրքերի ու պարբերականների տպագրությունը Թիֆլիսում։

Պատմություն

խմբագրել

Թիֆլիսի առաջին հայկական տպարանը հիմադրվել է 1819 թվականին՝ Ոսկան Երևանցու տպատառերով, որոնք Հոլանդիայում ճամփորդելիս ձեռք է բերել Գևորգ Արծրունին՝ Ներսես Աշտարակեցու խորհրդով։ Սկզբում տպագրվել են եկեղեցական հայտարարություններ, կոնդակներ, ցուցակներ և այլն։ 1823 թվականին լույս է ընծայվել առաջին գիրքը՝ բժիշկ Դ. Մկրտչյան Կարբեցու «Պատմութիւն եւ խրատ բժշկութեան...» երկը։ 1825 թվականին տպարանն անցել է Ներսիսյան դպրոցին. մինչև 1830 թվականը գործել է Հարություն Ալամդարյանի տնօրինությամբ։ Շուրջ 4 տասնյակ հրատարակություններից ուշագրավ են գեներալ Սիպ­յագինի «Ազդարարութիւն առ Հայս» և «Առաջադրութիւն հայոց նոր սարքուող զօրքի համար» (երկուսն էլ՝ 1827), «Երախայրիք Ներսիսեան դպրոցի» (գիրք Ա, Բ, 1828), Ս. Ջալալանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (մաս Ա–Բ, 1842, 1858) երկերը, Խաչատուր Աբովյանի «Վէրք Հայաստանի» (1858) վեպը, Հ. Կարենյանի «Բաղդատութիւն պատմութեան Մովսիսի Խորենացւոյ տպագրելոյն ի Վենետիկ ընդ երկուց ձեռագրաց» (1858), Ս. Պալասանյանի «Պատմութիւն հայոց գրականութեան» (1865) աշխատությունները և այլն։ Այստեղ են տպագրվել «Կովկաս» (1846–47), «Մեղու Հայաստանի» (1858–61) թերթերը։ Տպարանը փակվել է 1860-ական թվականների կեսերին։

 
«Մեղու Հայաստանի»
 
«Հայկական աշխարհ»

Երկրորդ՝ Հակոբ և Դավիթ Արզանյանների տպարանը գործել է 1838-1843 թվականներին. հրատարակել է Խ. Աբով­յանի «Նախաշաւիղ»-ը (1838, առաջին տպագրություն), ժամանակի խոսակցական աշխարհաբարով՝ «Կանօններ Ղրուզինո Իմերետինսկի ղուբերնիայի» (1842), Ե. Տեր-Ղուկասյանի «Կանոնք գործածականք» (1843) գրքույկները։ Տպարանատեր Համբարձում Էնֆիաճյանը (Գաբրիել Մելքումյանի և ուրիշների ընկերակցությամբ) 1860-1880 թվականներին տպագրել է Խ. Աբով­յանի, Պ. Պռոշյանի, Ղ. Աղայանի, Գ. Սունդուկանի, Րաֆֆու և ուրիշների երկերի առաջին հրատարակությունները, «Կռունկ Հայոց աշխարհին», «Հայկական աշխարհ», «Փորձ» պարբերականները։ Տպարանն այնուհետև անցել է Մարկիանոս Ռոտինյանին և 1883 թվականից մինչև դարավերջ տպագրել շուրջ 200 անուն գիրք, նաև «Մուրճ» ամսագիրը։ Մինչև 1920 թվականը հոր գործը շարունակել է որդին՝ Տիգրան Ռոտինյանը։

Հայկական ամենաարգասավոր և նորագույն սարքավորումերով կահավորված տպարանը Հովհաննես Մարտիրոսյանի և նրա Կոստանդին ու Մնացական որդիներինն էր։ 1875–1900 թվականներին նրանք տպագրել են ավելի քան 500 անուն գիրք, «Արձագանք», «Մշակ», «Մանկավարժական թերթ», «Թատրոն» պարբերականները։

1881 թվականին հիմադրված Մովսես Վարդանյանի տպարանում տպագրվել են շուրջ 200 անուն գիրք և մի քանի պարբերական, Տիգրան Նազարյանի «Արոր» (1890–1915) տպարանում, հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականությունից բացի, հրատարակվել են նաև գիտահանրամատչելի գրքույկներ, նկարչական ալբոմեր, վերարտադրություններ, գեղագրության ձեռնարկներ։

1880-ական թվականներից մինչև XX դարի սկիզբը Ա. Մելիք-Շահնազարյանի տպարանում հրատարակվել են «Նոր-Դար» լրագիրը և մի քանի տասնյակ գրքեր։ XX դարի սկզբին բուռն գործունեություն է ծավալել միակ կին տպարանատեր օրիորդ Նվարդ Աղանյանը (Գյուտ Աղանյանի դուստրը)։ Հայտնի էին նաև Գաբրիել Պատկանյանի, Հակոբ Արզումանյանի, Ավետիք Թառումյանի, Շապանյանի, Մ. Հակոբյանի, Է. Պողոսյանի և ուրիշների տպարանները։ Մինչև 1920 թվականը Թիֆլիսում գործել են ավելի քան 30 հայկական և հայերեն գրքեր հրատարակող 20 օտարալեզու (Մ. Շարաձեի, Ծերեթելի և ընկ., Ի. Չանցևի, Յակշատի, Ա. Միխելսոնի և ուրիշների) տպարաններ։

Կովկասի փոխարքայի գլխավոր կառավարչության տպարանը (հիմնադրվել է 1804 թվականին, ունեցել է ռուսերեն, վրացերեն, հայերեն, ֆարսի. տառատեսակներ, տպագրել է Ռուսական կայսրության օրենքներն ու տեղական իշխանությունների ընդունած որոշումերը և տարածել Կովկասի ազգաբնակչության շրջանում. այս փաստը հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ Թիֆլիսում հայկական տպագրությունն սկզբնավորվել է 1804 թվականին), հայերենով պաշտոնական հրատարակություններից բացի, տպագրել է պարբերականներ, հասարակական, քաղաքական, տնտեսագիտական, գեղարվեստական գրքեր՝ Ե. Արծրունու «Խնդիր երկաթէ ճանապարհի վերայ դէպ ի Հնդկաստան» (1872) ուղեգրությունը, Պ. Զուբովի «Ղարաբաղի աստղագէտը...» (1882), Րաֆֆու «Դաւիթ Բեկ» (գիրք 1–3, 1881–82) վեպերը, «Խամսայի մէլիքութիւններ» (1882) ժամանակագրությունը և այլն։

Հետագայում հայերեն գրքեր տպագրվել են «Զարյա Վոստոկա» (նախկին Ա. Մյասնիկանի անվան), իսկ «Խորհրդային Վրաստան» (այժմ՝ «Վրաստան») թերթը և «Կամուրջ» ալմանախը՝ Վրաստանի կոմուսի ԿԿ հրատարակչության (այժմ՝ Վրաստանի «Սամշոբլո» լրագրաամսագրային հրատարակչություն) տպարաններում։

Գրականություն

խմբագրել
  • Նալբանդյան Վ., Թբիլիսին հայ մատենագրության մեջ, Ե., 1958։
  • Թէոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, Ե., 2012 (նմանահանություն)։
  • Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, 2012։
  • Մաղալան Վ., Հայ տեղական մամուլը և գրատպությունը Վրաստանում (1885-1990 թթ.), Ե., 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։