Խոտաբույսեր, բարձրակարգ բույսերի կենսական ձև։ Խոտաբույսերը ունեն ցողուն և տերևներ, որոնք հողի մակերևույթին վեգետացիոն շրջանի վերջում ոչնչանում են։ Նրանք հողի մակերևույթին չեն առաջացնում փայտացած ցողուն[1]։ Խոտաբույսերը բաժանվում են միամյաների, երկամյաների և բազմամյաների[2]։ Որոշ համեմատաբար արագ աճող խոտաբույսեր (հատկապես միամյաներ) հանդիսանում են պիոներ-բույսեր, որոնք այդ տարածքի առաջին ապրողներն են, և նրանք են որոշում բուսատեսակների անագենեզը։ Մյուս բուսատեսակները ձևավորում են կայուն կենսամիջավայրերի հիմնական բուսականությունը` զարգանալով, օրինակ՝ անտառի հողամերձ հարկում կամ բնական բաց կենսամիջավայրում` մարգագետին, աղակալած հողեր, անապատ։

Հիմնական բնութագրիչներ խմբագրել

 

Այս կենսաձևի գլխավոր բնութագրիչը վերգետնյա ձմեռող բազմամյա մասերի բացակայությունն է։ Այս առանձնահատկությունը, անշուշտ, ավելի վերաբերում է հյուսիսային եղանակային կլիմային հարմարված բույսերին։ Հարավային անապատներում կամ արևադարձներում այս հատկությունը մեծ վերապահումներով է կիրառվում։ Այսպես, արևադարձներում, ուր չկա ձմեռ, չկան չոր սեզոններ, խոտաբույսերը կարող են ունենալ բազմամյա վերգետնյա մասեր և մեծ չափերի հասնել։ Խոտաբույսերի ճիշտ տարբերակման համար կենսաբանները կիրառում են այլ հատկանիշներ՝ վերգետնյա փայտացած մասերի բացակայություն, դրանց հյութալիություն, փափկություն (շատ պարենքիմա), թույլ արտահայտված կամբիումի շերտ և երկրորդային հաստացման հնարավորության բացակայություն, խիստ պարենքիմացված փոխադրող համակարգ և այլն։ Այնուամենայնիվ, բոլոր այս հատկանիշները ոչ միշտ են աշխատում։ Այսպես, ցողունի փայտացումը այս կամ այն չափով հատկանշական է շատ խոտաբույսերի համար, ծառերի և թփուտների մոտ հանդիպում են փափուկ ցողունով, գրեթե խոտային ձևեր։ Գործը բարդացնում է և այն, որ խոտային և փայտացողուն բույսերի միջև գոյություն ունեն անցումային ձևեր։ Խոտաբույսերը առաջացնում են արմատային համակարգ , ընձյուղ (ցողուն, տերևներ), ծաղիկ։

Բազմամյա խոտաբույսերի մոտ գետնի վրա սողացող ընձյուղները կամ ստորգետնյա ընձյուղները ապրում են մի քանի տարի, իսկ վերգետնյա ընձյուղները՝ մեկ տարի։ Վերգետնյա ընձյուղները չեն փայտանում և ոչնչանում են ամբողջովին, նոր ընձյուղներն առաջանում են վեգետատիվ բողբոջներից:Միամյա խոտաբույսերը ամբողջովին ոչնչանում են վեգետատիվ շրջանի վերջում կամ ծաղկումից և պտղակալումից հետո, հետո նորից ծլում են սերմերից[3]։ Միամյաները մեկ վեգետատիվ շրջանում անցնում են իրենց կենսական ցիկլը՝ ծլում են սերմերից, ծաղկում են, պտղակալում են և ոչնչանում։ Վաղ գարնանայինների մոտ սերմերը ծլում են գարնանը, ամռանը պտղակալումից հետո բույսերը ոչնչանում են։ Ձմեռող միամյաների սերմերը ծլում են աշնանը, բույսերը ձմեռում են նոր ծլած մերձարմատային տերևներով կարճացած ընձյուղով, հաջորդ տարի ծաղկում են, պտղակալում են, ապա ոչնչանում։

Երկամյա խոտաբույսերը ապրում են երկու տարի։ Առաջին տարում զարգանում են վեգետատիվ օրգանները, երկրորդ տարում ձևավորվում է ծաղկային ընձյուղը։ Ծաղկումից և պտղակալումից հետո երկամյաները ոչնչանում են։ Երկամյաները ցողունի հիմքում առաջին տարվա տերևների առկայությամբ տարբերվում են միամյաներից, իսկ կոճղարմատների, պալարների, սոխուկների բացակայությամբ տարբերվում են բազմամյաներից։

Երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցողունները վեգետացիոն շրջանի վերջում ոչնչանում են, ստորգետնյա կամ գետնամերձ մասերը ձմեռում են։ Նոր ցողունները, կաուդեքսը( ցողունի գետնամերձ հաստացած մասը), ընձյուղի ստորգետնյա ձևափոխությունները՝ սոխուկները, պալարները արմատապալարները, ստոլոնները, ձևավորվում են ստորգետնյա կամ գետնամերձ մասերի կենդանի հյուսվածքներից։ Երկամյա խոտաբույսեր են ցանովի գազարը, վայրի գազարը, սովորական խաչխոտը։ Բազմամյա խոտաբույսեր են քաջվարդը, անանուխը, առվույտը, պտերների մեծ մասը և խոտաբույսերի մեծ մասը։ Ի տարբերություն բազմամյա խոտաբույսերի, բազմամյա բույսերը կամ փայտացողուն բույսերը ունեն վերգետնյա փայտացած ցողուն, որը ձմեռում է, հաջորդ գարնանը ընձյուղները աճում են վերգետնյա մասերից։ Դրանք են ծառերը, թփերը, թփուտները, լիանները։

Խոտաբույսերի դասակարգում խմբագրել

Խոտաբույսերն իրենց հերթին բաժանվում են.

  • Միամյաներ, որոնք լիովին ոչնչանում են վեգետացիայից և պտղակալումից հետո։ Բազմացումը կատարվում է սերմերով։ Օրինակ` թելուկ սպիտակ (Chenopodium album), սամիթ (Anethum graveolens), դաշտային բողկ (Raphanus raphanistrum) և այլն։
  • Երկամյաներ, որոնք կյանքի առաջին տարում ձևավորում են վեգետատիվ օրգաններ, իսկ երկրորդ տարում՝ պտղակալում և սերմակալում են, ապա ոչնչանում։ Օրինակ՝ սպիտակագլուխ կաղամբ, կարմիր ճակնդեղ և այլն։
  • Բազմամյաներ, որոնք ապրում են մի քանի տարի և սերմակալում են յուրաքանչյուր վեգետացիայի վերջում։ Օրինակ՝ երկտուն եղինջ, մաղադանոս, առվույտ ցանովի և այլն։
 
Սիխոտե-Ալինում խոտածածկը բարձրանում է մինչև 3,5մետր

Խոտաբույսերի չափեր խմբագրել

Խոտաբույսերի չափերը սկսվում են մի քանի միլիմետրից և հասնում են մինչև մի քանի մետրի։ Սիխոտե-Ալին լեռներում խոտածածկը բարձրանում է մինչև 3-3,5 մետր։ Կան և յուրահատուկ հսկա խոտաբույսեր։

Բանանը /Musa/ ամենաբարձրահասակ և հզոր խոտաբույսերից է, նրա բարձրությունը կարող է հասնել մինչև 15 մետրի և շատերս նրան դիտարկում ենք որպես ծառ։ Բայց նրա հզոր ցողունը բուն չի հանդիսանում։ Ամենաբարձրահասակ խոտաբույսեր են համարվում որոշ բամբուկներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 35 մետրի։ Դրանց ցողունը ծղոտ է։

Նշանակություն և օգտագործում խմբագրել

 
Համեմունքներ՝ չաման, խնկածաղիկ, հազրեվարդ

Մարդը հնագույն ժամանակներից և′ կենցաղում, և′ տնտեսական նպատակներով օգտագործում է խոտաբույսեր։ Լայն մասշտաբներով օգտագործվում է որպես սնունդ (կաղամբ, գազար, ճակնդեղ, բողկ, ձմերուկ, սեխ, ավելուկ, հազար և այլն), կերակուրները համեմելու համար (չաման, սամիթ, մաղադանոս, անանուխ, ռեհան, սխտոր), բուժական նպատակներով (երիցուկ դեղատնային, անանուխ, եղեսպակ, եզան լեզու, նարդոս, օշինդր և այլն), ամենատարբեր կրոնական ծիսակատարություններում, ինչպես նաև որպես անասնակեր (առվույտ, կորնգան,գարի, եգիպտացորեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gray’s Manual of Botany, American Book Co. 1889
  2. Herbaceous Plant ID Lab
  3. Levine, Carol. 1995. A guide to wildflowers in winter: herbaceous plants of northeastern North America. New Haven: Yale University Press. page 1.

Գրականություն խմբագրել

  • Трава // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.