Թթենի սպիտակ
Թթենի սպիտակ | |
![]() Թթենի սպիտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թթազգիներ (Moraceae) |
Ցեղ | Թթենի (Morus) |
Տեսակ | Թթենի սպիտակ (M. alba) |
Միջազգային անվանում | |
Morus alba |
Թթենի սպիտակ (լատ.՝ Morus alba), թթազգիների ընտանիքի, թթենիների ցեղի բույս։
ՆկարագրությունԽմբագրել
Տերևաթափ ծառեր են՝ 15-20 մետր բարձրությամբ և 60-80 սմ բնի տրամագծով։ Սաղարթը վրանաձև է, խիտ, մինչև 15 մ պրոյեկցիայով։ Երիտասարդ ընձյուղները մոխրագորշավուն են, աղվամազապատ։ Տերևները ամռանը մուգ կանաչ են, աշնանը ստանում են բաց դեղնավուն գույն, հարթ են կամ կնճռոտ, լայն-օվալաձև կամ ձվաձև, հիմքում սրտաձև կամ թեք սրտաձև, կլորավուն, սրածայր, խոշոր բլթակավոր են, 6-15 սմ երկարությամբ տերևաթիթեղով։ Տերևակոթունները բարակ են, տերևաթիթեղից կարճ։ Առէջային ծաղիկները (կատվիկները) ունեն 3 սմ երկարություն, վարսանդայինները՝ երկարավուն կամ համարյա գնդաձև են։ Բացվում են ապրիլին։ Պտղաբույլերը հասնում են 1-2.5 սմ երկարության, սպիտակ են, կանաչ սպիտակավուն կամ ծիրանա-սևագույն, քաղցրահամ։ Ընկուզիկները (որոնց պրակտիկայում սերմ են անվանում) անկյունավոր կլոր են, բաց գորշավուն։ Սպիտակ թթենին պտղաբերում է 4-5 տարեկանից։ Պտուղները հասունանում են հուլիսին։ Երիտասարդ տարիքում արագ է աճում, սահմանային բարձրության հասնելով 40-50 տարեկանում, որից հետո գագաթնային աճը գրեթե դադարում է։ Ապրում է 200-300 տարի։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված է Ճապոնիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Փոքր Ասիայում: Աճում է լեռնային անտառներում։ VII դարում շերամի որդի հետ միասին ներմուծվել է Եվրոպա: Հայաստան է ներմուծվել անհիշելի վաղ ժամանակներում։ Ներկայումս հաջողությամբ է աճում ու պտղաբերում Հայաստանի ցածրադիր տաք շրջաններում, հասնելով 15-20 մ բարձրության։ Հաճախ վայրիանում է։ Վերջին տարիներին մշակվում է նաև բարձրլեռնային շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 200 մ բարձրության վրա։ Օրինակ, Սևանի ավազանի տաք, պաշտպանված շրջաններում (Արեգունի, Ծովինար) աճում է որպես խոշոր ծառ և ամեն տարի բերք է տալիս։ Սևանի բուսաբանական այգում թեպետ թփանման է աճում, այնուամենայնիվ ամեն տարի պտղաբերում է։ Գյումրիում կան խոշոր, 70-80-ամյա ծառեր։
ԿիրառությունԽմբագրել
Պտուղները չափազանց օգտակար են և սննդարար։ Դրանցից պատրաստում են մուրաբաներ, օշարակներ, գինի, օղի: Հնուց հայտնի են թթենու բուժիչ հատկությունները։ Մեծ կիրառում ունի նաև դեկորատիվ պարտեզագործության բնագավառում։ Հատկապես բարձր են գնահատվում սպիտակ թթենու պարտեզային ձևերը։ Հայտնի են 400 սորտեր և ձևեր։ Հայաստանում լայնորեն տարածված է լացող ձևը (M. alba f. pendula Dipp.)։ Հանդիպում է նաև խոշորատերև ձևը (M. alba f. culata hort.)։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով և անդալիսով[1]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 162-163)։