Թամար զբոսայգի (անգլ.՝ Tamar Park, չինարեն՝ 添馬公園), ոչ մեծ հասարակական զբոսայգի, որը գտնվում է Չինաստանի Հոնկոնգի քաղաքի Ծովակալություն կոչվող գործնական թաղամասում (Կենտրոնական և Արևմտյան շրջան)։ Զբոսայգու մակերեսը 17,6 հազար մ² է, այն զբաղեցնում է Թամար միկրոշրջանի տարածքի 80 %-ը։ Զբոսայգին հասարակության համար բացվել է 2011 թվականի հոկտեմբերի 10-ին, այն գտնվում է Հոնկոնգի մշակույթի և ազատ ժամանցի դեպարտամենտի ղեկավարման տակ։ Զբոսայգին հանդիսանում է Թամարի զարգացման ծրագրի մաս (Tamar Development Project)։ Զբոսայգու շրջակայում գտնվում են կենտրոնական կառավարական գրասենյակը, օրենսդիր խորհրդի համալիրը և Հոնկոնգի ղեկավարի նստավայրը[1][2][3][4]։

Թամար զբոսայգի
Tamar Park, 添馬公園
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Չինաստան
ՎարչատարածքCentral and Western District?
ՏեղագրությունTamar?
Հիմնվել է2011
Բացվել էհոկտեմբերի 10, 2011
Մակերես1,76
Անվանված էTamar?
Թամար զբոսայգիը գտնվում է Չինաստանում
Թամար զբոսայգի

Թամար զբոսայգին գործում է շուրջօրյա և բաց է ամեն օր։ Այն առանձնանում է իր նրբագեղ պարզությամբ և «Մշտականաչ» («Perpetual Green» կամ «Land Always Green») դիզայներական ոճին բնորոշ կառուցվածքային տարրերով։ Զբոսայգուց երևում է Վիկտորիա ծովախորշի և Կուլուն թերակղզու հարավային ափի համայնապատկերը։ Գործնական և վարչական շրջանի ընդարձակ խոտածածկ տարածքները այցելուներին հնարավորություն են տալիս ազատ զբոսնել, ինչպես նաև նստել կամ պառկել բաց երկնքի տակ։ Զբոսայգում կա նաև ոչ մեծ այգի, ջրամբար, լողացող հարթակ, ամֆիթատրոն և սրճարան[1][5][6]։

Պատմություն խմբագրել

Թամարի զարգացման ծրագիրը (Tamar Development Project) հրապարակվել է Հոնկոնգի ղեկավար Դոնալդ Ցանգի կողմից։ Նա իր ուղերձում առաջարկեց 2006 թվականի ֆինանսական բյուջեում ներառել կենտրոնական կառավարական գրասենյակի, օրենսդիր խորհրդի համալիրի և Հոնկոնգի ղեկավարի գրասենյակի տեղափոխումը Թամար վարչական միկրոշրջան (Ծովակալության շրջան)[7]։

Բրիտանական ժամանակահատվածում այդ վայրում գտնվել է Հոնկոնգում Բրիտանական սահմանային ուժերի շտաբը, որը միավորում էր Բրիտանական բանակի, Թագավորական նավատորմիղի և Թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարության կազմերը։ Շտաբի մոտ գտնվում էր ռազմանավերի ոչ մեծ խարսխային կայան։ Այդ վայրն անվանվել է ի պատիվ HMS Tamar բրիտանական զինվորական փոխադրամիջոցի, որը գտնվել է Հոնկոնգում 1897 թվականին և մնացել է բրիտանական գաղութում մինչև 1941 թվականի ճապոնական օկուպացիան (նավը ոչնչացվել է՝ այն բռնագրավվելուց և թշնամու կողմից օգտագործելուց խուսափելու համար)[8][9]։

1979 թվականին ռազմածովային բազայի տարածքում կառուցվել է 28 հարկանի շենք՝ Փրինս-օֆ-Ուելս-բիլդինգը (Prince of Wales Building), որում մինչև 1997 թվականը գտնվել է Հոնկոնգում բրիտանական զորքերի շտաբը, իսկ այժմ տեղակայված է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի հոնկոնգյան կայազորի շտաբը։ Շինության շուրջը գտնվել են Կենտրոնական բանակային զորանոցները, իսկ ապագա զբոսայգու և կառավարական թաղամասի հողատարածքն իրենից ներկայացնում էր ընդարձակ ամայի տարածություն, որի վրա անցկացվել են բազմամարդ միջոցառումներ (այդ թվում՝ տարբեր ցուցահանդեսներ, տոնավաճառներ, համերգներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, կինոփառատոներ)[10][11]։

Թամարը 1950-ական թվականներին
Թամարը 2005 թվականին
Թամարը 2011 թվականին

2007 թվականի մարտին կառավարությունը ներկայացրեց Թամար թաղամասի վերակառուցման 4 նախագիծ, որոնք ներառում էին նաև հասարակական վայրերի ստեղծում[12]։ Վերջնական նախագծի հաստատումից հետո՝ 2008 թվականի փետրվարին սկսեցին կառուցողական աշխատանքները, 2011 թվականի հունվարին կառավարական համալիրը գործնականորեն պատրաստ էր[13], 2011 թվականի օգոստոսին փոխվարչապետ Լի Կեցյանը բացել է Կենտրոնական կառավարական գրասենյակը[14][15], իսկ նույն թվականի հոկտեմբերին զբոսայգու դռները բացվել են նաև հանրության առջև[5]։

Կենտրոնական կառավարական գրասենյակ
Օրենսդիր խորհրդի համալիր
Հոնկոնգի ղեկավարի գրասենյակ
Քանդակ այգում

Կառավարական համալիրի և Թամար զբոսայգու նախագիծը ստացել է մի շարք հեղինակավոր ճարտարապետական մրցանակներ։ Այն դարձել է 2008 թվականի դիզայնի և շինարարության մրցույթի (Design and Build Competition) հաղթող, ստացել է 2012 թվականի Skyrise Greenery Awards արծաթե պարգևը, գրավել է 2013 թվականի Հոնկոնգի ճարտարապետության դեպարտամենտի ամենամյա մրցանակը (ArchSD Award), հայտնվել է Ճարտարապետների միջազգային միության 2014 թվականի ցանկում՝ որպես «Հարմարավետ հանրային վայր», 2014 թվականին՝ Ուրբանիզացված տարածքների ամերիկյան ինստիտուտի (Urban Land Institute) կողմից, առաջադեմ փորձի համար, ստացել է գլոբալ մրցանակ[16]։

Կոնցեպցիա խմբագրել

Կառավարական համալիրի և զբոսայգու կոնցեպցիան արտացոլում են չորս հիմնական թեմաներ․ բաց լինել («դուռը միշտ բաց է»), բավականություն («երկիրը միշտ կանաչ է»), հաստատունություն («երկինքը կլինի կապույտ») և կապ («մարդիկ միմյանց հետ կլինեն կապված»)։ Զբոսայգին արտացոլում է Հոնկոնգի բաց լինելը և դյուրըմբռնելիությունը նոր մտքերի և տարբեր մշակույթների համար, իսկ Կենտրոնական կառավարական գրասենյակի կամարը («բաց դուռ») խորհրդանշում է քաղաքը, որը հպարտանում է իր ղեկավարման թափանցելիությամբ և մարդկանց նկատմամբ բաց լինելով[16][17]։

Զբոսայգին իր բուսականությամբ գտնվում է ուշադրության կենտրոնում, իսկ ճարտարապետությունը օժանդակ դեր է խաղում, խնդիր ունենալով ընդգծել կանաչ տարածության գերակայությունը։ Կամարը («դուռ») այսպես ասած զիջում է առաջնայնությունը բնությանը և լանդշաֆտին։ Զբոսայգու «կանաչ գորգը»՝ Կենտրոնական կառավարական գրասենյակի կամարով, կապում է քաղաքը ծովախորշին։ Իր օբյեկտների (քանդակների փոքրիկ բակ, Օրենսդիր խորհրդի այգի և հրապարակ, Ամֆիթատրոն, Թամարի անկյուն) շնորհիվ, զբոսայգին հաճույք է պատճառում այցելուներին և զարդարում իրենց ազատ ժամանցը[17]։

Կառավարական համալիրը և զբոսայգին մարմնավորում են ձգտումը դեպի կայուն («կանաչ») աշխարհ և շրջակա միջավայրի պահպանությունը։ Թամար թաղամասը խորհրդանշում է ավելի մաքուր ապագան և երկարատև ծրագրավորումը, որը նպաստում է «կապույտ երկնքին» վերադառնալուն։ Զբոսայգու շինությունների դասավորվածությունը և ազատ տարածքները, ինչպես նաև Կենտրոնական կառավարական գրասենյակի կամարի տեսքով կառուցվածքը թույլ են տալիս, որ օդն ազատ տեղաշարժվի բլուրներից դեպի ծով, իսկ արևի ճառագայթներին թափանցել հարավային հատվածից։ Բացի սրանից ճակատային համակարգերի նորարարական դիզայնը հնարավորություն է տալիս շոշափելիորեն մեծացնել շրջակա միջավայրի կայունությունը[17]։

Զբոսայգու և կառավարական համալիրի դիզայնը («դիզայն մարդկանց համար») այցելուներին հնարավորություն է տալիս հանդիպել և շփվել մեկ տեղում։ Դիզայնը սկսվում է քաղաքային կառուցվածքի մասին ներկայացմամբ և միմյանց է կապում Հոնկոնգի հիմնական կանաչ գոտիները (Հոնկոնգի զբոսայգուց և Ծովակալության զբոսայգիներից մինչև մերձափնյա զբոսավայրեր)։ Այս կապը մեծացնելու նպատակով, Օրենսդրական խորհրդի համալիրը և Հոնկոնգի ղեկավարի գրասենյակը տեղակայված են զբոսայգու կողմերում՝ Կենտրոնական կառավարական գրասենյակի արևելյան և արևմտյան թևերի առանցքներին։ Այսպիսով կառավարական համալիրի բոլոր բաղադրիչները երիզավորում են զբոսայգին և շրջված են դեպի ծովափը, ինչը ստեղծում է ողջ տարածքի միատարրությունն ու ամբողջականությունը[17]։

Աշխարհագրություն խմբագրել

Թամար զբոսայգին տեղակայված է Ծովակալության կենտրոնական մասում։ Հյուսիսից զբոսայգին է և կառավարական համալիրի շինությունները, որոնք միասին կազմում են մի ամբողջական ներդաշնակություն, սահմանափակված են Վիկտորիա ծովախորշի ափի զբոսավայրով, արևելքից սահմանափակվում է «Թիմմեյ ավենյու» և «Լեգիսլեյտիվ կոնսիլ ռոուդ» փողոցներով, հարավից՝ «Կոննաուտ ռոուդ սենտրալ» և «Խարկկորտ Ռոուդ» փողոցներով, արևմուտքից՝ «Թիմվա ավենյու» փողոցով։ Միջին հատվածով Թամար զբոսայգին հատում է «Լունվո ռոուդ» փողոցը, որն անցնում է ոչ մեծ ավտոճանապարհային թունելով[18]։


Թամար զբոսայգու համայնապատկերը


Տրանսպորտ խմբագրել

Կենտրոնական կառավարական գրասենյակից հարավ տեղակայված է Հոնկոնգի մետրոպոլիտենի Ծովակալություն կայարանը (այստեղ կարելի է նստել Այլենդ և Չհյունվան ուղղությունների գնացքները)։ Մետրոյի կայարանի և կառավարական համալիրի միջև, Կոննաուտ ռոուդ սենտրալ փողոցի ներքևում հետիոտն անցում է անցկացված։ Զբոսայգուն հարող փողոցներում կան քաղաքային ավտոբուսների և միկրոավտոբուսների տարբեր երթաշրջանային ուղիներ (գլխավոր կանգառները գտնվում են Հարկորտ ռոուդ և Թիմմեյ ավենյու փողոցներում)։ Հարևան՝ Լունվույ ռոուդ փողոցում կա տաքսիների ավտոկայանատեղի[19][20]։ Կենտրոնական և Արևմտյան շրջանների զբոսավայրերով կարելի է հասնել լաստանավային կենտրոնական կառանման տեղամաս, որը տեղակայված է Միջազգային ֆինանսական կենտրոնի դիմաց[1]։

Բուսականություն խմբագրել

Նախագծի համաձայն՝ Թամար զբոսայգում, փողոցների ճամփեզրերին և կառավարական շինությունների շրջակայքում մոտ 400 ծառ կա տնկված։ Բակի շրջակայքում արձանների և շուշաններով ջրավազանի հետ (ջրավազանը ձևականորեն պատկանում է Օրենսդրական խորհրդի համալիրին) կան դեկորատիվ թփեր[2]։ Զբոսայգում հանդիպում են մելիազգիների տարբեր տեսակներ (այդ թվում «Chukrasia tabularis» տեսակը)[21], մագնոլիազգիներ (լատին․՝ Magnoliaceae) (այդ թվում Michelia chapensis)[22], դափնազգիներ (լատին․՝ Lauraceae) (այդ թվում կամֆարայի ծառ և Cinnamomum burmannii)[23], թթազգիներ (լատին․՝ Moraceae) (այդ թվում Բենջամինի թզենի և մանրապտուղ թզենի, կամ չինական բանյան՝ Ficus microcarpa)[24], ֆիլանտազգիներ (այդ թվում «Phyllanthus myrtifolius»)[25], բակլազգիներ (այդ թվում «Bauhinia blakeana» և «Phanera variegata»), էլեոկարպազգիներ (այդ թվում «Elaeocarpus hainanensis»), Ապոկինացեա ընտանիքի բույսեր (այդ թվում պլյումերիաներ), դավալիաազգիներ (այդ թվում «Nephrolepis auriculata»)։ Բենջամինի թզենին օգտագործվում է կանաչ (դալար) ցանկապատեր ստեղծելու համար, «Chukrasia tabularis» և «Michelia chapensis» բույսերը ծառայում են ստվերային գոտիների ստեղծման համար, սիզամարգերում ցանված է «Axonopus compressus» բուսատեսակը[3][26][27]։

Զբոսայգու օբյեկտներ խմբագրել

Զբոսայգու բաց օբյեկտների շարքին են դասվում այգին իր ծառերով, ծաղկաթմբերի տեսք ունեցող թփերով և կանաչ ցանկապատերով, ընդարձակ սիզամարգերը («կանաչ գորգեր») նստարաններով և փակ տաղավարներով, ամֆիթատրոնը, դեկորատիվ բույսերով անկյունը, օվալաձև բետոնե «լողացող հարթակը», ջրամբարները՝ արհեստական լճակների և շատրվանների տեսքով։ Ամֆիթատրոնը նախատեսված է 240 հոգու համար և կոչված է տարբեր մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման համար։ Զբոսայգում կան նաև մեծ պատշգամբով սրճարան, հասարակական զուգարաններ և երեխաների խնամքի համար նախատեսված սենյակներ[1][28][29]։

 
Հյուսիսային հատվածից տեսարան դեպի զբոսայգի

Թամար զբոսայգուն հարավից հարում է Կենտրոնական կառավարական գրասենյակը, արևելքից՝ Օրենդրական խորհրդի համալիրը, արևմուտքից Հոնկոնգի ղեկավարի գրասենյակն է հարում։

Հոնկոնգի կառավարական մի շարք հաստատությունների վարչական շինությունները, որոնք ցրված էին քաղաքով մեկ, 2011 թվականին տեղափոխվեցին Կենտրոնական կառավարական գրասենյակ։ Դրա շինարարությունը իրականացվել են հոնկոնգյան՝ Gammon Construction (որը մտնում է Jardine Matheson ընկերության մեջ) և Hip Hing Construction (այն մտնում է New World Development ընկերության մեջ) ընկերությունների կողմից։ Թամար զբոսայգին ծառայում է, որպես կապող օղակ՝ քաղաքի, Կենտրոնական կառավարական գրասենյակի և ափամերձ զբոսավայրի միջև[17][30][31]։

Օրենսդրական խորհրդի համալիրը բաղկացած է խորհրդի կառուցահատվածից և ավելի բարձր՝ 10 հարկանի գրասենյակային կառուցահատվածից, որին հարում է այգին և ոչ մեծ հրապարակը։ Համալիրի արտաքին և ներքին տեսքի դիզայնը խորհրդանշում է Հոնկոնգի Օրենսդրական խորհրդի անկախությունն ու թափանցիկությունը։ Համալիրը կառուցված է էներգախնայող և շրջակա միջավայրի համար անվնաս նյութերից։ Կառուցահատվածները ներառում են խորհրդի նիստերի մեծ դահլիճը՝ լրագրողների և հասարակության համար նախատեսված վերին հարկով, խորհրդի կոմիտեի բաց և փակ նիստերի համար նախատեսված հինգ կոնֆերանս դահլիճներ, լրագրողական կենտրոն, գրադարան, ախիվներ, ուսուցողական պատկերասրահներ, մանկական անկյուն և այլ ծառայողական շինություններ[32]։ Հոնկոնգի ղեկավարի գրասենյակը, ինչպես և կառավարական թաղամասի մնացած մասերը, իր աշխատանքները սկսել է 2011 թվականից[33]։

Իրադարձություններ խմբագրել

 
2014 թվականի բոյկոտի խումբը

Թամար զբոսայգին բազմաթիվ բողոք ներկայացնող հավաքների, ցույցերի և քաղաքական հավաքների վայր է հանդիսանում։ 2014 թվականի սեպտեմբերին այստեղ են անցկացվել ուսանողական ելույթները, որոնք 2014-2015 թվականներին արագորեն վերաճեցին զանգվածային խռովությունների[34][35][36][37]։

Տեղացի ուսանողները, Պեկինի իշխանությունների, Հոնկոնգի նկատմամբ, բռնած քաղաքական ուղղությունից գոհ չլինելով, ի սկզբանե բոյկոտեցին կրթական դասարանները։ Երբ Պեկինը չեղարկեց ընդդիմության՝ Հոնկոնգ քաղաքի ղեկավարի ազատ ընտրությունների պահանջը, ուսանողները Թամար զբոսայգում պիկետ կազմակերպեցին[38][39]։ Ուսանողների և ոստիկանների միջև տեղի ունեցած առաջին ընդհարումներից և ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններից հետո բողոքների ալիքը դուրս եկավ Թամարի կառավարական համալիրի տարածքից և տարածվեց Հոնկոնգի այլ թաղամասերում։ Այս շարժումը հայտնի դարձավ «Occupy Central» (Կենտրոնական ֆինանսական շրջանի անունից) կամ «Անձրևանոցների հեղափոխություն» անունով[40][41]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Introduction» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
  2. 2,0 2,1 «Government's response to media enquiries on public space at Tamar» (անգլերեն). Information Services Department.
  3. 3,0 3,1 «紅磡海濱長廊 料成賞月熱點». Southern Chinese News Daily. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  4. Xue, 2016, էջ 263
  5. 5,0 5,1 «Tamar Park provides green open space in bustling city centre» (անգլերեն). Information Services Department.
  6. «Tamar Park» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Vibrant Economy (27 стр.)» (PDF) (անգլերեն). Information Services Department.
  8. Michael Steemson. «H.M.S. TAMAR, R.N. Base Hong Kong» (անգլերեն). The Royal Navy Research Archive.
  9. Piera Chen, Emily Matchar Lonely Planet Hong Kong. — Lonely Planet, 2014. — ISBN 9781743602553
  10. «Chinese People's Liberation Army Forces Hong Kong Building» (անգլերեն). Skyscraper Source Media.
  11. «Standard Hong Kong Island Tour Commentary (9 стр.)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  12. «添馬艦4設計曝光 環保掛帥 通風綠化風水元素 知名建築師之爭». Hong Kong Economic Times. 2007 թ․ մարտի 29.
  13. «Topping-out Ceremony for Tamar Development Project» (անգլերեն). Information Services Department.
  14. «CE's speech at ceremony to commemorate completion of new Government Headquarters at Tamar» (անգլերեն). Information Services Department.
  15. «新政府總部揭幕 特首:門常開民為本». Wen Wei Po. 2011 թ․ օգոստոսի 19.
  16. 16,0 16,1 «HKSAR Government Headquarters» (անգլերեն). Rocco Design Architects.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «HKSAR Government Headquarters / Rocco Design Architects» (անգլերեն). ArchDaily.
  18. «Layout Plan» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
  19. «Opening Hours» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
  20. «Public Transport Services and Traffic Arrangements for Tamar» (անգլերեն). Transport Department. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  21. «Chukrasia tabularis» (PDF) (անգլերեն). Greening, Landscape and Tree Management, Development Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  22. «Michelia chapensis» (PDF) (անգլերեն). Greening, Landscape and Tree Management, Development Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  23. «Cinnamomum burmannii» (PDF) (անգլերեն). Greening, Landscape and Tree Management, Development Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  24. «Ficus benjamina» (PDF) (անգլերեն). Greening, Landscape and Tree Management, Development Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  25. «Phyllanthus myrtifolius» (PDF) (անգլերեն). Greening, Landscape and Tree Management, Development Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  26. «Planting Futures» (PDF) (անգլերեն). Hong Kong Institute of Landscape Architects. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  27. «Tree & Landscape Map» (PDF) (անգլերեն). Greening, Landscape and Tree Management, Development Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  28. «Facilities» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
  29. «Café X Gallery 添馬公園開餐». Oriental Daily News.
  30. «Joint venture wins Tamar project» (անգլերեն). Information Services Department. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  31. «Standard Hong Kong Island Tour Commentary (9-10 стр.)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  32. «Tamar Development Project, Hong Kong» (անգլերեն). Gammon Construction. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  33. «Chief Executive's Office to be relocated» (անգլերեն). Information Services Department.
  34. Tse & Tan, 2016, էջ 108
  35. Garrett, 2014, էջ 101-102
  36. Rice & Shenoi, 2015, էջ 18
  37. Lo, 2016, էջ 170-171
  38. Clare Baldwin, James Pomfret. «Hong Kong students to boycott class to protest China curbs on democracy» (անգլերեն). Reuters.
  39. «Thousands of Hong Kong students on strike for democracy» (անգլերեն). Digital Journal.
  40. «Occupy Central won't start early, says Benny Tai, after student clashes with police leave dozens injured» (անգլերեն). South China Morning Post.
  41. «Police arrest 61 people for unlawful assembly» (անգլերեն). Information Services Department.

Գրականություն խմբագրել

  • Daniel Paul Garrett Counter-hegemonic Resistance in China's Hong Kong: Visualizing Protest in the City. — Springer, 2014. — ISBN 978-981-287-236-4
  • Sonny Shiu-Hing Lo The Politics of Policing in Greater China. — Springer, 2016. — ISBN 978-1-137-39070-7
  • Mason Rice, Sujeet Shenoi Critical Infrastructure Protection IX. — Springer, 2015. — ISBN 978-3-319-26567-4
  • Justin K.H. Tse, Jonathan Y. Tan Theological Reflections on the Hong Kong Umbrella Movement. — Springer, 2016. — ISBN 978-1-349-94846-8
  • Charlie Q. L. Xue Hong Kong Architecture 1945-2015: From Colonial to Global. — Springer, 2016. — ISBN 978-981-10-1004-0

Արտաքին հղումներ խմբագրել