Թամար Հովհաննիսյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամար Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Թամար Հրաչյայի Հովհաննիսյան (հոկտեմբերի 9, 1954(1954-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։

Թամար Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1954 (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
ռեժիսոր
սցենարիստ
Ծնողներհայր՝ Հրաչյա Հովհաննիսյան
Ամուսին(ներ)Մհեր Մկրտչյան

Գրող Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը։

Կենսագրություն խմբագրել

1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1975-1988 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Վարդան Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ։ Խաղացել է նաև Վամպիլովի «Ավագ որդի», Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար աղբար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում։

1988 թվականին Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով։ 1994-1996 թվականներին եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր։

Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակի։

Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։

1996-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։ 1997-2002 թվականներին Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել է Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ։ 2007 թվականին Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները՝ մեկ բեմադրությամբ, 2008 թվականին՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ 2013 թվականին վերադարձել և հաստատվել է Երևանում[1][2]։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ֆիլմեր խմբագրել

«Երկունք» 1976
«Թթենի» 1979
«Ապրեցեք երկար» 1979
«Ավտոմեքենան տանիքի վրա» 1980
«Մայրական տունը» 1980
«Խոսք» 1987
«Ընկեր Փանջունի» 1993

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թամար Հովհաննիսյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Թամար Հովհաննիսյան. «Ինչ էլ որ արել եմ, միշտ կապել եմ Հայաստանի հետ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել