Էնն (Լաուրիի նկարների կերպար)

Լաուրիի նկարների կերպար

Էնն (անգլ.՝ Ann), բրիտանացի նկարիչ Լոուրենս Սթիվեն Լաուրիի նկարների կերպար։ Արվեստագետները կարծում են, որ այդ կտավներում նկարիչը շեղվում է իր համար սովորական «Լաուրի ոճից»՝ քաղաքային մեծ տարածություններով և լուցկի մարդկանցով[1]։

Լ. Լաուրի. «Մայր և երեխա»

Լաուրիի կյանքի նշանակալի մասում ստեղծված նկարներում և էսքիզներում պատկերված է հանելուկային «Էնն» կերպարը։ Չնայած նկարչի կյանքի և ստեղծագործության բազմաթիվ ուսումնասիրություններին՝ Լաուրիի կենսագիրներից և ոչ ոք մինչ այժմ չի կարողացել հաստատել Էննի իրական գոյությունը և նույնացնել նրան նկարչի շրջապատից որևէ մեկի հետ։ Էննը արվեստի որոշ պատմագետների կարծիքով իրականում երբեք էլ գոյություն չի ունեցել։ Ենթադրվում է, որ նա կարող էր և հորինված կերպար լինել՝ ծագելով նկարչի գիտակցության մեջ այլ աղջիկների հետ շփման արդյունքում, որոնք սովորաբար բավականին փոքր էին Լաուրիից։ Բացի այդ, Լաուրիի ժամանակակիցները հաստատում էին, որ նկարչի հետ շփման ընթացքում իրենց մոտ կասկած չի հարուցել Էննի իրական լինելը[2]։

Էննը նկարներում խմբագրել

 
Դանթե Գաբրիել Ռոսսետտի. «Պրոզերպինա», 1882 (Բիրմինգհեմի թանգարանի տարբերակ)
  • «Էննի դիմանկարը» («Էննի դիմանկարը կարմիր սվիտերով», առանց թվագրման), յուղաներկ, փայտ, 35,5 x 25 կամ 34,5 x 24 սմ (տարբեր տվյալներով), Սոլֆորդի Լաուրիի կենտրոնում, CAL052[3]։
  • «Էնն» (առանց թվագրման), յուղաներկ, փայտ, 47,5 x 34,2 սմ, Լաուրիի կենտրոն, № CAL064[4]։
  • «Էնն Հ.-ի դիմանկարը» (1952), մատիտ, թուղթ, 38 x 27 սմ։ Մայքլ Հովարդը զուգորդում է այս նկարը Դանթե Գաբրիել Ռոսսետտիի «Պրոզերպինա» կտավի հետ (1877, յուղաներկ, կտավ)։ Դեռ վաղ տարիքում Լաուրին զմայլված էր Ռոսսետտիի սկզբնական աշխատանքներով և կարողացել էր ձեռք բերել այդ կտավի տարբերակը 1964 թվականի 5 000 գինեյով[5][6]։ Հենց Ռոսսետտիի այս նկարն էլ 1987 թվականին դարձավ Լաուրիի հավաքածուի վիկտորյական դարաշրջանի առաջին նկարը, որը վաճառվել է ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգով Christie's աճուրդում[7]։ Նկարը Լաուրիի համար շատ այլ թանկ նկարների հետ կախված էր նրա տան պատին[8]։
  • «Էննի դիմանկարը» (1954, անգլ.՝ «Ann with Plait and Black Jumper»), կտավ, յուղաներկ, 36 x 26,5, Լաուրիի կենտրոն, № CAL054[9]։
  • «Մայր և երեխա» 1956—1957, կտավ, յուղաներկ, 61 x 51 սմ, Լաուրին այս տեսարանի երկու տարբերակ է նկարել։ Նկարիչը երեխայի կերպարում պատկերել է իրեն (նկարելով իր դեմքը սեփական մանկական լուսանկարից)։ Տղան նստած է կնոջ ծնկներին, որը Ռոսսետտիի «Պրոզերպինայի» և 1952 թվականի նկարի Էննի արտացոլումն է։ Նա պատկերված է մոր կերպարում, գրեթե ինչպես Մադոննան, սակայն հագին կա վերարկու և շարֆ, ինչը սովորաբար կապվում է մինչռազմական շրջանի տղամարդ աշխատողների հետ (դրանք նաև օգտագործված են Լաուրիի 1938 թվականի դիմանկարում)[10]։ Լաուրիի ոչ մի այլ նկարում, քան այստեղ, նկատելի է, որ նկարիչը թվացյալ պարզության մեջ թաքցնում է յուրօրինակ և ֆրեյդյան մտքերի զուգորդումների հուշումներ։ Այս կերպարը նկարչի կենսագիրների կարծիքով Լաուրիի կտավների բարդ և անսովոր հոգեբանական ենթատեքստի համոզիչ փաստարկ է։ «Մայր և երեխա» նկարը միակն է, որտեղ նկարիչն ինքը ու իր Էննը միասին գտնվում են նույն կտավում[10]։
  • «Էննի դիմանկար» (1957 թվական, կտավ, յուղաներկ, 35.5 x 30.5 սմ, Լաուրիի կենտրոն, № 1960-347)։ Լաուրիի խոսքերով՝ այս աշխատանքը եղել է առաջին դիմանկարը, որը նա ստեղծել է գրեթե երեսուն տարում[11][12]։
  • «Էննի դիմանկար» (1957 թվական, 44.5 x 61 սմ, Լաուրիի կենտրոն, № CAL015)։ Ինչպես Ռոսսետտիի կանացի դիմանկարներում, Էննը նկարում գերակշռում է ամփոփված գեղանկարչական դաշտում՝ բախվելով դիտողի հետ իր ուղիղ հակված աչքերին նայող ծանր հայացքով, որը թաքցնում էր նրա մտքերը զգացմունքները[13][14]։
  • «Էնն», 1959, կտավ, յուղաներկ, 54.1 x 43.2, Արվեստի թագավորական ակադեմիա, № 03 / 825, նկարը ձեռք է բերվել 1978 թվականին[15]։
  • Կյանքի վերջում նկարիչն ստեղծել է էրոտիկ գրաֆիկական աշխատանքների շարք, որոնք հայտնի չէին մասնագետներին մինչև նրա մահը։ Այդ նկարներում ևս պատկերված է «Էնն» կերպարը, սակայն այժմ նա ենթարկված էր սեքսուալ կոշտ ուղղության և նվաստացուցիչ տանջանքների։ Երբ այս աշխատանքները 1988 թվականին ներկայացվեցին Բարբիկանի մշակույթի կենտրոնի ցուցահանդեսին, արվեստաբան Ռիչարդ Դորմենթը նշեց «The Daily Telegraph»-ում, որ այդ գործերը «ցուցադրում են նկարչի սեքսուալ գրգիռները»։ Էրոտիկ աշխատանքների այդ խումբը (այնտեղ պատկերված են աղջիկներ, որոնք նման են տիկնիկների՝ ընդգծված կրծքերով և բարձր, ձիգ օձիք-վզկալներով, որոնք խրված են դեմքի մեջ. օձիքները կարծես նեղ ձողիկներ լինեն, որոնք խեղդում են զոհի կոկորդը)[11], որոնք երբեմն հիշատակվում են որպես «էսքիզ մանեկեններ» կամ «խամաճիկների նկարներ», պահվում է Լաուրիի կենտրոնում։ Աշխատանքները հասանելի են այցելուների համար միայն հատուկ հայցման դեպքում, բայց մի քանիսը հասարակության համար բաց ներկայացված են Կենտրոնի ցուցահանդեսում։ Ամերիկացի գրող և լրագրող, Բուքերյան մրցանակի դափնեկիր Հովարդ Ջեյքոբսոնը հաստատում է, որ այդ կերպարները կփոխեն հասարակության վերաբերմունքը նրա լայն ճանաչում ստացած գործերի հանդեպ, եթե այդ ամենը ազատ կերպով հայտնի դառնա հասարակությանը[16][17]։

Լոուրենս Սթիվեն Լաուրի և ժամանակակից արվեստաբանություն Էննի մասին խմբագրել

Լաուրին խնամքով թաքցնում էր իր ներաշխարհը շրջապատից։ Էննի դիմանկարների շարքը բացահայտորեն ցուցադրում է Լոուրենս Սթիվեն Լաուրիի տարվածությունը այդ խորհրդավոր երիտասարդ էակով։ Մազերի նուրբ գծերը, դիմանկարում նրա դեմքի ինտիմ թեքումը բրիտանացի արվեստաբան Ջուլիանա Սփալդինգի կարծիքով ցուցադրում է նրա խոր կապվածությունը։ Նրա մազերի, աչքերի և սեղմած շուրթերի մետաղական երանգը, ըստ Սփալդինգի, արտացոլում են հենց իդեալական աղջկա այն կերպարը, որին հեղինակը ձգտում էր իր արվեստում և կյանքում[2]։

Լաուրին կյանքի վերջում իր գեղանկարչական հավաքածուի համար ձեռք է բերել Ռոսետտիի կանացի դիմանկարները։ «Ինձ ընդհանրապես դուր չեն գալիս նրա կանայք,-ասել է Լաուրին,-բայց նրանք ինձ գայթակղում են, ինչպես օձեր»[18]։ Նա նաև այդ կերպարների մասին ասել է.«Ռոսետտիի կանայք իրական չեն։ Դրանք երազներ են»[19]։ Էննի դիմանկարների սևեռուն ձևահակությունը հեռու է նրա արդյունաբերական բնապատկերներից և ինչ-որ առումով մոտ է Ռոսետտիի կանացի պատկերներին։ Էննի դիմանկարները գեղարվեստի որոշ քննադատների մոտ եգիպտական աստվածների տպավորություն են թողնում։ Դրանք հեռու են իրական առօրեականությունից, զուրկ մարդկային զգացմունքներից։

Էննի անձի ուսումնասիրությունների վարկածներ խմբագրել

Լաուրիի պատմությունները ընկերներին խորհրդավոր Էննի մասին հակասում են միմյանց։ Լաուրին հաստատել է, որ ինքը լավ է ճանաչել «Էննին», հիշատակել է, որ նա մահացել է, երբ դեռ երիտասարդ էր[18]։ Բրիտանացի հայտնի գավառագետ Հ. Ու. Թիմփերլիի կինը և նրա գրքերի մեծ մասի համահեղինակ Էդիթ Թիմփերլին, որը լավ էր ճանաչում նկարչին, այս տարբերակի որոշ մանրամասներ է հասցրել Լաուրիի կենսագիր Շելլի Ռոդեին՝ պատմելով, որ նրան հոգեկան տառապանքների հասցնող հանգամանքը եղել է նրա ծանոթ աղջիկներից մեկի մահը, որը մրսել էր իր մոր թաղման ժամանակ և շուտով մահացել[5]։ Լաուրին երբեմն ներկայացրել է իր բնօրինակին որպես Լիդսից 25-ամյա աղջիկ (իր հետ ծանոթության ժամանակ) և «իրեն շատ լավ ծանոթ մարդկանց դուստր»։ Լաուրիի ուրիշ պատմություններում նա եղել է սանուհի, և կոչել են Էնն Հիլդեր (կամ Հելդեր)[11]։ Նկարչի մեկ այլ տարբերակում Էննը եղել է բալետի պարուհի, որը եկել է իր մոտ «ոչ մի տեղից» թանկարժեք լիմուզինով[2]։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ Էննի կերպարը նկարչի գիտակցության մեջ անդրադարձվել է Լեո Դելիբի «Կոպելիա» բալետի հերոսուհուց, որը, ենթադրվում է, Լաուրին առաջին անգամ տեսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Լաուրին տարված է եղել բալետով, պարբերաբար այցելել է Քովենթ Գարդենի Արքայական բալետի և հայրենի Մանչեսթրի ներկայացումներին[20]։ Քերոլ Էնն Լաուրին ուշ շրջանի խամաճիկ աղջիկների պատկերները հենց կապում է բալետով տարվածության հետ, որոնցում գործող դեմքը բնական մեծության մեխանիկական տիկնիկն էր։ «Նա շատ էր սիրում այդ բալետը և բազմիցս ինձ տարել է այնտեղ… Ես հաճախ էի հարց տալիս, թե ինչու էր նա ինձ տանում այդքան շատ և մտածում էի, որ դա նրա համար, որ նա կարողանար ղեկարավարել ինձ այնպես, ինչպես խամաճիկի»,-բացատրել է նա։ Կա նաև այլ վարկած այս նկարների համար։ Ըստ դրա՝ Լաուրին ծնվել էր վիկտորյական դարաշրջանում, այսինքն՝ 1960-70-ական թվականների սեքսուալ հեղափոխության ժամանակ, լինելով արդեն ծեր, ցնցված էր նրանով, թե ինչքան արագ էր փոխվում հասարակությունը նրա շուրջ, այդ փոփոխությունները արթնացրել էին նրա էության մութ կողմը[19]։

Էրոտիկ նկարները դրդել են արվեստաբաններին՝ կատարել Լաուրիի այլ նկարների ռենտգենյան երևակումներ։ Արդյունքները ցնցող էին։ Լաուրիի ամենաանմեղ թվացող նկարների պատառիկները եղել էին ավելի ուշ ստեղծված էրոտիկ պատկերների սկզբնական տարբերակները։ Դա վերաբերում էր ոչ միայն փողոցային տեսարաններին, այլև նույնիսկ ծովային բնանկարներին (ֆալլուսային կառուցվածքները, որոնք բարձրանում էին ալիքներից, ռենտգենյան ճառագայթումից հետո պարզվեց, որ խամաճիկ աղջիկներ էին, թեպետ նկարիչը դրանք անվանել էր ինքնանկարներ)[18]։ Մայքլ Հովարդը ենթադրում է, որ Լաուրիի էրոտիկ կերպարները եղել են պարզապես «մարդկանց և շրջական աշխարհի խաղալիքներ և ավտոմատներ դառնալու գործընթացի շարունակութուն», ինչը բնութագրական էր նկարչի համար։ Այդ կպչուն գաղափարը առկա էր նաև գրոտեսկի հանդեպ Լաուրիի սիրո մեջ։ Որպեսզի հաղթահարեր իր վախը շրջապատող աշխարհից, Լաուրիին պետք էր տիրել այն և հաղթել նրան իր արվեստով։ Նա բնակեցրել էր իր շատ նկարներ հաշմանդամներով, ճաշից հետո երկար ժամանակ զրուցում էր աղքատների հետ՝ անելով դա ոչ միայն խղճահարությունից, այլ նրա համար, որ հետագայում օգտագործի այդ կերպարները իր ստեղծագործություններում[18]։

Նկարչի ծանոթների շրջանում կային բավականին երիտասարդ աղջիկներ և դեռահասներ, որոնք մեծ ցանկություն ունեին դառնալ նկարչուհի[21]։ Նա նրանց գեղանկարչության դասեր։ Աղջիկներից որոշները մոտ 12 տարեկան էին, նրանք բոլորն ունեին մուգ մազեր և մուգ աչքեր[18]։ Thomas Alfred & son, Chartered Accountants (որտեղ Լաուրին աշխատել էր իր կյանքի մեծ մասում) ընկերությունից Լաուրիի գործընկերուհի Դորինա Կրաուչը (ամուսնական անուն՝ Դորին Սեյա) այն բազմաթիվ կանանցից և աղջիկներից մեկն էր, որոնց նա հովանավորել էր իր ողջ կյանքի ընթացքում։ Իր հուշերում կինը գրել է, որ նման հարաբերությունները Լաուրիի կյանքի մշտական մասերից էին։ Դորին Սեյան հասկացնում է, որ Լաուրին իր համար եղել է իդեալական ջենտլմեն։ Նրա համար բնութագրական էին հումորը և հեգնանքը։ Նրանք միասին գնացել էին համերգների, ցուցադրությունների և զբոսանքների։ «Նա ինձ շատ հարազատ էր,-պատմում է Դորինը,-և եթե ես ցանկանայի իրականացնել ինչ-որ սովորական բաներ, օրինակ՝ պարել, ապա դրա համար ես ունեի իմ տարիքի ընկերներ»[5]։ Աղջիկները, որոնց հետ սերտորեն շփվում էր Լաուրին, իրար հետ բավականին նմանություններ ունեին, և բոլոր իրենց չափով ներկայացնում էին Էննի երևակայական, որոշ մասով՝ իրական կերպարը։ Բրիտանացի արվեստաբան Մայքլ Հովարդը ենթադրում էր, որ լիովին հավանական է, որ Էննը Լաուրիի գիտակցության մեջ եղել է բոլոր այդ աղջիկների իդեալականացված արտացոլանքը, որոնց հետ նա ինչ-որ չափով ծանոթ էր և որոնց հանդեպ հետաքրքրություն էր ցուցաբերել ծերացող նկարիչը[22]։

Նկարիչ և Քերոլ Էնն Լաուրի խմբագրել

1957 թվականին Լոուրենսը նամակ է ստացել 13-ամյա աշակերտուհի Քերոլ Էնն Լաուրից, նա (վարկածներից մեկում՝ իր մոր նախաձեռնությամբ) հետաքրքրվել էր այդ ժամանակներում արդեն հայտնի նկարչով, թե ինչպես դառնա նկարչուհի։ Սկզբում նա չէր պատասխանել, սակայն մի քանի ամիս անց իրեն միայնակ է զգացել, նորից կարդացել է նամակը, ներքին մղմանը ենթարկվելով, առանց հրավերի ժամանել է Հեյվուդ, որտեղ ապրում էր աղջիկը։ Լաուրին ընկերացել է Քերոլ Էննի հետ[19]։ Քերոլ Էննը միշտ ժխտել է նկարչի հետ հարաբերությունների ցանկացած սեռական ենթատեքստ, թեպետ խոստովանել է, որ նա իրեն անընդհատ տանում էր բալետ, ռեստորաններ, նրանք երկուսով գնում էին ծովափ՝ հանգստանալու Սանդերլենդի հյուրանոցում։ Քերոլ Էննը պատմել է, որ ճանապարհորդությունների ժամանակ «ամեն երեկո Լաուրին ուղեկցել է իրեն ննջարան, իսկ հետո վերադարձել է հյուրասենյակ։ Մի անգամ երեկոյան, երբ աղջիկը փակել է ննջասենյակի դուռը, նա հարցրել է. «Դու դեռ ինձ վստահու՞մ ես»։ Աղջիկը պատասխանել է՝ գրեթե»[19]։ Քերոլ Էննը պատմել է. «Նրան հետաքրքրում էր այն ամենը, ինչ ես անում էի։ Նրան դուր էր գալիս զննել երևույթների հանդեպ իմ ռեակցիան, նա սիրում էր լսել ինձ և ընկերուհուս, հետևել, թե ինչպես ենք զարգանում մենք։ Նա զննողների արքան էր»[19]։

Արվեստաբանները ենթադրում են, որ տասներեքամյա Քերոլ Էնն Լաուրին նկարչի գիտակցության մեջ սկսել է նույնականացվել նկարչի «Էնն» պատկերացման հետ, ինչպես որ այլ աղջիկներ։ Քերոլ Էննը Լոուրենս Սթիվեն Լաուրիի մասին գրել է. «[Նա] ավելին էր, քան իմ հայրը կամ իմ մայրը, կամ որևէ այլ մեկը։ Նա ստեղծել է ինձ… «Էննի» կերպարով»[18]։ Լաուրին աղջկան տվել է, ինչպես ասել է հենց ինքը, «ոչ թե սովորական նյութական նվերներ, այլ բնավորության և կրթության պարգևներ»[19]։ Աղջիկը նրան անվանում էր «հորեղբայր Լաուրի» և խոստովանում, որ երբեք չի ունեցել պատճառ նրա մասին մտածելու կամ խոսելու այլ կերպ, քան հարգանքով և սիրով։ Հենց նրան է Լաուրին կտակել 298 459 ֆունտ ստեռլինգի ժառանգություն և իր և այլ նկարիչների արվեստի ստեղծագործությունների բավականին մեծ քանակություն[18]։ Լաուրիի սադիստական նկարների մասին Էննը իմացել է միայն նրա մահից հետո։ Լաուրիի կենսագիր Ռոդեն այսպես է նկարագրել է Քերոլ Էննի ռեակցիան, երբ նա առաջին անգամ ծանոթացել է այդ նկարներին. սկզբում նա մտածել է. «Օ ո՜չ, ո՜չ, միայն թե ո՛չ հորեղբայր Լաուրին։ Խնդրում եմ, տեր Աստված, միայն թե ո՛չ հորեղբայր Լաուրին»։ Նրա երկրորդ ռեակցիան եղել է. «Սա ե՛ս եմ»։ Հետագայում, մտորումներից հետո, նա հասկացել է, որ սադիստական նկարները եղելն են Էննի կերպարի մութ կողմը, որի համար ինքը եղել էր նմուշների շարքից ամենավերջինը[18]։

Էննի կերպար բրիտանական մշակույթում խմբագրել

Բրիտանացի նկարչուհի և լուսանկարչուհի Շառլոտա Հոլինգվորթը 2006 թվականին Սոլֆորդի Չափմանի համալսարանի պատկերասրահում անցկացրել է «Էննի որոնումներով» ցուցահանդես։ Նա լուսանկարել էր Լաուրիի «Էննի» նման աղջիկների՝ համարելով, որ այդպես կարելի է հասկանալ Լաուրիի շարժառիթները և պարզել, թե ով էր ի վեջո Էննը։ Ինքը լուսանկարիչը խանդավառվել էր այդ խնդրով Լաուրիի 1964 թվականի «Վեցհոգանոց ընտանիքը» նկարին ծանոթանալուց հետո։ Նկարը ստեղծվել էր՝ ոգեշնչված Լուիջի Պիրանդելոյի «Վեց կերպարներ հեղինակի փնտրտուքներում» պիեսից։ Հոլինգվորթը կարծում էր, որ Էննը այդ նկարում աջից երկրորդ կերպարն է[23]։

Սկզբում լուսանկարչին հետաքրքրել էր հենց խճճվածությունը. ծերունի, որն ուներ «պլատոնական հարաբերություններ շատ երիտասարդ աղջիկների խմբի հետ, որոնք բոլորը նույն տեսքն ունեին։ Ամեն անգամ մեկին փոխարինելու գալիս էր մյուսը՝ ավելի երիտասարդը»։ Հետո նա սկսել էր ուսումնասիրել նկարչի արվեստը և Էննի կերպարի դերն այնտեղ։ Եզրակացությունները, որոնց նա հանգեց, հետևյալն էին. «[Էննը] նր իդեալական կանանց համակազմն էր, որը միշտ երիտասարդ է, անմեղ և կյանքով չարատավորված։ Էննը նրա փախուստն է աշխարհի հանդեպ մռայլ հայացքից», «Էննը մեզ ասում է, որ նա եղել է շատ ավելին, քան մարդու սեքսի խնդիրների հանդեպ անտարբեր մեկը, որը նկարել է միայն քաղաքային բնանկարներ։ Նա ցույց է տալիս կանանց հետ նկարչի մոտ հարաբերություններ ստեղծելու բաց թողնված հնարավորությունները»[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hensher, Philip (2011 թ․ ապրիլի 16). «Erotic secrets that prove he was ahead of his time» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 22 июля 2017-ին.
  2. 2,0 2,1 2,2 Spalding, 1979, էջ 12
  3. «Portrait of Ann in a Red Jumper. Laurence Stephen Lowry (1887–1976)» (անգլերեն). Art UK. Վերցված է 22 июля 2017-ին.
  4. «Ann. Laurence Stephen Lowry (1887–1976)» (անգլերեն). Art UK. Վերցված է 22 июля 2017-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 Howard, 1999, էջ 34
  6. «Proserpine (sixth version). Dante Gabriel Rossetti, 1877» (անգլերեն). The Complete Writings and Pictures of Dante Gabriel Rossetti, edited by Jerome J. McGann. Վերցված է 22 июля 2017-ին.
  7. «Portrait owned by LS Lowry sells for £ 200 000» (անգլերեն). The Тelegraph. 2009 թ․ հունիսի 5. Վերցված է 22 июля 2017-ին.
  8. Howard, 1999, էջ 39
  9. «Portrait of Ann (with Plait and Black Jumper). Laurence Stephen Lowry (1887–1976)» (անգլերեն). Art UK. Վերցված է 22 июля 2017-ին.
  10. 10,0 10,1 Howard, 1999, էջ 171
  11. 11,0 11,1 11,2 «LS Lowry The Art & The Artist» (անգլերեն). The Lowry Collection, Salford. Վերցված է 22 июля 2017-ին.
  12. «Portrait of Ann. Laurence Stephen Lowry (1887–1976)» (անգլերեն). Art UK. Վերցված է 22 июля 2017-ին.
  13. Howard, 1999, էջ 183
  14. «Portrait of Ann. Laurence Stephen Lowry (1887–1976)» (անգլերեն). Art UK. Վերցված է 22 июля 2017-ին.
  15. «Ann. Laurence Stephen Lowry (1887–1976)» (անգլերեն). Art UK. Վերցված է 22 июля 2017-ին.
  16. Thorpe, Vanessa (2007 թ․ մարտի 25). «Lowry's dark imagination comes to light» (անգլերեն). The Observer. Վերցված է 22 июля 2017-ին.
  17. Osuh, Chris (2007 թ․ մարտի 26). «Let Lowrys see the light». Manchester Evening News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 22 июля 2017-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 Adams
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Angela Levin (2011 թ․ ապրիլի 16). «The dark side of the matchstick man» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 22 июля 2017-ին.
  20. Nikkhah, Roya (2010 թ․ հոկտեմբերի 16). «Hidden L S Lowry drawings reveal artist's erotic stirrings» (անգլերեն). Тhе Тelegraph. Վերցված է 7 августа 2017-ին.
  21. Cooke, Rachel (2013 թ․ հունիսի 15). «Time for a fresh look at the life and art of L.S. Lowry» (անգլերեն). The Japan Times. Վերցված է 22 июля 2017-ին.
  22. Howard, 1999, էջ 34-35
  23. 23,0 23,1 Angela Levin (22/02/2006). «Finding Ann» (անգլերեն). BBC. Վերցված է 22 июля 2017-ին.

Գրականություն խմբագրել

  • Adams, Tim (2000 թ․ մարտի 19). «Lowry's secret life» (անգլերեն). The Guardian. Վերցված է 22 июля 2017-ին.
  • Gombrich, E. H. «L. S. Lowry and the A. J. Thompson Collection: A Timeline» (անգլերեն). Sotheby’s. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 22 июля 2017-ին.
  • Howard, Michael Lowry: A Visionary Artist. — Lowry Press, 1999. — 256 с.
  • Spalding, Julian Lowry. — Oxford, New York: Phaidon Press Ltd, 1979. — 64 с.