Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը

«Էննի Ռոջերսը և Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում» (անգլ.՝ Annie Rogers and Mary Jackson as Queen Eleanor and Fair Rosamund), Լուիս Քերոլի (Չառլզ Լյուտվիջ Դոջսոնի, 1832-1898) բեմադրական նկարը։ Պատկերում է Անգլիայի միջնադարյան պատմության լեգենդար դրվագներից մեկը։

Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը
տեսակԼուսանկար
նկարիչԼուիս Քերոլ
տարիհուլիսի 3, 1863
հավաքածուԳիտության պատմության թանգարան
Ծանոթագրություններ

Լուսանկարի ստեղծման պատմություն և ճակատագիր խմբագրել

«Էննի Ռոջերսը և Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում» լուսանկարն ստեղծվել է 1863 թվականի հուլիսի 3-ին։ Նկարի երկարությունը 206 միլիմետր է, լայնությունը՝ 152 մմ։ Լուսանկարը վերևից երիզված է կիսակլոր կամարով։ Գույնը սեպիա է։ Լուսանկարահանման ենթադրյալ վայրը Օքսֆորդն է՝ Badcock’s Yard, St Aldates։ Հենց լուսանկարի վրա գտնվում է «June 1862» գրությունը, սակայն դա համարվում է սխալ և ավելի ուշ արված, քանի որ հակասություն է ստեղծվում լուսանկարում պատկերված աղջիկների տարիքի հետ կապված։ Ստեղծված է կոլոդիոնային նեգատիվից ալբումինի տպագրության տեխնիկայով, լուսանկարին կցված է նվիրողի մեքենագրված տեքստով թղթապանակ[1]։

Երբ լուսանկարը պատրաստ է եղել, Քերոլն Էննիին մի փոքրիկ բանաստեղծության հետ ուղարկել է լուսանկարի պատճենը, որտեղ որոշ տողեր նշված են եղել լատինական այբուբենի տառերով.

 
«Իմ սիրելի Էննի,

Ես ուղարկում եմ քեզ
А պատկեր, որը, հույս ունեմ, կլինի

B այնպիսին, ինչպիսին դու կցանկանայիր...»
- [2]
 

Հայտնի է, որ լուսանկարի պոզիտիվը ներառված է եղել գրողի № 2 անձնական ալբոմում։ Լուսանկարի նույնականացման ցուցիչը/ նեգատիվը՝ Z-PH-LCA-II.92։ Ալբոմում գտնվել է 92-րդ էջում[3]։ Քերոլի ստեղծած բոլոր մանկական դիմանկարները նրա կտակի համաձայն տրվել են բնորդների ընտանիքներին[4]։ Այդ պատճառով Քերոլի լուսանկարները ցրվել են և կորել մասնավոր հավաքածուներում։ 1945 թվականին հավաքորդ, պատմաբան, լուսանկարիչ Հելմուտ Գերնսհայմն առաջարկ է ստացել՝ գնել մանկական լուսանկարների ալբոմ (ըստ վաճառողի՝ լուսանկարները «քաղված են նկուղում գտնվող գրքերի կույտից»), որի հեղինակը, հնարավոր է, եղել է Լուիս Քերոլը։ Դրա համար ոչ մի ապացույց չի եղել, սակայն Գերնսհայմը Բրիտանական թանգարանում համեմատել է լուսանկարների ստորագրությունները Քերոլի հայտնի մակագրությունների հետ և համոզվել, որ դրանք պատկանում են գրողին[5]։

Ներկայումս լուսանկարը գտնվում է Օքսֆորդի գիտության պատմության թանգարանի հավաքածուում։ Թանգարանին այն փոխանցել է դոկտոր Բերտրան Ռոջերսը 1937 թվականի դեկտոմբերին։ Թանգարանի ամենամյան հաշվետվության մեջ հիշատակվում է 1939 թվականից, սակայն այդ հիշատակման մեջ չկա գրություն ձեռքբերման գրանցման փաստի մասին։ Նվիրողը եղել է պատկերված աղջիկներից մեկի՝ Էննի Ռոջերսի ազգականը, որը մահացել էր 1937 թվականի հոկտեմբերի 28-ին, ինչից հետո Բերտրանը որոշել էր լուսանկարը նվիրել թանգարանին։ Ինվենտարային համարն է 30302[1]։

Դիպաշար խմբագրել

 
Ալիենորա Ակվիտանացու և Հենրի II թագավորի մահարձանները, XIII դար

Ռոզամունդ դե Քլիֆորդը (անգլ.՝ Rosamund de Clifford, իրական անունը՝ Ջոան դե Քլիֆորդ, անգլ.՝ Joan de Clifford, մահացել է 1176 թվականին) եղել է անգլոսաքս-նորմանդացի մեծատոհմիկ աստիճանավոր Ուլթեր Ֆից-Ռիչարդ դե Քլիֆորդի և Մարգարիտ դե Տոսնայի դուստրը, Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի սիրուհին։ Իր գեղեցկության համար ստացել է «Հիասքանչ Ռոզամունդ» (անգլ.՝ Fair Rosamund) և «Աշխարհի վարդ» (անգլ.՝ Rose of the World) մականունները։ Ռոզամունդը անունը հավանաբար եկել է «աշխարհի վարդ» արտահայտության լատիներեն տարբերակից՝ լատին․՝ rosa mundi[6]։ Մոտ 1163 թվականին նա ծանոթացել է թագավոր Հենրի II-ի հետ, իսկ 1166 թվականին նրանց միջև սիրավեպ է սկսվել։ Հենրին սիրուհուն տեղավորել է Վուդսթոք պալատում։ Սակայն մինչև 1174 թվականը Հենրի II-ի հետ նրա կապի մասին քչերը գիտեին[7][8][9]։ 1174 թվականին սիրավեպը հայտնի է դարձել։ Ալիենորա Ակվիտանացին (Էլեանորա)՝ Հենրի II թագավորի կինը, որը մասնակցել էր որդիների ապստամբությանն ընդդեմ ամուսնու, գերի է ընկել նրան և բանտարկվել Սոլսբերիում, ինչից հետո թագավորն սկսել է բացահայտ ժամանակն անցկացնել Ռոզամունդի հետ։ Նա դիտարկել է Ալիենորայից ամուսնալուծվելու տարբերակը, որպեսզի ամուսնանա Ռոզամունդի հետ։ Հենրի II-ի հաշվարկներն ի չիք են դարձել, երբ Հռոմի պապը հրաժարվել է ամուսնալուծության հնարավորություն տալ։ 1176 թվականին Ռոզամունդը հիվադացել է և մեկնել Գոդսթոու մենաստան (Օքսֆորդի մոտ), որտեղ էլ մահացել է նոււյն թվականին[10]։ Նրա տապանաքարն սկզբնապես գտնվել է մենաստանի եկեղեցում։ Արքայի մահից հետո Ռոզամունդը վերաթաղվել է մենաստանի տարածքից դուրս Լինքոլնի եպիսկոպոս Գուգոյի պահանջով։ Նրա գերեզմանն անհետացել է 16-րդ դարում[11][8]։

Հետագայում (հավանաբար առաջին անգամ 14-րդ դարում այսպես կոչված լոնդոնյան ժամանակագրության մեջ, իսկ հետո «Լեգենդ Ռոզամունդի մասին» և «Ալիենորայի զղջում» բալլադներում, վերջինում նա խոստովանում է հանցագործությունը մահից առաջ[12]) ի հայտ է եկել լեգենդ, որ թագավորը փորձել է ամրոցում թաքցնել Ռոզամունդին իր կնոջից, իսկ դրա շուրջ այգում կառուցել է անանցանելի լաբիրինթոս, որի ճանապարհը կարելի էր գտնել միայն արծաթե ուղեցույց թելի միջոցով, որը պահպանում էր Ռոզամունդին հսկող ասպետը՝ սըր Թոմասը։ Ալիենորան սպանում է սըր Թոմասին և նրան վստահված թելի միջոցով կարողանում գտնել թագավորի սիրեցյալի մոտ տանող ճանապարհը, ինչից հետո Ռոզամունդին մեռնելու տարբերակներ է առաջարկում՝ դաշույնով կամ թույնով։ Ռոզամունդն ընտրում է թույնը։ Իրականում այդ ժամանակ Ալիենորան ինքը գտնվում էր բանտարկության մեջ և չէր կարող մրցակցուհու սպանությունն իրականացնել[13][8][14]։

Քերոլի լուսանկարում պատկերված է լեգենդի եզրափակիչ տեսարանը՝ թագուհին արքայի սիրուհուն առաջարկում է մահ թույնի կամ դաշույնի միջոցով[15]։

Լուսանկարում պատկերված բնորդներ խմբագրել

Երկու աղջիկները՝ Էննի Ռոջերսը (աջից) և Մերի Ջեքսոնը (ձախից) հագած են «միջնադարյան» հագուստ, նրանց միջև գոթական ոճով փորաքանդակ գահավորակ է։ «Թագուհու» (Էննի Ռոջերս) գլխին թագ է։ Նա ձախ ձեռքով բռնած է կեռ դաշույն, իսկ աջ ձեռքում պահում է ճոխ զարդարված զարդատուփ, հենել է այն գահավորակի արմնկակալին (նա իր հակառակորդուհուն ընտրություն է առաջարկում դաշույնի կամ թույնի միջև)։ Ռոզամունդի գլխին աստղիկով ժապավեն է, նա ծնկաչոք է, ձեռքերը սեղմված են և դրված գահավորակի նստատեղին[1]։

  • Էննի Ռոջերս (անգլ.՝ Annie Rogers, 1856 թվականի փետրվարի 15 - 1937 թվականի հոկտեմբերի 28), մանուկ տարիքում բազմիցս որպես բնորդուհի հանդես է եկել Լուիս Քերոլի լուսանկարների համար, հետագայում հայտնի է դարձել որպես կանանց կրթության ակտիվ կողմնակից։ Մեծացել է Օքսֆորդում ակադեմիական ընտանիքում, եղել է այդ ժամանակ հայտնի տենտեսագիտության պրոֆեսոր Թորոլդ Ռոջերսի դուստրը, 1873 թվականին հաջողությամբ հանձնել է քննությունները, ինչը թույլ էր տալիս ընդունվել Բալլիոլ քոլեջ կամ Վուսթեր, սակայն երբ հայտնի է դարձել, որ նա աղջիկ է, փոխարենն ընդունել են տղայի, որը միայն վեցերորդն էր իր արդյունքներով, իսկ Էննի Ռոջերսը Բալլիոլ քոլեջից որպես նվեր ստացել է Հոմերոսի չորս հատորները։ Այս պատմության հետ կապված ստեղծվել են կանանց համար առանձին դասընթացներ, Էննին ավարտել է դրանք լավագույն ցուցանիշներով՝ գերազանց լատիներենով և հին հունարենով (1877 թվական)։ Հետագայում նա դարձել է Կանանց կրթության միավորման քարտուղար և սուրբ Աննայի քոլեջի Society of Oxford Home-Students-ի հիմնադիրներից մեկը[16]։
  • Մերի Ջեքսոն (անգլ.՝ Mary L. Jackson), լուսանկարում ինը տարեկան է, նրա հայրը դոկտոր Ջեքսոնն է՝ մասնավոր կլինիկայի բժիշկ Հոլիուելլում[17]։

Իր փոքրիկ ընկերուհիներին, որոնց որպես բնորդուհի օգտագործել է լուսանկարներում, Քերոլն անվանել է «child-friend»՝ «երեխա ընկեր»։ Որոշ ուսումնասիրողներ կարծել են, որ այդ արտահայտությունը ավելի շատ ցույց է տվել ոչ թե նրանց տարիքը, այլ հարաբերությունների տեսակը։ Վիկտորյական դարաշրջանի Անգլիայում այդ արտահայտությունն ընդունված էր և երբեմն արտացոլում էր տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց փոխադարձ հարաբերությունները։ Գոյություն ունեն նաև այդ տերմինի այլ մեկնաբանություններ ևս[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Museum of the History of Science
  2. «Exhibition Label 2009: Photograph of Annie Rogers & Mary Jackson as Queen Eleanor and the Fair Rosamund, 1863». Museum of the History of Science. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  3. «Lewis Carroll Album III - Princeton University Library». Department of Rare Books and Special Collections. Princeton University Library. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. Бросалина, Любовь Льюис Кэрролл: сказочник фотографии // Российское фото. Архивировано из первоисточника 16 հունվարի 2017.
  5. Толкачёва, 2010, էջ 58
  6. Clark, Andrew The life and times of Anthony Wood: antiquary, of Oxford, 1632-1695, described by himself. — Printed for the Oxford historical society, at the Clarendon press, 1891. — Т. 3. — P. 341.
  7. Флори, 2012, էջ 89
  8. 8,0 8,1 8,2 Archer, Thomas Andrew Clifford, Rosamond (DNB00) // Dictionary of National Biography. — 1887. — Vol. 11. — P. 75—77.
  9. «Clifford». FGM. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  10. Флори, 2012, էջ 125—126
  11. Флори, 2012, էջ 126
  12. Флори, 2012, էջ 10, 233—234
  13. Флори, 2012, էջ 125—126, 234
  14. «Истории любви. Генрих II и Прекрасная Розамунда. Путь в лабиринте легенд». Иль де ботэ. Сеть магазинов парфюмерии и косметики. 11 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  15. Элеонора Аквитанская и прекрасная Розамунда // Он и Она. Любовь и страсть в искусстве. — Litres, 2017. — С. 215.
  16. «Annie Rogers (1856-1937)». St Anne’s College, Oxford. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  17. «Narratives. Bertram Rogers's Note». Museum of the History of Science. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  18. Борисенко А., Демурова Н. Льюис Кэрролл: мифы и метаморфозы // Иностранная литература : Журнал. — 2003. — № 7. — С. 195—207. Архивировано из первоисточника 23 հունվարի 2017.

Գրականություն խմբագրել