Էլեն Բյուզանդ

հայ արձակագիր, բանաստեղծուհի

Էլեն Բյուզանդ (իսկական անուն-ազգանունը՝ Եղիսաբեթ Ստամբոլցյան, ապրիլի 3, 1895(1895-04-03), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1970(1970-01-14), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ արձակագիր և բանաստեղծուհի, քաղբանտարկյալ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Էլեն Բյուզանդ
Ծննդյան անունԵղիսաբեթ Ստամբոլցյան
Ծնվել էապրիլի 3, 1895(1895-04-03)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 14, 1970(1970-01-14) (74 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի և արձակագիր
ԿրթությունՀովնանյան դպրոց (1916) և Վարշավայի համալսարան
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Էլեն Բյուզանդը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), 1895 թվականի ապրիլի 3-ին, Շողակաթ և Մարտիրոս Ստամբոլցյանների ընտանիքում։ Հայրը՝ Մարտիրոս Ստամբոլցյանը, ծագումով Կոստանդնուպոլսից էր, մասնագիտությամբ դերձակ էր, որը զինվորական համազգեստ էր կարում։ Էլենի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Կարս և աղջիկն իր ողջ մանկությունն անցկացրել է այնտեղ[1]։

1910-ական թվականներին տեղի հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Էլեն Բյուզանդը կրթությունը շարունակել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց վարժարանում։ Թիֆլիսում ապրած տարիներին մտերիմ է եղել իշխանուհի Մարիամ Թումանյանի հետ[2], հուշեր կան նաև Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Կոմիտասի և այլոց հետ նրա հանդիպումների վերաբերյալ[3]։

1916 թվականին Էլենն ավարտում է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցն ու կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ սկսել է իրավաբանության դասընթացների հաճախել Վարշավայի համալսարանում, որն Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղափոխվել էր Դոնի Ռոստով։ Այդտեղ նա աշխատել է նաև հայազգի իրավաբան Գրիգոր Չալխյանի գրասենյակում, նրա երեխաներին հայերեն է դասավանդել։ Այդ տարիներին է Էլենը անդամակցել Հայ հեղափոխական դաշնակցությանը։

1918 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության սկսելուն պես վերադարձել է Հայաստան և մասնակցել Սարդարապատի ճակատամարտին։ Աշխատել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գրասենյակում` որպես գործավար։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ՀՅԴ բազմաթիվ գործիչների պես բանտարկվել է Չեկայի, ապա՝ Կենտրոնական բանտում։ Փետրվարյան ապստամբությունից հետո ազատվել է և ուղարկվել Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) ճակատ, որտեղ մնացել է մինչև 1921 թվականի ապրիլը։ Այդ ժամանակ է ծանոթացել Հովհաննես Քյութուկյանի (Կիլիկեցի)՝ երիտասարդ մի բժշկի հետ, որը կամավոր էր առաջնագծում։ Նրանք ամուսնացել են, տեղափոխվել Իրան, որտեղ հինգ տարի ապրելուց հետո՝ 1929 թվականին տեղափոխվել Ալֆորվիլլ, Ֆրանսիա, որտեղ ապրել է 30 տարի։ Իրանում ապրելու տարիներին ծնվել են նրանց զավակները՝ Բենոն ու Անահիտը։ Ֆրանսիայում ապրելու տարիներին Էլենը գրական գործունեություն է ծավալել։ 1940-ական թվականների սկզբին մահացել է դուստրը՝ Անահիտը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլենը նաև կամավոր էր Արֆորվիլում։ Հետագայում Արֆորվիլլի քաղաքապետարանը նրան պարգևատրել է հատուկ մեդալով՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիային աջակցելու համար։

1958 թվականին մահացել է ամուսինը, նա տեղափոխվել է Լոս Անջելես` քրոջ՝ Հռիփսիմե Ստամբոլցյանի ու որդու մոտ։ 1965 թվականին մահացել է որդին՝ Բենոն։

Մահացել է 1970 թվականի հունվարի 14-ին։

Գրական գործունեություն խմբագրել

Զբաղվել է հասարակական-կուսակցական և գրական գործունեությամբ։ Եղել է Ֆրանսիայի Հայ օգնության միության ղեկավար։

1944 թվականին Ֆրանսիայի «Արաքս» հրատարակչությունը հրատարակել է Էլեն Բյուզանդի առաջին գիրքը՝ «Պահակը» պատմվածքների ժողովածուն։

1960 թվականին հայ համայնքը Էլեն Բյուզանդին հրավիրել է Իրան՝ դասախոսություններ կարդալու։ Երեք ամիս տևած շրջագայության ընթացքում իրանահայերը որոշել են հրատարակել նրա նովելները։ 1960-ական թվականների կեսերին Իրանի «Ալիք» հրատարակչությունը տպագրել Էլեն Բյուզանդի հիմնական գրական գործերը՝ «Նոր կինը» և «Կարսը և եղբայր Արշոն» նովելները։ Նրա որոշ գործեր հրատարակվել են նաև Բեյրութում։ «Հայուհիները Երևանի Չէկայի բանտում» հուշագրությունը 1965 թվականին տպագրվել է սփյուռքահայ մամուլում։

Էլեն Բյուզանդի ստեղծագործություններից են «Նոր կին», «Կարսը և Արշո ախպեր» վիպակները, «Ուխտագնացություն դեպի Վենետիկ», «Վահագնի վիպակները», «Պահակը» մանկական պատմվածքները և այլն։

Կյանքի վերջին տարիներին Էլեն Բյուզանդն ակտիվ գործունեություն է ծավալել Լոս Անջելեսի հայ համայնքում։ Ժամանակ առ ժամանակ նա հոդվածներ է գրում Բոսթոնի «Հայրենիք» ամսագրի համար։ 1981 թվականին Լոս Անջելեսում հրատարակվել է «Զրույց Կարսի մասին» պոեմը, իսկ նրա վերջին գործը՝ «Սարէ Բռբչէ» պոեմը նվիրված է հայ ֆիդայիներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ
  2. Էլլէն Բիւզանդ, Իշխանուհի Մարիամ Թումանեան, անտիպ։
  3. Էլլէն Բիւզանդ, Համառոտ կենսագրական, անտիպ։

Գրականություն խմբագրել

  • Էլլէն Բիւզանդ, 1965, Հայուհիները Երեւանի «Չեկայ»ի բանտում, Հայրենիք ամսագիր, N8-9 (Հ. 43-44), Բոսթոն։
  • Մ. Գէորգեան, Ա. Տօնոյեան, Ա. Գէորգեան, 1981, Էլլէն Բիւզանդի հետ, Լոս Անճելոս։

Արտաքին հղումներ խմբագրել