Էդուարդ Համբարձումյան

հայ բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Համբարձումյան (այլ կիրառումներ)

Էդուարդ Մարտինի Համբարձումյան (սեպտեմբերի 29, 1955(1955-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր։

Էդուարդ Համբարձումյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1955(1955-09-29) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Համբարձումյանն ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը։

1979 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1979-1981 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ։ 1981-1985 թվականներին աշխատել է որպես Արագածի կենտրոնական հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի վարիչ։

1985-1989 թվականներին նա աշխատել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում որպես օբսերվացիայի բաժնի վարիչ և գլխավոր բժշկի` ծննդօգնության գծով տեղակալ։

Այնուհետև նա աշխատանքի է անցել Երևանի թիվ 3 ծննդատանը որպես հղիների պաթոլոգիայի բաժնի վարիչ և գլխավոր բժշկի ծննդօգնության գծով տեղակալ (1989-1993)։

1991-1993 թվականներին Համբարձումյանը եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ։ Այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ 1993-1995 թվականներին եղել է ParisSud համալսարանին կից «Անտուան Բեկլեր» հոսպիտալի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի գիտաշխատող։

1995-2004 թվականներին բնակվել և աշխատել է ԱՄՆ-ում։ Եղել է Ֆոլկների հիվանդանոցին կից Մարդու վերարտադրման կենտրոնի գիտաշխատող (Բոստոն, ԱՄՆ)։

2008 թվականից մինչ օրս Երևանում ղեկավարում է իր հիմնադրած մարդու վերարտադրման «Մարդու պտղաբերության կենտրոնը»[1]։

Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում և եվրոպական տարբեր երկրներում կայացած միջազգային բազմաթիվ գիտաժողովներում։

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն է։

Մարդու անպտղության զարգացման մոլեկուլյար մեխանիզմների մասին գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։

Կոչումներ, պարգևներ խմբագրել

1981 թվականին «Կորոնար անոթների վրա դերիվատների պրոստագլանդինների ազդեցության մասին» աշխատանքի համար նրան տրվել է ԽՍՀՄ գյուտարարի արտոնագիր։

1984 թվականին Էդուարդ Համբարձումյանը պաշտպանել է գիրության ժամանակ լյարդի ֆունկցիայի խանգարումների և հղիության ու ծննդաբերության պաթոլոգիայի փոխադարձ կապի մասին թեմայով գիտական թեզը։ Նրան շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։

1991 թվականին Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարությունը նրան շնորհել է մանկաբարձ-գինեկոլոգի «Բարձրագույն կատեգորիայի» որակավորում։

1993-1994 թվականներին պաշտպանել է Փարիզի ParisSud համալսարանին կից «Պտղի բժշկություն» դիպլոմը։

1994-1995 թվականներին պաշտպանել է «Գինեկոլոգիական լապարոսկոպիա» եվրոպական դիպլոմը (Կլերմոն Ֆերան, Ֆրանսիա

1997 թվականին «ԼԻԳ ցիտոկինի դերը մարդու անպտղության ժամանակ» աշխատանքի համար արժանացել է NIH award մրցանակին։

2000 թվականին եղել է «Human Reproduction» միջազգային ամսագրի ժամանակավոր գրախոսը։ Նույն թվականին ընդգրկվել է «Ով ով է Ամերիկայում» ամերիկյան ժամանակակից հանրագիտարանի բժշկական բաժնում, որի համար նրան շնորհվել է պատվոգիր։

2005 թվականին պաշտպանել է «ԼԻԳ ցիտոկինի դերը մարդու անհայտ պատճառներով անպտղության ժամանակ» թեմայով գիտական ատենախոսությունը` արժանանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճանին։

2012 թվականին արժանացել է Հայաստանի «Տարվա լավագույն բժիշկ» կոչմանը և Համազգային վստահության խորհրդի պատվավոր մրցանակին։

Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է նաև ամերիկյան ու եվրոպական գիտական միությունների մի շարք հեղինակավոր մրցանակներով, այդ թվում` անգլիական կենսագրական ընկերության «XXI դարի լավագույն գիտնականներից մեկը» մրցանակով։

Նախասիրություններ խմբագրել

Էդուարդ Համբարձումյանը «Америка, Бог, Любовь» («Ամերիկա, Աստված, Սեր», 2005), «Искривление времени» («Ժամանակի ծռմռում», 2010) աֆորիզմների գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են անգլերեն և լույս տեսել նաև ԱՄՆ-ում։

«Երազ» խտասկավառակի հեղինակ է, որի երաժշտության հիման վրա բեմադրվել է նույնանուն բալետ-ֆանտազիան, որը բազմիցս կատարվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում[2]։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում[3]։ 2015 թվականից «Երազը» դարձել է Երևանի օպերային թատրոնի խաղացանկի անբաժան մասը։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին բալետը «ERAZ DREAM» անվամբ առաջին անգամ ներկայացվեց նաև Մոսկվայում[4]։

2016 թվականի սեպտեմբերի 17-ին Էդուարդ Համբարձումյանի նախաձեռնությամբ «Մարդու պտղաբերության կենտրոնի» տարածքում բացվեց Երվանդ Քոչարի էսքիզով նրա որդու` Ռուբեն Քոչարի ստեղծած «Մայրություն» քանդակը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ЭКО в центре Fertility Center». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 Նոյեմբեր 1-ին.
  2. ««Ալեկո», «Երազ» ներկայացումների ազդագրերը opera.am կայքում». Վերցված է 2016 Նոյեմբեր 1-ին.(չաշխատող հղում)
  3. «Ինչի՞ մասին է Ժակլին Սարխոշյանի «Երազը»». Վերցված է 2016 Նոյեմբեր 1-ին.
  4. «ПРЕМЬЕРА «ERAZ DREAM» БАЛЕТ-ФАНТАЗИЯ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 Նոյեմբեր 1-ին.
  5. «Բացվել է Երվանդ Քոչարի էսքիզով ստեղծված «Մայրություն» քանդակը». Վերցված է 2016 Նոյեմբեր 1-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել