Գինեկոլոգիա
Կնաբանություն, Իգաբանություն (հուն․՝ γυναίκα — կին + λόγος — ուսուցում), գիտություն կնոջ օրգանիզմի անատոմա-ֆիզիոլոգիական, ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունների և դրանց խանգարումների մասին։ Նեղ իմաստով, գինեկոլոգիան ուսմունք է կնոջ սեռական օրգանների ֆիզիոլոգիական ու ախտաբանական պրոցեսների և վերջիններիս բուժման ու կանխարգելման մասին։ Սերտորեն կապված է մանկաբարձության հետ։ Բաժանվում է երկու մասի՝ ընդհանուր, ուսումնասիրում է կանանց սեռական օրգանների հիվանդությունների ախտորոշման, դեղորայքային և վիրահատական բուժման ընդհանուր եղանակները, և մասնավոր՝ հիվանդություններն ըստ առանձին սեռական օրգանների և ախտաբանական պրոցեսների։ Գինեկոլոգիան սկիզբ է առել Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հնդկաստանում։ Գերմանացի եգիպտագետներ Էբերսի և Բրուգշի հայտնագործած պապիրուսներում (1760-1550 թվականներ մ․ թ․ ա․, 1388-1322 թվականներ մ․ թ․ ա․) հիշատակվել են արգանդի դիրքի փոփոխությունները։ Հիպոկրատը (5-4-րդ դարեր մ․ թ․ ա․) նկարագրել է կանանց սեռական օրգանների հիվանդությունները։ Ավիցեննան (980-1035 թվականներ) կազմել է բժշկական հանրագիտարան՝ ընդգրկելով նաև կանանց հիվանդությունները։ Վլադիմիր Մոնոմախի թոռ Զոայի (12-րդ դար) աշխատություններում գինեկոլոգիային նվիրված են հատուկ գլուխներ։ 16-17-րդ դարերում անատոմներ՝ ֆլամանդացի Ա․ Վեզալիուսի, դանիացի Թ․ Բարթոլինի, նիդերլանդացի Ռ․ Գրաաֆի աշատությունները հանդիսացան գինեկոլոգիայի զարգացման անատոմա֊ֆիզիոլոգիական հիմունքները։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 71)։ |