Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի պատվերով՝ 641- 661 թվականներին[1]։

Զվարթնոցի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակպահպանվել են միայն ավերակները
Մասն էԶվարթնոց
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Zvartnots Վիքիպահեստում
whc.unesco.org/en/list/1011/documents/

Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիր մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։

Ներառված է Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ»[2]։

Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. «Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ»։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»»[3]։

Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։

Պատմություն խմբագրել

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։

Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց։

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։

Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է.

  Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո  

Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։

Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է։ Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր (XI դար) եկեղեցիները։

Կառուցվածք խմբագրել

 
Զվարթնոց տաճարի ավերակների տեսքը վերևից

1905 թվականին հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը Վաղարշապատում պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը։ Տաճարի նոր ծրագիրը ևս կազմել է Թորոս Թորամանյանը։ Շատ փորձագետներ պնդում են, որ Թորամանյանի ծրագիրը չի համապատասխանում Զվարթնոցի պատմական տաճարի նախատիպին։ Կառուցված է հայկական ճարտարապետական ոճով և զարդարված է հունական խաչերով։ Կառույցի պատերին պահպանվել են որմնանկարներ։ 2000 թվականին Վաղարշապատի եկեղեցիները, այդ թվում և Զվարթնոցի տաճարը ներառվել են Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Զվարթնոցի տաճարը պատկերված է 100 դրամանոց թղթադրամի դարձերեսին, սակայն դուրս է եկել կիրառությունից։ Օրինակ է պահպանվել Երևանի պատմության թանգարանում։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։

Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է։ Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր (XI դար) եկեղեցիները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gombos, Károly (1974). Armenia: Landscape and Architecture. New York: International Publications Service. ISBN 963-13-4605-6
  2. «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
  3. http://armenianhouse.org/avetisyan/places.html

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 707  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթնոցի տաճար» հոդվածին։