Ներսես Գ Տայեցի
Ներսես Գ Տայեցի (հայտնի է նաև որպես Ներսես Գ Իշխանցի, Ներսես Գ Շինող, անհայտ[1], Իշխան Վերին, Տայք, Հայկական մարզպանություն - 661[1], Դվին), Ամենայն հայոց կաթողիկոս 641 թվականից։ Հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցուն։ Ծնվել է Տայքի Իշխան գյուղում։ Կրթվել է Բյուզանդիայում, մտել այնտեղ զինվորական ծառայության։ Վերադառնալով հայրենիք՝ ձեռնադրվել է, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս։ Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական բուռն գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը։ Նորոգել է Դվինի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրականի Ձորոյ վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ 645 թվականին գումարել է Դվինի չորրորդ ժողովը, որի ընթացքում ընդունվել է 12 կանոնները։ 648 թվականի Դվինի հինգերորդ ժողովում Ներսես Գ Տայեցին և Թեոդորոս Ռշտունին մերժել են բյուզանդական կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պողոս II-ի՝ Քաղկեդոնի ժողովն ընդունելու առաջարկը։ 652 թվականին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը։ Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները։ 652 թվականին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է Կ. Պոլիս՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը։
Ներսես Գ Տայեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Իշխան Վերին, Տայք, Հայկական մարզպանություն |
Մահացել է | 661[1] |
Մահվան վայր | Դվին |
Մասնագիտություն | քահանա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև 659 թվականը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկուսանալով երկրի քաղաքական գործերից։ Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659 թվականին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը։ Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր ս. Խաչի գյուտը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի հաստատումը (653)։ Կաթողիկոսը նույն վայրում՝ Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին։ Ներսես Գ Տայեցին ամփոփվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցին։
Շինարարական գործունեությունը
խմբագրելՆորոգել է Դվին մայրաքաղաքի Սբ. Սարգիս, Վաղարշապատի Սբ. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրական նահանգի Ձորոյ վանքը, կառուցել Խոր վիրապի Սբ. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Սբ. Գրիգոր կաթողիկեն (641–661) (հայտնի է եղել նաև որպես Վաղարշապատի Սբ. Գրիգոր, Առապարի Սբ. Գրիգոր անվանումներով, գտնվում է Արարատյան դաշտում, ՀՀ Արմավիրի մարզում, Վաղարշապատից 3 կմ հարավ։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի պատին Ներսես Գ Տայեցին թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։ Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է. «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն (Տրդատ Գ Մեծ (298-330) ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո» (Սեբեոս, գլ. ԽԵ, էջ 226-227)։ Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։
Գրականություն
խմբագրել- Սեբեոս, Պատմություն, Երևան, 1979։
- Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 252)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Նախորդող՝ Եզր Ա Փառաժնակերտցի |
Կաթողիկոս 641–661 |
Հաջորդող՝ Անաստաս Ա Ակոռեցի |