Զալցկամերգուտ
Զալցկամերգուտ (գերմ.՝ Salzkammergut), պատմական մարզ Ավստրիայում, Զալցբուրգից արևելք։ Գտնվում է Վերին Ավստրիայի (72 %) և Շտիրիայի (12 %) նահանգների տարածքում։ Հարուստ է լճերով, լեռներով։ Զբոսաշրջության հայտնի ուղղություն է։ «Զալցկամերգուտ» անվանումը, որ բառացի նշանակում է «Աղի պալատի ունեցվածք», հիշատակումն է այն ժամանակների, երբ շրջակայքի աղի հանքերը շահագործվում էին Վիեննայի կայսրական իշխանության կողմից։ 1997 թվականին Հալշտատ քաղաքը և Դախշտայն լեռն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և՛ բնական լանդշաֆտի բացառիկության, և՛ մարդկության զարգացման պատմության մեջ իրենց ավանդի համար. Զալցկամերգուտի աղի հանքերը շահագործվել են մ. թ. ա. 2-րդ հազարամյակից[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքի լանդշաֆտը նախորոշում է Տրաուն գետի համակարգը` իր 76 մեծ ու փոքր լճերով, շրջակա լեռներով, որոնցից են Դախշտայնը, Մեռած ու Անձավային լեռները։ Զալցկամերգուտի հիմնական երեք լանդշաֆտներն են ալպյան նախալեռները, միջին լեռները և ալպյան բարձր լեռները` կրաքարից ձևավորված։ Զալցկամերգուտը ձևավորվել է սառցադաշտից, որի հալված մասերից եղանակի տաքացման հետևանքով առաջացել են լճերն ու բարձրլեռնային ճահիճները։ Կրաքարային լեռներում տարածված են քարանձավները, այդ թվում` Խիրլացը, որն ունի 96 կմ երկարություն։
Պատմություն
խմբագրելԶալցկամերգուտում հանդիպող մարդկային հնագույն մշակույթը վերաբերում է ուշ նեոլիթի շրջանին` մ. թ. ա. 3600-3300 թվականներին։ Այդ շրջանին բնորոշ մոնձեյան մշակույթի ներկայացուցիչները կարողացել են տներ կառուցել ջրերի վրա և մշակել պղինձ։ Լավ ուսումնասիրված է Հալշտատի հնագիտական մշակույթը (մ. թ. ա. 900-400): Հալշտատի անունով կոչված այդ մշակույթը լայնորեն տարածված է Ֆրանսիայի հյուսիսից մինչև Ալբանիա։
15-րդ դարի կեսերին աղի հանքերի շրջանը Հաբսբուրգների ենթակայության տակ են եղել[2]։ «Զալցկամերգուտ» անունն առաջին անգամ հիշատակվել է 1656 թվականին։ 18-19-րդ դարերում ավստրիական պետությունը իր ձեռքերում էր պահում աղի եկամտաբեր մենիշխանությունը` մշտապես տարածքում ծառահատումներ իրականացնելով, ինչն անհրաժեշտ էր հանքարդյունաբերությունում անհրաժեշտ վառելիքի համար։ Տարածքի ժամանակակից սահմանները սահմանվել են միայն 20-րդ դարի կեսերին։
Լճեր ու քաղաքներ
խմբագրելԶալցկամերգուտի տարածքի մեջ են մտնում տասը շրջաններ.
- Աուսզերլանդ
- Վոլֆհանգզե
- Ներքին Զալցկամերգուտ
- Տրաունզե
- Ատերզե
- Բադ-Իշլ
- Մանձե
- Ֆուքսզեե
- Ատերգաու
- Ալմտալ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալցկամերգուտ» հոդվածին։ |