Դախշտայն (գերմ.՝ Hoher Dachstein), կարստային լեռնազանգված, բարձրությամբ երկրորդ լեռը Հյուսիսային կրաքարային Ալպերում։ Այն բարձրավանդակ է, որ գտնվում է Ավստրիայի Վերին Ավստրիա, Շտիրիա և Զալցբուրգ նահանգների տարածքում, ինչի պատճառով հաճախ անվանում են «Երեք երկրամասի լեռ» (Drei-Länder-Berg):

Դախշտայն
Տեսակլեռ
Երկիր Ավստրիա
Վարչատարածքային միավորԳոսաու, Հալշտատ և Ramsau am Dachstein
ԼեռնաշղթաDachstein լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2995 մետր
Հարաբերական
բարձրություն
2136 մետր
Մակերես28 446 հեկտար

Դախշտայն լեռը 20×30 կմ չափերով է, ունի 2.500 մ-ից բարձր 10 լեռնագագաթ, որոնցից ամենաբարձրերը գտնվում են բարձրավանդակի հարավային և հարավարևմտյան մասերում։ Հյուսիսից ծածկված է սառցադաշտերով, որոնց վերևում երևում են լեռնագագաթները, հարավից լեռը գրեթե ուղղահայաց իջնում է հովիտ։

Իր բացառիկ լանդշաֆտի շնորհիվ` 1997 թվականին Դախշտայնը Հալշտատ քաղաքի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրություն խմբագրել

Դախշտայնը հիմնականում բաղկացած է կրաքարից, որ ձևավորվել է մեզոզոյան դարաշրջանում։ Ինչպես կարստային ցանկացած շրջան, Դախշտայնը հարուստ է քարանձավներով։ Այստեղ են գտնվում Ավստրիայի խոշորագույն քարանձավները` Մամուտխյոլեն (Mammuthhöhle), Խիրլացխյոլեն (Hirlatzhöhle), ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Այսրիզենխյոլեն (Eisriesenhöhle): Դախշտայնը հայտնի է նաև բրածո կենդանիների քարացած գոյացություններով։

Հյուսիսային Ալպերին սառցակալումը բնորոշ չէ, այդ պատճառով էլ Դախշտայնում գտնվող խոշոր սառցադաշտերը` Հալշտատը (Hallstätter Gletscher), Մեծ Գոզաուն (Großer Gosaugletscher) և Շպադմինգը (Schladminger Gletscher), Ալպերի ամենահյուսիսային և ամենաարևելյան սառցադաշտերն են։ Ներկայումս սառցադաշտերը գնալով քչանում են և 80 տարի անց կարող են ամբողջովին անհետանալ. միայն Հալշտատ սառցադաշտը 20 տարվա ընթացքում նահանջել է 20 մ-ով։

Ժայռագնացություն խմբագրել

Լեռնագագաթն առաջին անգամ նվաճվել է 1832 թվականին Պետր Գարմայրի կողմից, ով գագաթ է բարձրացել Գոզաու սառցադաշտով։ Երկու տարի անց լեռնագագաթին դրվել է փայտե խաչ։ Ձմռանը լեռան գագաթ առաջինը բարձրացել է Ֆիդրիխ Սիմոնին 1847 թվականի հունվարի 14-ին։ Հարավային կողմով առաջին անգամ բարձրացել են 1909 թվականի սեպտեմբերի 22-ին։

Լինելով երկու նահանգների ամենաբարձր լեռնագագաթը` Դախշտայնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում և՛ ձմռանը, և՛ ամռանը։ Լավ եղանակի պայմաններում լեռան գագաթ միաժամանակ կարող են բարձրանալ մինչև 100 լեռնագնաց։

Հալշտատից ոչ հեռու աշխատում է ֆունիկուլյոր, որով զբոսաշրջիկները կարող են լեռնագագաթ բարձրանալ և հիանալ շրջակայքի անկրկնելի բնապատկերով։ Կարելի է նաև այցելել երկու քարանձավներ` Սառցային և Մամոնտի։

 
Դախշտայն լեռան համայնապատկեր

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դախշտայն» հոդվածին։