Զագլիկ (Մարտակերտի շրջան)

Զագլիկ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի ձախ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 95 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Զագլիկ
ադրբ.՝ Zəylik
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն217 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունզագլիկցի
Ժամային գոտիUTC+4
Զագլիկ (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Զագլիկ (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ըստ ավանդության՝ այս անվանումը կապված է Փեփրոնյա կույսի անունից։ Այս մոտեցումը փաստագրվում է մասնավորապես 1885 թվականի մի վավերագրում, ըստ որի՝ Հին Փիփ գյուղատեղիի եկեղեցին օծվել է նշված կույսի անվամբ[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսային թևին՝ Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ սարի ստորոտի մի չնաշխարհիկ վայրում։ Հնում գյուղը գտնվում էր Արցախի Ջրաբերդ գավառում։ Համայնքի տարածքով է անցնում Թրղե-Հաթերք ոռոգման ջրատարը։ Գյուղի ճանապարհները սալահատակված են։ Գյուղի հայտնի հանդամասերն են՝ Կռվահող, Սարուխաչ, Ջղանուտ[1]։

Համայնքը լեռնային է, ունի 810,30 հա տարածք, որից 187,77 հա գյուղատնտեսական նշանակության, 566,85 հա անտառային հողեր։ Զագլիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Օխտըն», «Ներքին», «Սրըշենու», «Քոռ» և «Հունոտի»։

Պատմություն խմբագրել

Ի տարբերություն Արցախի մյուս գյուղերի՝ Զագլիկը բավականին նոր բնակատեղի է։ 1918-1920 թվականներին պատմական Գարդմանի՝ Քարհատի շրջանի Փիփ կամ Զագլիկ գյուղից և Արծվաշենից մի քանի ընտանիքներ գալիս և հաստատվում են Մռավի ստորոտում գտնվող մի հարմարավետ վայրում։ Նոր հաստատված բնակիչները իրենց հին բնակավայրի անունով տարածքին տվել են Փիփ անվանումը, որը ավելի ուշ վերանվանվել է Զագլիկ։

Շամքոր գետի աջ ափին գտնվող Հին Փիփ գյուղում պահպանված եկեղեցու արձանագրությունները հուշում են այն մասին, որ 17-րդ դարում այդպիսի բնակավայր է գոյություն ունեցել։ 19-րդ դարում գյուղը վերանվանվել է Զագլիկ։ Նոր բնակավայրում գյուղացիները զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, և որսորդությամբ[1]։

Նոր բնակավայրում սկսում են խորհրդային կարգեր հաստատվել, իսկ 1931 թվականին կազմավորվում է կոլտնտեսություն։

Գյուղից Հայրենական մեծ պատերազմն մասնակցել է 15 մարդ, որից 5-ը զոհվել է[1]։

Զագլիկը Արցախյան ազատամարտին խմբագրել

1988 թվականին Զագլիկում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Հարությունյան, Ս. Պետրոսյան), որոնք առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զագլիկից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է Ս. Անտոնյանը։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ[2]։

Բնակչություն խմբագրել

Զագլիկ համայնքի բնակչության թվաքանակը 2003 թ.-ին՝ կազմում է 217, իսկ 2015 թվականին՝ 235 մարդ, կա 55 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 229 232 223

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարակական կյանք խմբագրել

Խորհրդային տարիներին Զագլիկում գործել է տարրական դպրոց։ 1988 թվականին ավարտվել են գյուղի ութամյա դպրոցի շինարարական աշխատանքները։ 2018-2019 թվականներն ընկած ժամանակահատվածը դպրոցում սովորում էր 42 աշակերտ, դասավանդում՝ 16ուսուցիչ։ Արցախյան ազատամարտից հետո գյուղում ավելացել է երիտասարդ ընտանիքների թիվը, որոնց մեծամասնության համար պետական միջոցներով կացարաններ են կառուցվել։ Բնակիչները աշխատում են դպրոցում, Կաշենի հանքարդյունաբերական ձեռնարկությունում, զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, Քոլատակի միջնակարգ դպրոցի Զագլիկի մասնաճյուղը, որտեղ սովորում են 30 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 285–286.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 194։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 154.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)