Երևանի սարդար
Երևանի սարդար, Երևանի խանության հրամանատարը, ով հիմնականում համատեղել է այս պաշտոնը Երևանի խանի՝ Երևանի խանության ղեկավարի պաշտոնի հետ։ Համարվել է ամբողջ Պարսկաստանի ամենագլխավոր պաշտոններից մեկը։
Պատմություն
խմբագրելԵրևանի սարդարը նշանակվում էր Պարսկաստանի շահի կողմից։ Երևանի սարդարը եղել է Երևանի խանության գլխավոր հրամանատարը, ով Պարսկաստանում Ղաջարիների իշխանության օրոք` 18-րդ դարի վերջին — ու մինչ տարածաշրջանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը ռուս-պարսկական պատերազմի արդյունքում փաստարեն հանդիսանում էր կիսանկախ միավոր։ Երևանի խանությունը սահմանակից էր Օսմանյան կայսրությանը ու Վրաստանի միացումից հետո՝ նաև Ռուսաստանին։ Երևանի սարդարն էր վստահված սահմանի ողջ երկայինքի հսկումը, ու այդ պտճառով նա ուներ արտոնություններ, որոնք չուներ Պարսկաստանի որևէ այլ խան։ Երևանի սարդարն ազատ էր իր հայեցողությամբ հարկեր մտցնել ու հանել, իր հերթին ազատված էր շահին հարկեր վճարելուց, ուներ իրավունք դրամներ թողարկել, լինել դատավոր՝ ազատ կերպով նշանակելով մահապատիժներ։ Չունենալով իրավունք ինքնուրույն օրենքներ հրապարակել՝ նա հրապարակում էր կարգադրություններ, որոնք օրենքի ուժ ունեին խանության տարածքում[1]։
Երևանի սարդարն ունեցել է հարեմ, որը գտնվել է Երևանի բերդից Հրազդանի ձորի դիմացի ափին՝ ներկայիս Ճանապարհային ոստիկանության կողմից զբաղեցրած տարածքում։ Երևանի վերջին սարդար Հուսեյն-Ղուլու խանը, չնայած պատկառելի տարիքին, ուներ իր հարեմում տարբեր ազգությունների 60 կին՝ բռնի կերպով բերված խանության տարբեր վայրերից[2]։
Աշխատակազմ
խմբագրելՍարդարի դիվանը կամ աշխատակազմը բաղկացած է եղել վեզիրից (գլխավոր նախարար կամ գլխավոր միրզա) ու մի քանի նախարարներից (միրզաներից), որոնք իրենց հերթին զբաղվում էին սարդարի կեցավայրի ղեկավարմամբ, խանության ֆինանսական, ռազմական ու ոստիկանական հարցերով։ Վերջին սարդարի օրոք ֆինանսական ու ոստիկանական գործերը գրեթե միաձուլված էին, սարդարի կեցավայրի հարեցրը տնօրինում էր ինքը Հուսեյն խանը, իսկ ռազմական հարցերով զբաղվում էր վերջինիս կրթսեր եղվայր Հասան խանը՝ հայտնի իր անասելի դաժանությամբ։
Ըստ Լեոի՝ յուրաքանչյուր խանությունում, այդ թվում նաև Երևանի սարդարի աշխատակազմը հասնում էր 100-ի։ Դրանց թվում էին խազնա-աղասին (գանձապետը), սանդուխտար-աղասին (ծախսարար), ամբարդար-աղասին (շտեմարանապետ), սերաֆյուլ-բեկը (զորապետը), մուհասիլը (խանական ու դատաստանային հրամաններ կատարողը), ղարուղան (ոստիկանապետը), և այլն[1]։ Դրանց ավելանում էին նաև ախոռապետությունը, բազեկրությունը, մահալների կառավարչությունները, և այլն։ Բոլորին անձամբ նշանակում էր սարդարը[3]։
Բանակ
խմբագրելՍարդարի զորքի թվաքանակը փոփոխվում էր՝ կախված իրավիճակից։ Վերջին սարդար Հուսեյն-Ղուլու խանի օրոք խանության զինված ուժերը կազմում էին երկու գումարտակ կանոնավոր հետևակային զորամասերից (սարբազներից), հեծյալներից, որոնց մոտ կային մի քանի դաշտային հրանոթնոր, ֆալկոնեթներ ու բերդապաշտպան այլ հրետանի։ Ռուս-պարսկական 1804-1813 թվականներից հետո զորքի ընդհանուր թիվը հասել է շուրջ 16 հազարի, որոնք մի մասը տեղակայված է եղել Սարդարաբադի բերդում, մյուս մասը Երևանի բերում ու մոտակա կրակակետերում[1]՝ Հերակլի բլուրի (ներկայիս Նորագյուղ) ու Մուխանաթափի վրա (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ու Տիգրան Մեծ պողոտայի միջանկյալ բլրին)։ Երևանում հեծյալների թիվը 8000-ից ավել չի եղել, թեթև հրետանին բաղկացած է եղել 12 միավորից՝ չհաշված բերդային ու դաշտային հրետանին[2]։
Պատերազմի դեպքում բոլոր զենք կրելու ունակ արական սեռի ներկայացուցիչները պարտավոր էին իրենց ձիով ու զենքով ներկայանալ ու հավաքագրվել։ 1814 թվականին անցկացված մարդահամարի արդյունքում պարզվել է, որ նման պոտենցիալ տղամարդկանց քանակը կազմում ՝ 18 000[2]։
Արդարադատություն
խմբագրելՈղջ արդարադատությունը հիմնված էր շարիաթի ու ավանդույթի ուժող եկած կանոնների հիման վրա։ Բուն մուսուլմանական իշխանությունը բաժանված էր 3 ճյուղի՝
- բուն հոգևորական ճյուղ,
- իրավական ճյուղ,
- ժողովրդական կրթության։
Դատարանի գլուխ էր կանգնած մուսուլմանները առաջնորդը՝ շեյխ-ուլ-իսլամը, ինչպես նաև օգնական մի շարք ախունդներ ու մոլլաներ, որոնց թվում կային թե՛ խորհրդատվական, թե՛ վճռական իրավունքներ ունեցողներ։ Դատարանը քննում էր տարատեսակ հարցեր՝ պայմանագրերի կնքման, կատարման, խախտման հարցեր, ամուսնալուծության, խնամակալության, ունեցվածքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր։ Ըստ էության օրենքները մեկնաբանվում էին ըստ դատավորի տրամադրության։ Դատավճիռը վիճարկելու հնարավոություն չկար։ Լսում էին երկու կողմերը ու կայացնում որոշում։ Եթե չկային վկաներ, ովքեր կհաստատեին մեղադրանքը, առաջարկում էին երդվել։ Եթե երդվում էին երկու կողմն էլ, առավելությունը տրվում էր պատասխանող կողմին[3]։
Սպանության դեպքում հիմնվում էին Ղուրանի 4-րդ գլխվի վրա, որտեղ նշված է «Արյան դիմաց արյուն», սակայն ազատ մարդու սպանության դեպքում պատիժ կարող էր կրել միայն ազատ մարդը, ստրուկի դեպքում՝ ստրուկը, կնոջ դեպքում՝ կինը։ Սովորաբար մարդասպանին հանձնում էին սպանված հարազատներին, ովքեր ազատ էին վարվել իրենց կամեցողությամբ՝ սպանել վերջինիս կամ ստանալ իրենց սպանվածի արյան գինը՝ այսինքն ֆինանսական կամայական գումար[3]։
Գերագույն դատավորն էր Երևանի սարդարը։ Նրան դիմելու դեպքում՝ սարդարը վճիռները կայացնում էր անմիջապես բողոքը լսելուց հետո։ Նա ուներ կյանքի ու մահվան բացառիկ իրավունք, ու այդ պատճառով նրան միշտ ընկերակցում էր մի սպա՝ կացինը ուսին։ Մեղավոր ճանաչվածին կարող էին պատժել ֆալախկայով, ճիպոտելով մինչև մերձ մահ կամ մահ, կտրել ձեռքը կամ ձեռքերը, մեկ ականջը կամ երկուսը, լեզուն, հանել մեկ կամ երկու աչքը, նույնիսկ երբեմն բերդի պատից նետել Հրազդանի ձորը։ Սարդարի կամքը գրի էր առնվում տեղում, ինչի տակ վերջինս ստորագրում էր։ Կային սակայն պատրաստ ձևանմուշներ արդեն ստորագրած թղթերով, որոնց վերևից պարզապես գրի էր առնվում վճիռը։ Կաշառքներն ու հովանավորչությունը մեծ տարածում ունեին։ Սարդարի մտերիմներից որևէ մեկը կարող էր իսլամական դատարանին հասկացնել տար, որ դատական կողմերից մեկը իրենց հովանավորյալն է, ու մեղավորը կարող էր դառնալ անմեղ, իսկ անմեղը՝ մեղավոր[3]։
Ֆինանսներ
խմբագրելԵրևանի սարդարը կուտակում էր հսկայական բյուջե, որից նա իրհերթին շահին ոչինչ չէր փոխանցում։ Ըստ Անգլիացի դիվանագետ Ջեյմս Մորիերի՝ խանական գանձարանը կազմել է 180 000 թուման (640 000 ռուբլի կամ 135 000 ֆունտ ստերլինգ), որի եկամուտի աղբյուրներն էին[2]․
- Հարկեր ու տուրքեր՝ 150 000 թուման
- Մաքսեր՝ 12 000 թուման
- Կողբի աղահանքի վարձակալություն՝ 6 000 թուման
- Շահի կողմից սարդարին տրվող աշխատավարձ՝ 600 թուման
- Նվերներ ու կաշառքներ՝ 6 000 թուման
Մոտավորապես նույն գումարն է նշում նաև Իվան Շոպենը՝ 653 150 ռուբլի, ով երկար ժամանակ ավելի մանրամասն ուսումնասիրել է առկա բազմաթիվ փաստաթղթեր[4]։
Երևանի սարդարն ուներ սեփական կալվածքներ՝ այգիներ, բանջարանոցներ, խոտհարքներ, և այլն, ոչ միայն խանության տարածքում, այլ նաև Պարսկաստանի այլ շրջաններում[2]։
Անօրինությունները հայերի նկատմամբ
խմբագրելՄորից ֆոն Կոցեբուն Երևանի խանին սարդարին անվանում էր «հրեշ»՝ նշելով, որ օրինակ Էջմիածինը վաղուց արդեն կարող էր դառնալ ծաղկող քաղաք, եթե չենթարկվեր կողոպուտի Երևանի սարդարների կողմից[2]։
«Վերք Հայաստանի» վեպում Խաչատուր Աբովյանը անասելի դաժանության փաստեր է բերում Երևանի սարդարի հսկողության տակ գտնվող բերդում[5]՝
Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, ա՜խ, աչքս դուս գա, քանի՜, քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց ետը կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կրծելով, աչքերը դուս տրաքելով, ղովում, ղարդաշ, իրավորի, ազգականի, իր որդոց, զավակաց ձենը լսելով, տրորվելով, փոթոթվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքի՛ցը, էն կատաղի գազանների ձեռիցը։ Քանի՜, քանի՜ ջահել երիտասարդ՝ մեկ սաղ օջախի մեն մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին կամ սաղ-սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ, որ շուտով խմի ու բալքի կշտանա:
Երևանի ղեկավարները
խմբագրելԵրևանի սարդարների, խաների ու մինչ Երևանի կուսակալության վերջնական ձևավորումը Երևանի փաստացի ղեկավարների ոչ ամբողջական ցանկը հետևյալն է․
Անուն | Ազգությունը | Սկիզբ | Վերջ | Նկարագրությունը | Պետությունը | Պետության ղեկավար |
---|---|---|---|---|---|---|
Սահմադին | Հայ | 1264 | Մոնղոլական իշխանություն | |||
Էմիր Սաադ | Քուրդ | XIV վերջ | 1410 | Կարա Կոյունլու | ||
Փիր Հուսեին | 1410 | 1413 | Կարա Կոյունլու | |||
Փիր Աղուպ | 1420's | (Փիր Հուսեինի որդին) | Կարա Կոյունլու | |||
Աբդուլ | 1430's | (Փիր Հուսեինի որդին) | Կարա Կոյունլու | |||
Աղուպ-բեկ | Կարա-Կոյունլու | 1441 | «Բռնավոր»՝ ըստ Թովմա Մեծոփեցու | Կարա Կոյունլու | Ջհան շահ | |
Հասան խան | 1471 | «Ուզուն» (բարձրահասակ) կոչված | Կարա Կոյունլու | |||
Հասան-բեկ | 1475 | Բայանդուրի թոռ | Ակ Կույունլու | |||
Ռևան խան | Ղզըլբաշ | 1500+ | Կոչվել են Ռևան՝ քաղաքի անունով | Սեֆյան Պարսկաստան | Իսմաիլ Շահ | |
անհայտ | 1513 | Օսմանյան Կայսրություն | Սուլթան Սելիմ | |||
անհայտ | 1515 | Դիվ սուլթան Ռումլուի օրոք, Ղզըլբաշ / Ռումլու | Սեֆյան Պարսկաստան | |||
Հուսեյն-խան սուլթան | Ղզըլբաշ / Ռումլու ցեղախումբ | Սեֆյան Պարսկաստան | ||||
Շահկուլի սուլթան | Ղզըլբաշ / Ռումլու ցեղախումբ | 1549 | Սեֆյան Պարսկաստան | |||
Յաղուր-բեկ | 1557 | Հիշատակված է Սևանավանքի Առաքելոց եկեղեցու հարավային դռան վրա փորագրված առձանագրության մեջ | Սեֆյան Պարսկաստան | |||
Լալա փաշա | 1577 | «Ղարամուսթաֆա» կոչված | Սեֆյան Պարսկաստան | Սուլթան Մուրադ | ||
Մահմուդ խան | Ղզըլբաշ / Ուսթաջլու ցեղախումբ | 1578 | 1583 | Թոխմախ կոչված, Շահկուլիի որդի։ Ստացել է իր մականունը արտասովոր կարճ հասակի պատճառով (թոխմախ նշանակում է փոքր երկաթյա մուրճ) | Սեֆյան Պարսկաստան | Մուհամեդ Խուդաբենդե |
Խըդր փաշա | 1583 | Օսմանյան Կայսրություն | Սուլթան Մուրադ Գ | |||
Փահրատ փաշա | Օսմանցի | 1583? | Ընդարձակել է բերդի տարածքը | Օսմանյան Կայսրություն | Սուլթան Մուրադ Գ | |
Շարիֆ փաշա | Պարսիկ | 1604 | Սեյիդ-Մուհամմադ փաշա | Օսմանյան Կայսրություն | Սուլթան Մուրադ Գ | |
Ամիրգունա նախարար | Աղչա-Քոյունլու / Քաջար | 1606 | Սեֆյան Պարսկաստան | Շահ Աբբաս Ա | ||
Թահմազ Ղուլի | 1635 | Ամիրգունայի որդի | Սեֆյան Պարսկաստան | |||
Մուրթուզա փաշա | 1635 | Օսմանյան Կայսրություն | Սումթան Մուրադ Գ | |||
Քյալպալի խան | 1636 | Սեֆյան Պարսկաստան | ||||
Մահմադ խան | 1640 | «Չաղաթա քյոթուկ» կոչված | Սեֆյան Պարսկաստան | |||
Բեյ Խոսրով խան | Վրացի | 1648 | Սեֆյան Պարսկաստան | |||
Մահմադ Ղուլի պան | 1654 | Լալա-բեկի որդի | Սեֆյան Պարսկաստան | |||
Նաջաֆ Ղուլի խան | 1660 | Սեֆյան Պարսկաստան | Շահ Իսմայել Սեֆի | |||
Աբբասղուլի խան | 1663 | Ամիրղունա նախարարի որդի | Սեֆյան Պարսկաստան | |||
Սաֆի-Ղուլի խան | Լեզգի | 1667 | Սեֆյան Պարսկաստան | |||
Սարուխան-բեկ | 1669 | 2 տարի | Սեֆյան Պարսկաստան | |||
Սաֆի-Ղուլի խան | Լեզգի | 1670 | Թավրիզի Ռուստամ խանի որդի | Սեֆյան Պարսկաստան | ||
Զալ խան | Վրացի | 1679 | Կառուցել է Երևանի բերդի շուրջ 3 շերտ ունեցող պարիսպ | Սեֆյան Պարսկաստան | ||
Մուրթուզա Ղուլի խան | Նախիջևանի Մահմադ-Ռզա խանի որդի, 2,5 տարի | Սեֆյան Պարսկաստան | ||||
Մահմադ-Ղուլի խան | 3,5 տարի | Սեֆյան Պարսկաստան | ||||
Զոհրա խան | 1691 | Սեֆյան Պարսկաստան | ||||
Ֆարզալի խան | Ղաջար | 1699 | 1705 | Ամիրղունայի թոռ | Սեֆյան Պարսկաստան | Սուլթան Ահմեդ |
անհայտ | 1705 | 1709 | ||||
Մեհրալի խան | 1709 | 1719 | Սեֆյան Պարսկաստան | |||
Ալլայ-Քուլի խան/Ալլահքյուլու Խան | 1719 | 1725 | Սեֆյան Պարսկաստան | |||
Ռաջաբ փաշա | 1725 | 1728 | Օսմանյան Կայսրություն | |||
Իբրահիմ և Մուտաֆա փաշաներ | 1728 | Օսմանյան Կայսրություն | ||||
Ալի փաշա դավթարդար | 1734 | Օսմանյան Կայսրություն | ||||
Հաջի Հուսեին փաշա Տերենտեցի | Ալի փաշայի տեղակալ | Օսմանյան Կայսրություն | ||||
Մահմեդ-Ղուլի խան | Հայ | 1735 | Սյունեցի Մուսաբեկյանց տոհմից, ում պապը իսլամ է ընդունել Շահ Աբբասի օրոք | Աֆշարյան Պարսկաստան | Նադիր շահ Աֆշար | |
Փիր Մահմադ խան | 1736 | Աֆշարյան Պարսկաստան | ||||
Խալիլ խան | Ուզբեկ | 1752 | Աղվան Ազատ խանի հրամանով | Զենդյան Պարսկաստան | ||
Հասան-Ալի խան | Ղաջար | 1755 | Վրաց հարկատու | Զենդյան Պարսկաստան | ||
Հուսեին-Ալի խան | Ղաջար | 1764 | Հասան-Ալիի եղբայրը, վրաց հարկատու | Զենդյան Պարսկաստան | ||
Ղուլամ-Ալի խան | Ղաջար | 1778 | Հուսեին-Ալի խանի որդի, վրաց հարկատու | Զենդյան Պարսկաստան | ||
Մահմադ խան | Ղաջար | 1779 | «Կարճահասակ», Ղուլամ-Ալիի եղբայր, վրաց հարկատու | Զենդյան Պարսկաստան | Աղա Մամեդ շահ | |
Ալի-Ղուլի խան | Ղաջար | 1796 | Աղա Մամեդի եղբայր։ Հայտնի է եղել իր դաժանությամբ։ Հրամայել է իր մոտ երկրի բոլոր ծայրերից գեղեցիկ հայ աղջիկների բերել։ | Ղաջարական Պարսկաստան | Աղա Մամեդ շահ | |
Հասան խան | Ղաջար | 1797 | Ղաջարական Պարսկաստան | Ֆաթ-Ալի շահ | ||
Մահմադ խան | Ղաջար | 1797 | Ազատ է արձակվում նոր շահի կողմից ու վերահաստատվում Երևանում | Ղաջարական Պարսկաստան | Ֆաթ-Ալի շահ | |
Մեհդիղուլի խան | Ղաջար | 1804 | Ղաջարական Պարսկաստան | Ֆաթ-Ալի շահ | ||
Մոհամադ խան | Ղաջար | 1806 | Մարաղացի | Ղաջարական Պարսկաստան | Ֆաթ-Ալի շահ | |
Հուսեին խան | Ղաջար | 1807 | Ղաջարական Պարսկաստան | Ֆաթ-Ալի շահ |
Վերջին սարդար
խմբագրելԸստ Ալեքսանդր Գրիբոեդովի՝ Երևանի վերջին սարդար Հուսեյն-Ղուլու խանը Երևանի խանության տարածքում եղել է «Աստծուց հետո երկրորդ անձը», համարվել է պետության երկրորդ մարդը՝ շահից հետո։ Ըստ անգլիացի դիվանագետ Ջեյմս Մորիերի՝ Հուսեյն Ղուլու խանը նշանակվել է շահի կողմից՝ մեծ կաշառքի դիմաց[2]։ Նա նաև խնամիական կապերով կապված էր Ֆաթ-Ալի շահի ու նրա որդի թագաժառանգ Աբբաս-Միրզայի հետ[6]։ Հուսեյն խանը նաև փաստացի իրավունք ուներ ինքնություն դիվանագիտական կապեր հաստատել առանձին հարևան պետությունների, դրանց մեջ մտնող շրջանների հետ[1]։ Հուսեյն խանի անպատժելիությունը արտահայտվել է նաև նրանում, որ իր սիրած զբաղմունքներից է եղել Սարդարի պալատի իր պատուհանից կրակել Հրազդանի ձորի դիմացի ափով անցնող մարդկանց էշերին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան, Թադևոս (1959). Երևանի պատմությունը (1801-1879). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբյան, Հովհաննես. Ուղեգրություններ, հ․ Զ.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Шопен, Иван. Исторический памятник армянской области. էջեր 452–457.
- ↑ Шопен, Иван. Исторический памятник армянской области. Приложение (Ведомость бывшего сардарского Визиря…).
- ↑ Աբովյան, Խաչատուր. «Վերք Հայաստանի». Վիքիդարան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Грибоедов, Александр Сергеевич (1889). Полное собрание сочинений по ред. приват-доцента Импер. С.-Петербургского унивеситета И. А. Шляпкина, т. 1. Սանկտ-Պետերբուրգ. էջ 42.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)