Երևանի մանկական երկաթուղի

Երևանի զբոսայգի

Երևանի մանկական երկաթուղի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Հրազդանի կիրճում, երկարությունը՝ 2,1 կմ։ Կայարանները՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» հարթակ։

Երևանի մանկական երկաթուղի
ՏեսակՄանկական երկաթուղի
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Բացվել էՀուլիսի 6, 1937
ՃարտարապետՄիքայել Մազմանյան
Երկարություն2,1 կմ
Երևանի մանկական երկաթուղիը գտնվում է Հայաստանում
Երևանի մանկական երկաթուղի
Երևանի մանկական երկաթուղիը գտնվում է Երևանում
Երևանի մանկական երկաթուղի

Պատմություն խմբագրել

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ են քաշել Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին և ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ 1935 թվականին ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936 թվականի տարեկան ծրագրի մեջ։ 1936 թվականի ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանն ու Բաբկեն Ամատունին տեղադրել են այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը և որը հետագայում վերանվանվել է «Հայրենիք» կայարան։

Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը, սակայն այն պաշտոնապես բացվել է ավելի շուտ՝ 1937 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունու ջանքերի շնորհիվ։

Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։ Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` նույնպես Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Բաբկեն Ս Հակոբյանը, իսկ վերջին կայարաբը նախագծել է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը

1937 թ. գործարկվեցին Պոդոլսկի շոգեքարշային գործարանի կողմից մանկական երկաթուղուն նվիրած 159-434 շոգեքարշն ու երեք մարդատար վագոնները։ 1937 թ. պատրաստված այդ շոգեքարշը այսօր չի գործում և համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը։ Գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում[1]։

1959 թ. երկաթուղին ստացավ երկու PAFAWAG մետաղական մարդատար վագոններ, իսկ 1971 թ.՝ ТУ2-116 ջերմաքարշը։ Այսօր Մանկական երկաթուղում շահագործվում են Կալուգայի մեքենաշինական գործարանի կողմից 1957 թ. արտադրված ТУ2-096 շոգեքարշը և երկու մարդատար վագոններ։

«Ուրախություն» կայարանից դեպի «Պիոներական» կայարան տանող հատվածի թունելը կառուցվել է 1956 թ.։ Թունելի երկարությունը 45 մ է։

Նախկինում կայարանի շենքում եղել է կայարանապետի և հերթապահի առանձնասենյակներ, հեռագրատուն, առողջապահական սենյակ ու դրամարկղ։ Խաղահրապարակում եղել են ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի եւ մարզախաղերի հրապարակ, խաղարան, ծիծաղի սենյակ, կիոսկներ, բուֆետ և այլն։ Խաղահրապարակից դեպի կայարան տանող բարձունքի վրա տեղադրված է եղել Ստալինի մեծ արձանը։

1937 թ. նախատեղվում էր մանկական խաղահրապարակը ընդլայնել մինչև 7 հա։ Այն ունենալու էր ամառային կինոթատրոն, լողարաններ, շտապ օգնության կայան, մեծ գրադարան-ընթերցարան, նաև առանձին հիդրոկայան։

Մանկական երկաթուղին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։

Նա նախատեսել էր երկու թունելներ, որոնք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղու հետ։ Այդ թունելներով Հրազդանի կիրճի մաքուր օդը պիտի հասներ քաղաքի կենտրոն։ 400 մ երկարությամբ երկու թունելները կառուցվեցին 1940-ականներին՝ ի սկզբանե ձևակերպված լինելով որպես պատերազմի ապաստարաններ։

Ներկայումս թունելները գտնվում են անմխիթար վիճակում։ Դրանցից մեկը խցանված է աղբով և չի գործում։ Թունելի երեսպատման երկաթները տեղ-տեղ դեֆորմացվել են, կան խոնավության հետքեր և փլուզման վտանգ։ Տարածքը վերահսկվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից[2]։

Նախատեսվում էր թունելներն օգտագործել մետրոպոլիտենի նոր գծի համար, որը Բարեկամություն կայարանով պիտի հասներ մինչև Երևանի լամպի գործարան[3]։

Թունելների դիմաց՝ այգու մուտքի մոտ տեղադրված են աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով։ Թունելի վերևում՝ ժայռերի մեջ տեղադրվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Հովազ» քանդակը[4]։

Ներկայումս գնացքն անցնում է այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգնում է «Պիոներական» կայարանում։ Քանի որ այն նույնպես չի գործում, մարդիկ մնում են իրենց տեղերում և գնացքը հետընթաց վերադառնում է «Հայրենիք» կայարան։

Մանկական երկաթուղին այսօր խմբագրել

Ներկայումս Մանկական երկաթուղու տարածքը սեփականաշնորհված է և պատկանում է Սամվել եւ Արմեն Գևորգյաններին։ Նախատեսվում է վերանորոգել կայարանի շենքը և այնտեղ բացել սրճարան և կինոթատրոն։ 2012 թ. ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կատարվել են կայարանների, շարժակազմի, գծերի վերականգման և արդիականացման աշխատանքներ։

Ներկայումս Մանկական երկաթուղիում գործում է երկու՝ «Հայրենիք» և «Պիոներական» կայարանները, մեկ կառամատույց («Ուրախություն») և մեկ թունել՝ 45 մ երկարությամբ։ Մանկական երկաթուղի կարելի է հասնել Երևանի Գլխավոր պողոտայից սկսվող թունելի միջոցով կամ ամռանը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մոտից շարժվող բացօթյա գնացքով։

Մանկական երկաթուղին աշխատում է ամեն օր ժամը 10:00-ից մինչև երեկո։ Տոմսի արժեքն է 300 դրամ[5]։

Ապագա պլաններ խմբագրել

Մանկական երկաթուղին և իր տարածքում գտնվող զբոսայգին վերածելու ժամանակակից թեմատիկ զբոսայգու նախագիծը՝ ներկայացված Ռուսաստանի «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի կողմից, նախատեսում է ժամանակակից ատրակցիոններով հագեցած ժամանցի վայր[6], որը կգործի ամբողջ տարին[7]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել