Երևանի ավագանու ընտրություններ 2017

Երևանի ավագանու ընտրություններ 2017, Երևան քաղաքի ավագանու 3-րդ ընտրությունները, որը կայացել է 2017 թվականի մայիսի 14-ին[1]։

Երևանի ավագանու ընտրություններ 2017
Հայաստան
Մայիսի 14, 2017

Տեսակ ընտրություններ

Նախորդ Երևանի ավագանու ընտրություններ 2013

Հաջորդ Երևանի ավագանու ընտրություններ 2018
Երևանի քաղաքապետարան

Մասնակիցներ

խմբագրել

Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը[2]։

Ապրիլի 9-ին «Ելք» դաշինքը հրապարակեց Երևանի ավագանու իր թեկնածուների ցուցակը։ Այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքապետի թեկնածուն է։ Երկրորդ տեղում Արայիկ Հարությունյանն է, երրորդում՝ Դավիթ Խաժակյանը[3]։

Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը[4]։

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ տեղում Մնացական Պարակշիևն է, երրորդում՝ Սոնա Աղեկյանը[5]։

Համարն ընտրաթերթիկում Անվանումը Անդամներ Քաղաքապետի թեկնածուն
1 «Ելք» դաշինք «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Նիկոլ Փաշինյան
2 «Երկիր ծիրանի» կուսակցություն Զարուհի Փոստանջյան
3 Հայաստանի հանրապետական կուսակցություն Տարոն Մարգարյան

Արդյունքներ

խմբագրել
Ընտրությունների վերջնական արդյունքները
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ +/-
1. Հայաստանի հանրապետական կուսակցություն 240 036 71,25 % 46   -
2. «Ելք» դաշինք 70 731 21,00 % 14   14
2. «Երկիր ծիրանի» կուսակցություն 26 109 7,75 % 5   5
Անվավեր 7859 2,41 %
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը 841 973 40,99 %
Ընդհանուր 100%
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 474

Ընտրակարգ

խմբագրել

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքակետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար)։

Նախընտրական իրադարձություններ

խմբագրել

Ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ[6]։

Մայիսի 11-ին քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց ընտրակաշառքի բաժանման դեպք ֆիքսելու մասին։ Ըստ նրա, Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում քաղաքացիներին քվեարկած թերթիկներ և 20'000 դրամ են բաժանել[7]։

Մայիսի 12-ին Ելք դաշինքը հայտնեց ՀՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքն ապացուցող փաստաթղթեր հայտնաբերելու մասին, որոնցում առկա են գումարների չափի, հավաքած ձայների մասին տվյալներ[8]։ Փաստաթղթերից մեկն ուղարկվել է Էրեբունու ոստիկանության գումարտակի (ՊՊԾ գունդ) ֆաքսով, որտեղ ներկայացված է ոստիկանության բարձրաստիճան աշխատողների անունները և նրանց խոստացած ձայները։ Մեկ այլ գրության մեջ ներկայացված է ընտրակաշառքը բաժանելու մեխանիզմերը[9]։

Ընտրախախտումներ

խմբագրել

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն արձանագրել է կուտակումներ տեղամասում, ֆիզիկական բռնություն և հայհոյանք դիտորդների նկատմամբ[10]։ Ընտրական խոստումների, ընտրակաշառք ստանալու, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, խուլիգանական արարքի, բռնություն կամ ծեծ, հանձնաժողովականի լիազորությունների խոչընդոտմանն և լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերով 7 ահազանգ է գրանցվել ՀՀ ոստիկանություն[11]։

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնեց Ավանում ՀՀԿ-ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Փոստանջյանին[12]։ Դեպքի առիթով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ խախտվել է ՀՀԿ-ի ընտրական իրավունքը[13]։

Ըստ Ազատություն ռադիոկայանի հրապարակած տեսանյութի, Կոնդ թաղամասում քաղաքացիները ընտրությանը գնալուց առաջ անձնագրերով և մի խումբ մարդկանց ուղեկցությամբ մտնում են ՀՀԿ֊ի նախընտրական շտաբ և գումարով դուրս գալիս[14]։

Ընտրախախտումների, մասանավորապես դիտորդների նկատմամբ ճնշումների, գունավոր գրիչներով քվերակության դեպքերի, ընտրատեղամասերի կահավորման խախտումների, քվեարկած քվեաթերթիկներով տեղամաս ժամանած ընտրողների, հանձնաժողովի անդամների կողմից լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերի մասին հայտնել է «Ելք» դաշինքը[15]։

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  2. «Ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, «Ելք»-ը, «Երկիր ծիրանին», մնացյալ ուժերը հրաժարվեցին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  3. «ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուների ցուցակ | www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  4. «Երեւանի ավագանու ընտրություններ. ովքեր են ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում». news.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  5. «Երեւանի ավագանու ընտրություններ. «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջին տասնյակը հայտնի է». news.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  6. «Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 10 ընտրատարածք». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  7. Փաշինյանն ասում է՝ կաշառք բաժանելու դեպք է ֆիքսել, ՀՀԿ-ն հերքում է
  8. ԵԼՔ-ը հայտնաբերել է ընտրակաշառքն ապացուցող փաստաթղթեր. ուղիղ
  9. Աղմկահարույց բացահայտումներ. «ԵԼՔ»-ը աղբանոցից հանել է Տարոն Մարգարյանի շտաբի փաստաթղթեր՝ գումարային տվյալներով եւ ընտրողների ցուցակներով (Տեսանյութ)
  10. Ընտրախախտումներ. Հանձնաժողովի անդամը հայհոյել է դիտորդին
  11. Ոստիկանությունն այսօր արդեն յոթ ահազանգ է ստացել
  12. «Զարուհի Փոստանջյանին տարան մինչև ոստիկանության մեքենան, նրա աղջիկը բերման ենթարկվեց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  13. ՀՀԿ-ի ընտրական իրավունքը խախտվել է. Մուկուչյանը՝ Փոստանջյանի միջադեպի մասին (տեսանյութ)
  14. Կոնդում տասնյակ քաղաքացիներ այցելում էին ՀՀԿ շտաբ, դուրս գալիս գումարով
  15. ԵԼՔ դաշինքն արձանագրել է ընտրախախտումներ
  16. «Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել