Երվանդ Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Սուքիասի Զաքարյան (1914, Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1945), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Երվանդ Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1945 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԵրվանդ Զաքարյանը ծնվել է 1914 թվականին, Հրազդան քաղաքում։ Սովորել է Հրազդան քաղաքի № 1 միջնակարգ դպրոցում։ 1935-1936 ուսումնական տարում գերազանց գնահատականներով ավարտել է Մռավյանի անվան օրինակելի միջնակարգ դպրոցը և աշխատանքի է անցել Սևանի շրջանի Դդմաշենի դպրոցում որպես ուսմասվար և ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ։ Այնուհետև աշխատել է Չկալովկայում, ապա տեղափոխվել է իր ծննդավայրի՝ Հրազդանի շրջանի Ջրառատի դպրոցը։ Միաժամանակ սովորել և 1940 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը[1]։
1940 թվականին Զաքարյանը զորակոչվել է զինվորական ծառայության։ Գերմանա-խորհրդային պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի վերջերից մինչև 1945 թվականի հունվարի 26-ը։ Զաքարյանը մարտնչել է տարբեր ռազմաճակատներում։ Ավարտելով գնդի դպրոցը, որպես հրետանավոր, թշնամու դեմ կռվել է 229-րդ հրետանային գնդում։ Մարտերից մեկում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո սովորել է հրամանատարական դասընթացներում և ավարտելուց հետո կրտսեր լեյտենանտի կոչումով մեկնել ռազմաճակատ։ Հյուսիսային Կովկասում նորից ծանր վիրավորվել է և փոխադրվել հոսպիտալ։ 1942 թվականին ծառայել է Ադրբեջանական ԽՍՀ-ում, մասնակցել ռազմաճակատ ուղարկվող զորամասերի նախապատրաստմանը։ 1942 թվականի վերջերին, զորամասերից մեկի հետ ինքն էլ նորից մեկնել է ռազմաճակատ[1]։
1943 թվականին մարտերում ցուցաբերած խիզախության համար Զաքարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1943 թվականի դեկտեմբերին վիրավորվել է, բուժվելուց հետո երկրորդ անգամ սովորել է հրամանատարական դասընթացներում և ավագ լեյտենանտի կոչումով (1944) մեկնել է 3-րդ Բելոռուսական ռազմաճակատ. սկզբում դասակի, ապա վաշտի հրամանատար ծառայել է 329-րդ գվարդիական դիվիզիայում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել Երվանդի խիզախությունն ու հնարամտությունն, նրան շնորհել է կապիտանի կոչում։ 1945 թվականի հունվարին կապիտան Զաքարյանը ծառայել է 173-րդ դիվիզիայի 1313-րդ հետևակային գնդում։ Կռվել է Արևելյան Պրուսիայում, որտեղ էլ 1945 թվականին զոհվել է թշնամու գնդակից[1]։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական ծառայությունների համար» մեդալ