Եղիշե Պետրոսյան

հայ բանասեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղիշե Պետրոսյան (այլ կիրառումներ)

Եղիշե Մանուկի Պետրոսյան (1912, Մանազկերտ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1982), հայ բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Եղիշե Պետրոսյան
Ծնվել է1912
Մանազկերտ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1982
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբանասեր, գրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1969)

Կենսագրություն խմբագրել

Եղիշե Պետրոսյանը Մանազկերտ|ծնվել է Մանազկերտում։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945 թվականից մինչև իր անժամանակ մահը՝ 1982 թվականը, առանց ընդհատումների եղել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ 1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Րաֆֆու ստեղծագործության վերաբերյալ։ Երկու անգամ ընտրվել է բանասիրական ֆակուլտետի դեկան (1945-1950 և 1968-1972 թթ.)։ 1945-1950 թվականներին դեկան եղած ժամանակ, հետպատերազմյան ծանր տարիներին տնտեսապես օգնել է մի քանի ուսանողների։

Խորհրդային տարիներին՝ որպես զբոսաշրջիկ եղել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում։ Ջերմ հարաբերությունների մեջ է եղել անվանի միջնադարագետ Ասատուր Մնացականյանի հետ։

Ունեցել է 4 զավակ, որոնցից են բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանը և երգիծաբան, տրագիկոմեդիայի նոր ժանր ստեղծած և հասարակական իր դիրքորոշումն արվեստի լեզվով հաղորդող Վարդան Պետրոսյանը։

Աշխատություններ խմբագրել

Ե. Պետրոսյանը գրել է մի շարք գրքեր՝ «Րաֆֆի» (1959 թ.), «Գրական դեմքեր» (1977 թ.), «Դանիել Վարուժան» (1987 թ.)։ Կազմել, ծանոթագրել և հրատարակել է այն ժամանակ մեզանում դեռևս քիչ ուսումնասիրված արևմտահայ գրողների երկերի ժողովածուներ՝ Ռուբեն Սևակի (1955 թ.), Ռուբեն Որբերյանի (1963 թ.), Օնիկ Չիֆթե-Սարաֆի (1981 թ.)։

«Րաֆֆի» խմբագրել

Ե. Պետրոսյանը Րաֆֆու նվիրյալներից էր, վերջինիս ստեղծագործությունը գիտեր բոլոր մանրամասներով։ Նա հետազոտել էր նաև Րաֆֆու շուրջ ստեղծված գրվածքները, հատկապես, գիտեր «Մշակը» և այդ նույն ժամանակահատվածի հայ պարբերականները։ Եղիշե Պետրոսյանի «Րաֆֆի» մենագրությունը ներկայացնում է հայ մեծանուն գրողին, որում գրականագետը զարգացրել է իր նոր հայեցակետը հայ գրականության այն դասական երկերի մասին, ինչպիսիք են «Սամվելը», «Դավիթ Բեկը» և «Կայծերը»։

«Գրական դեմքեր» խմբագրել

«Գրական դեմքեր» ժողովածուում Եղիշե Պետրոսյանն ի մի է հավաքել իր երկար տարիների ուսումնասիրությունները՝ նվիրված 20-րդ դարասկզբի արևմտահայ գրողներին՝ Սիամանթոյին, Ռուբեն Զարդարյանին, Ռ. Որբերյանին]և Օ. Չիֆթե-Սարաֆին, որոշ երկեր քննված են գեղարվեստական ու գաղափարական կտրվածքով։ Գրականագետի կարծիքով՝ Սիամանթոյի հենց առաջին գրքում՝ «Դյուցազնորեն»-ում, առկա են բանաստեղծի ստեղծագործության հիմնական բոլոր գծերը և արվեստի ներգործող այն ուժը, որին նա հավատարիմ մնաց մինչև վերջ։

Հետազոտություններ խմբագրել

Նվիրված Արշակ Չոպանյանին խմբագրել

Հայ գրականության պատմության մեջ Եղիշե Պետրոսյանի համար ուղենիշային է դառնում Արշակ Չոպանյանը, որը խորհրդային տարիներին արգելված հեղինակ էր կամ գրեթե արգելված։ Եղիշե Պետրոսյանը Երևանի հանրային գրադարանի մշտական ընթերցողն էր և հենց այդ նշանավոր գրապահոցի հատուկ ֆոնդում էլ կարդացել է Արշակ Չոպանյանի արևմտահայ ու արևելահայ գրողներին նվիրած հետազոտություններն ու հոդվածները, ծանոթացել հայ գրականության մեծ նվիրյալի ու մշակի Փարիզում հրատարակած պարբերականներին։ Եղիշե Պետրոսյանի համար Ա. Չոպանյանի՝ գրաքննադատի և գրականության պատմաբանի հայ գրողներին տված գնահատականները եղել են ելակետային։ Չոպանյանին նա գնահատում է որպես իր ժամանակի հայտնի, ճանաչված անառարկելի գրական հեղինակություն։

Գրականագետը բարձր է գնահատում Արշակ Չոպանյանին և դիտարկում է վերջինիս թարգմանական գործը՝ հայ գրողներին՝ ֆրանսերեն, ֆրանսիացի գրողներին՝ հայերեն ներկայացնելու կտրվածքով։ Ծանոթ է Չոպանյանի «Հայաստանի վարդենիք» («La Roseraie d’Armenie») եռահատոր ժողովածուներին, որոնք համարում է միջնադարյան բանաստեղծական էջերի ֆրանսերեն թարգմանություն։ Եղիշե Պետրոսյանը տեղյակ է նաև Չոպանյանի «Վ. Հյուգոն, Լամարտինը և Շատոբրիանը հայ գրականության մեջ» գրքին, որում և զետեղված է Հյուգոյի հայտնի դիմումը հայ ընթերցողին «Թշվառների» հայերեն թարգմանության առիթով։ Նա մեջբերում է Վերհառնի հետևյալ բնութագրումը. «Մենք հայ ազգը ճանաչում ենք Չոպանյանով»։

Նվիրված Երուխանին խմբագրել

Արժեքավոր է Եղիշե Պետրոսյանի հետազոտությունը՝ նվիրված Երուխանին, որին նա համարում է «թերևս ամենից քիչ ուսումնասիրված հայ հեղինակներից»։ Գրականագետի կարծիքով՝ «Երուխանի վերոհիշյալ նորավեպերը առավել իմաստալի նշանակություն են ստանում, այնտեղ պատկերված է ժողովրդի հասարակ մարդկանց վեհությունը, ազնվությունը, հոգու անաղարտությունը»։ Վերլուծության է ենթարկել նաև Երուխանի «Ամիրային աղջիկը» վեպը։

Աղբյուրներ խմբագրել

  • Աելիտա Դոլուխանյան, «Անվանի գրականագետը» (Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 244-248
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիշե Պետրոսյան» հոդվածին։