Եգոր Հարությունյան

հայ բժիշկ, պետական ու քաղաքական գործիչ

Եգոր Միրզոյի Հարությունյան (1869, Շենաթաղ, Հայաստան), հայ բժիշկ, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանում առողջապահության և բարձրագույն բժշկական կրթության կազմակերպիչ։

Եգոր Հարությունյան
Ծնվել է1869
ԾննդավայրՇենաթաղ, Հայաստան
Մասնագիտությունբժիշկ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1896 թվականին Սիսիանի շրջանի Լեռնաշեն գյուղում, գյուղացու ընտանիքում[1]։ Մանկության տարիներն անցել են ծննդավայրում։ Սկզբնական կրթությունը ստացել է գյուղում, սակայն 1910 թվականին տեղափոխվել է Բաքու և ուսումը շարունակել Անդրկովկասի խոշորագույն կենտրոնում։ Գիմնազիայում սովորելու տարիներին, որոնք համընկել էր հեղափոխական շարժման վերելքի հետ, հետաքրքրություն է ցուցաբերել պրոլետարիատի տնտեսական և քաղաքական պայքարի հանդեպ։

1903 թվականին ուսումը շարունակել է Կարինի Սանասարյան վարժարանում[2]։ Ցարական կառավարության դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպում նաև բարձր դասարանի աշակերտները, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1915 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել է հայրենի գյուղ, եղել է վարժարանի ուսուցիչ, դասավանդել է քիմիա, բուսաբանություն, թվաբանություն, տոմարակալություն, բնագիտություն։ Եղել է նաև Լեռնաշենի ՀՅԴ կոմիտեի քարտուղարը։ 1917 թվականին Ստեփան Շահումյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է Բաքվի աշակերտների դասադուլ, որի ղեկավարներից էր նաև Եգոր Հարությունյանը։ Նա իր դասընկերների հետ միասին կապ է հաստատում կասպիական նավատորմի հեղափոխական հայացքներով նավաստիների և բանվորների հետ, որը նպաստում էր նրա քաղաքական հայացքների ձևավորմանը։ Եգոր Հարությունյանը անդամագրվում է Բաքվի Կարմիր գվարդիային, որից հետո ակտիվորեն մասնակցում է 1918 թվականին տեղի ունեցող պատմական իրադարձություններին։ Մարտական ընկերների հետ միասին անձնուրաց պայքար է մղել «Վայրի դիվիզիայի» լավ սպառազինված խմբերի հետ, որոնք սպառնում էն Բաքվի կոմունային։ Միջնակարգ կրթությունը, սակայն, նրան չէր բավարարում, նա մտադիր էր բարձրագույն կրթություն ստանալ և բժիշկ դառնալ։ Եգորը ընդունվում է Բաքվի բժշկական ֆակուլտետ։ Համալսարանում սովորելու առաջին տարիներին շարունակում է քաղաքական աշխատանքը, ապա Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կազմակերպության հրամանով մեկնում է Զանգեզուր, և պայքարում խորհրդային կարգերի հաստատման համար տեղի ունեցող կռիվներին։

1922 թվականին վերադառնում է Բաքու և ուսումը շարունակում բժշկական ֆակուլտետում։ Հետևում թողնելով քաղաքական պայքարը և խորհրդային իշխանության հակառակորդների դեմ արյունահեղ տարիները` ապագա բժիշկը զբաղվում է իր մասնագիտական պարտականություններով` աշխատելով հնարավորինս արագ լրացնել բաց թողածը` հետ չմնալ իր համակուրսեցիներից, որոնցից մի քանի տարով մեծ էր։

1925 թվականին տեղափոխվելով Մոսկվա ուսումը շարունակում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Մոսկվայում սովորելու տարիներին ապագա բժիշկը ակտիվորեն շփվում է ռուսական առաջադեմ բժշկագիտության ներկայացուցիցների հետ, աշակերտում է Մոսկվայի ականավոր գիտնականներին և արժանանում իր ուսուցիչների համակրանքին։ 30 տարին լրացած աշխատասեր պատանին ձգտում էր հետ չմնալ համակուսեցիների առաջին շարքերից, ակտիվորեն մասնակցում գործնական պարապմունքներին, պարտաճանաչ հաճախում էր դասախոսություններին, որի ընթացքում փորձում է հարստացնել տեսական գիտելիքները հիվանդների մահճակալների մոտ, ծանոթանալ բժշկության տարբեր բնագավառներում բժշկագիտության նորագույն նվաճումներին, որոնք անհրաժեշտ էին հետագա բժշկական գործունեության ընթացքում։ Բացի պարտադիր հերթապահություններից, նա հաճախ երեկոյան ժամերին կամավոր հերթապահում էր կլինիկայում, երբեմն էլ բաժանմունքում մնում մինչև առավոտ, օգնում բուժքույրերին, մասնակցում հերթապահ բժիշկների համայցին, խնամում ծանր հիվանդներին։

1928 թվականին հաջողությամբ հանձնելով պետական քննությունները, ստանում է բժշկի որակավորում։ Համալսարանը նոր ավարտած բժիշկը, որը համալսարանում սովորելու տարիներին իրեն դրսևորել էր լավագույն կողմերով, իրավունք է ստանում իր բժշկական գործունեությունը սկսել Մոսկվայի Ս.Պ. Բոտիկինի անվան հանրահայտ կլինիկական հիվանդանոցում։ Մեկ տարի աշխատելով հանրահայտ հիվանադանոցում, անցնում է բժիշկ-կլինցիստի լավագույն և աշակերտելով անվանի գիտնականների, որոշ ժամանակ անց ձեռք է բերում գործնական աշխատանքի որոշակի փորձ, զինվում տեսական գիտելիքներով, ծանոթանում կլինկայում կիրառվող ախտորոշման և բուժման մեթոդներին, այնուհետև գործուղվում Հայաստան։ Չնայած նրան, որ Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը 1927 թվականից սկսած յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում տալիս էր շրջանավարտներ, այնուամենայնիվ հանրապետությունը բժիշկների խիստ կարիք էր զգում։ 1929 թվականին Եգոր Հարությունյանը, գալով Երևան, նշանակվում է վարչական աշխատանքի և սկսում ղեկավարել առողջապահության ժողովրդական կոմիսարիատի կադրերի բաժինը, միաժամանակ աշխատում է նաև առաջին կլինիկայի ինստիտուտում` տնօրեն, այստեղից էլ սկսվում է նրա, որպես առողջապահության կազմակերպչի գործունեությունը։ Նա հաղթահարում է մի շարք դժվարություններ, որոնք կապված էին կլինիկական ինստիտուտի նյութատեխնիկական բազան անհրաժեշտ սարքավորումներով ու աշխատանքային բավարար պայմաններ ապահովվելու և կադրերի տեղաբաշխման, շրջանները և գյուղական շրջանները բժիշկներով ապահովելու հետ։

1932 թվականին Հարությունյանը նշանակվում է կուսակցական աշխատանքի և զբաղեցնում Հայաստանի կոմկուսի կենտկոմի կադրերի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը։ Մեկ տարի կենտկոմում աշխատելուց հետո աշխատանքի է անցնում առժողկոմատի առողջարանային վարչությունում և որպես վարչության պետ շարունակում իր նախորդների սկսած գործը հանրապետությունում առողջարանային շինարարության բնագավառում։ Առողջարանային վարչության պետի պաշտոնում Հարությունյանը, հետաքրքրված լինելով առողջարաններ ստեղծմամբ և բուժվայրերի ուսումնասիրությամբ, 1993-1994 թվականներին աշխատանքային բարենպաստ պայմաններ է ստեղծում Մոսկվայից եկած առողջարանաբանների համար, որոնք նաև գիտահետազոտական աշխատանքներ էին կատարում տեղի մասնագետների օգնությամբ, ուսումնասիրում բուժվայրերի բուժիչ գործոնները և նրանց ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա։

Բժիշկը չէր սիրում իր աշխատասենյակից կառավարելու ձևը, ուստի նա հաճախ էր լինում առողջարաններում և բուժվայրերում, զրուցում գիտնականների ու բժիշկների հետ, ծանոթանում նրանց գործունեությանը, խորհրդակցում բուժվայրերի հարցերի շուրջ։ Բժիշկների հետ միասին մասնակցում էր համայցին, լսում հիվանդների կարծիքը, հարցնում նրանց առաջարկությունները և քննադատական խոսքը, միջոցներ ձեռնարկում վերացնել աշխատանքում տեղ գտած բացերն ու թերությունները։ Նա մտադրվել էր հնարավորության սամաններում բարձրացնել առողջարանների գործունեության մակարդակը։ Նրան մտածմունքների տեղիք էր տալիս առողջարանների կողմից հովանավորվող հիվանդների խիստ սահմանափակ քանակը, քանի որ հանրապետությունում գործող սակավաթիվ բուժկենտրոններ զգալիորեն հետ էին մնում պահանջարկից և դրա հետ մեկտեղ առողջարանների հզորությունները շատ փոքր էին։ Նշանակալի են նաև նրա աշխատանքները սահմանված կարգի համաձայն բուժվող հիվանդների թվի մեծացման, ինչպես նաև առողջարաններում մահճակալների ֆոնդի ընդլայնամ գործերում։ Եգոր Հարությունյանի ուշադրություն կենտրոնում էին հատկապես Կիրովականը, Արզնին, Դիլիջանը և Ջերմուկը, որտեղ կուրորտային վարչության պետ պաշտոնում զբաղեցրած իր տարիներին խիստ աճեց առողջարաններից օգտվողների թիվը, ինչպես նաև մահճակալների թիվը կարգավորվեց։

1935 թվականին Եգոր Հարությունյանը նշանակվում է հանրապետության բուժաշխատողների արհմիության կենտրոնի նախագահ։ Այս պաշտոնում ևս հավատարիմ մնալով իր նպատակադրմանը, սկսում է զբաղվել աշխատավորների հանգստյան կազմակերպման և նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։

1937 թվականից մինչև 1938 թվականի հունիսը աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում` տնօրեն։ Տնօրենի պաշտոնում, իրեն հատուկ լավատեսությամբ բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկում։ Վերադաս մարմինների և հասարակական կազմակերպությունների անմիջական օգնությամբ հասնում է գիտական գործունեության որոշակի աշխուժացման և մակարդակի բարձրացման։ Բժշկի անմիջական հսկողությամբ ուժեղացվում է ամբիոններում ուսանեղների հետ տարվող աշխատանքները, որոնց նպատակն էր ապագա բժիշկներին զինել ծավալուն գիտելիքներով, նրանց դաստիարակել հայրենասիրությամբ։ Նրա ուշադրության կենտրոնում էր նաև ուսանողների կենցաղը, ուսանողական հանրակացարանի սանիտարական վիճակը, ճաշարանի գործունեությունը և ճաշերի որակը։ Հարությունյանի տնօրինության ժամանակաշրջանում աշխուժացում էր նկատվում նաև գիտամանկավարժական կադրերի աճի բնագավառում։ Դասախոսներից ոմանք գիտական համաժողովների մասնակցելու նպատակով, գործուղվում էին երկրի բժշկական կենտրոններ, իսկ մյուսները գրում էին ատենախոսություն և հաջոությամբ պաշտպանում։ Ալավերդու կուսշրջկոմի առաջին քարտուղար նշանակվելուց հետո, ազատվում է ինստիտուտում տնօրենի պաշտոնից։

Նա հաճախ լինում էր կոլտնտեսություններում, տարբեր հիմնարկներում, պղնձաձուլման գործարաններում, լսելով մարդկանց` ընթացք տալիս նրանց առաջարկություններին և բողոքներին, խորհրդակցում բանվորների, մասնագետների և կոլտնտեսականների հետ, ապա հնարներ ձեռնարկում աշխատանքներում տեղ գտած սխալներն ու թերությունները վերացնելու համար։

Մինչև 1940 թվականը ղեկավարելով Ալավերդու շրջանային կուսակցական կազմակերպությունը` նա վերադառնում է Երևան, որտեղ նորից նշանակվում է հանրապետության առողջապահության ժողովրդական կոմիսարի տեղակալ, կուրորտային վարչության պետ։ Սակայն այդ պաշտոնում առողջապահության կազմակերպիչը երկար չի աշխատում։

1941 թվականին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Երկիրը ոտքի է կանգնում պաշտպանելու իր բազմազգ ժողովուրդների անկախությունն ու պատիվը, իսկ երիտասարդ տղաներն ու աղջիկները կամավոր զիվորագրվում էին թշնամու հզոր ուժերի դեմ պայքարող Կարմիր բանակին։ Կամավորական զինվորական ծառայության մեկնում է նաև 45-ամյա ականավոր գործիչը, ով հմտացած էր առողջապահության կազմակերպման աշխատանքային գործում։ Պատերազմի սկզբից հանրապետությունում ստեղծվել էր շուրջ 30 էվակոհոսպիտալ։ Հարությունյանը նշանակվում է համար 2468 էվակոհոսպիտալի պետ և իրեն հատուկ եռանդով ձեռնամուխ է լինում հոսպիտալն անհրաժեշտ սարքավորումներով, կադրերով և բուժաշխատականխիչ միջոցառումների համար բավարար պայմաններ ապահովելու գործին։ Նա սերտ կապի մեջ է մտնում նաև գլխավոր կազմակերպությունների հետ, որոնք, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էին իրենց կցված հոսպիտալին ապահովել անհրաժեշտ պարագաններով և սննդամթերքներով։ 1941 թվականի աշնանը հոսպիտալը սկսում է իր գործունեությունը` ընդունելով առաջին հիվանդներին։ Ռազմաճակատի գիծը շատ հեռու էր հոսպիտալից, դեռևս վիրավորներ չկային։ Հետագայում, երբ սկսվեց մարտական գործողությունների ծավալումը Հյուսիսային Կովկասում, սկսվում է հոսպիտալի գործունեության ամենաբուռն շրջանը։ Ամեն օր ռազմաճակատից գնացքներով վիրավորներ ու հիվանդներ էին տեղափոխում հոսպիտալ։ Քանի որ հոսպիտալում զգացվում էր բժիշկների պակաս, և դրա հետ մեկտեղ բուժման կարիք ունեցողների թիվը չափազանց մեծ էր, հոսպտալի անձնակազմն էլ ավելի ծանրաբեռնված էր աշխատում։ Հոսպիտալին օգնում էին նաև բժշկական ինստիտուտի դասախոսները, որպես առաջատար մասնագետներ կամ խորհրդատուներ։ Ինստիտուտում նախկին տնօրենի հեղինակությունը, այնքան մեծ էր, որ ամբիոնի առաջատար մասնագետները առաջին ահազանգից հետո անմիջապես գալիս էին հոսպիտալ և բուժանձնակազմի հետ միասին ձեռնարկում օգտավետ միջոցներ։

1943 թվականին գերմանական զորքերի պարտությունը մոտալուտ էր։ Ռազմաճակատից վերադաձող գնացքները այլևս նախկին քանակի վիրավորներ ու հիվանդներ չէին բերում հոսպիտալ։ Ե. Հարությունյանը ազատվում է հոսպիտալի պետի պաշտոնից և նշանակվում զինծառայողների ընտանիքների պետական ապահովման ու կենցաղային կարգավորման վարչության պետ և ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Այդ պաշտոններում ևս նա իրեն դրսևորում էր որպես հոգատար, գործունյա և բանիմաց անհատականություն։ Որպես վարչության պետ և կառավարության նախագահի տեղակալ նա ձգտում էր իր պաշտոնին համապատասխան իրավունքները օգտագործել օրենքների սահմաններում` ի բարօրություն երկրի` աչքի առաջ ունենալով «ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսը, որը պատերազմի առաջին օրերից նրա գործունեության ուղեցույցն էր։

Հակառակորդը բոլոր ռազմաճակատներում պարտություն կրելով, նահանջում է։ Պատերազմը տանուլ էր տրված, բայց հակառակորդը դեռ ջախջախված չէր։ Բանակի շարքերում կային հայրենանվեր զինծառայողներ, ովքեր շարունակում էին կատարել իրենց պարտքը։ Թշնամու կողմից ժամանակավոր զավթված տարածքներից Հայաստան էին եկել բազմաթիվ մարդիկ, հատկապես կանայք, երեխաներ, ծերեր, որոնք ծանր տնտեսական կացության մեջ էին։ Կարիքի մեջ էին նաև հանրապետություններից զորակոչվածների ընտանիքները։ Քարտային համակարգով պետության կողմից հատկացվող հացի ու սննդամթերքի նորմաները նույնիսկ նվազագույն չափով չէին բավարարում նրանց կենսամակարդակը։ Հարությունյանի առջև դժվար խնդիր էր դրված։ Քանի որ հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը հնարավորություն չէր տալիս բնակչության մատակարարման մակարդակը բարձրացնելու, նա ամեն ինչ անում էր զինծառայողների ընտանիքներին օգնելու, կենցաղային պայմանները ինչ-որ չափ բարելավելու համար։

Եգոր Հարությունյանը զինծառայողներից ու նրանց ընտանիքներից ստացած դիմումներին անհապաղ ընթացք էր տալիս, երբեմն անձամբ լինում շրջաններում և տեղում լուծում հարցերը։ Պատերազմի հաղթական ավարտից հետո նա շարունակում է իր աշխատանքը` աշխատելով տարբեր պատասխանատու պաշտոններում, այդ թվում նաև երկրորդ անգամ նշանակվել է հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Նա ակտիվորեն մասնակցել է նաև հետպատերազմյան հնգամյակում Հայաստանում առողջապահության արագ զարգացման ծավալուն աշխատանքներին, որոնք վերաբերվում էին բժիշկների և հիվանդանոցային մահճակալների թվի աճին, հիվանդների ցույց տրվող բժշկական օգնության մակարդակի բարձրացմանը, բժշկական հիմնարկների շինարարությանը։ 1951 թվականին նշանակվում է Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ` պաշտոնը վարելով շուրջ 20 տարի[3]։

Այդ տարիների ընթացքում, օգտվելով իր վարչական աշխատանքի ընթացքում ձեռք բերած հարուստ փորձից, նա արդեն սկսում է իր անձնական լուման ներդրել գիտաբժշկական կարևոր օջախի աշխատանքների արդյունավետ զարգացման և կազմակերպման գործում։ 75 տարեկան հասակում ազատվում է ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնից, և նա կարող էր արդեն անցնել վաստակած հանգստին, բայց նա կյանքի իմաստ տեսնելով հայրենիքին ու աշխատանքին ծառայելու մեջ` շարունակում է իր աշխատանքային գործունեությունը նույն ինստիտուտում, որպես ռենտգենաբան։ Պետական խոշոր գործիչն ու առողջապահության անվանի կազմակերպիչը զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքներով։

Գիտական գործունեություն խմբագրել

Եգոր Հարությունյանը 25 գիտական աշխատության հեղինակ է, այդ աշխատանքները վերաբերում էին ինչպես առողջապահության կազմակերպման, այնպես էլ ռենտգենաբանության արդիական հարցերին։ Իր հոդվածներում առաջ է քաշել մի շարք հիմնախնդիրներ, որոնցից են` բաղնիքների ստեղծման, մանկամսուրների և մանկական հրապարակների կազմակերպան, հանրապետության գյուղերի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հարցերը` նպատակ ունենալով տվյալ խնդիրների վրա կենտրոնացնել գյուղի մտավորակնների և վերադաս մարմինների ուշադրությունը։

Ռենտգենաբանության բնագավառում նրա կատարած գիտահետազոտական աշխատանքներից մեծ տեղ է հատկացվում լեղաքարային հիվանդության ռենտգենյան ախտորոշման վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնց մեջ աչքի են ընկնում նաև ախտորոշման ժամանակ նկատվող սխալներն ու հիվանդության բարդությունները։ 1967 թվականին Եգոր Հարությունյանը հրատարակել է «Խոլեցիստոգրաֆիա» մեթոդական ձեռնարկը, իսկ 1978 թվականին՝ «Լեղապարկի քարային բորբոքման ֆլյուորոգրաֆիկ ախտորոշումը» աշխատությունը, որով նպատակ ուներ օգնելու ռենտգենաբաններին։ Վաստակավոր բժշկի աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել ինչպես ժողովրդի, այնպես էլ կառավարության կողմից, պարգևատրվել է 7 մեդալով և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Մ. Մարտիրոսյան, ԵՊԲՀ ռեկտորներ, Երևանի պետական բժշկական համալսարան, 2000, էջ 37
  2. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, Լուսաբաց, 2014, 520 էջ
  3. Վ. Մ. Մարտիրոսյան, ԵՊԲՀ ռեկտորներ, Երևանի պետական բժշկական համալսարան, 2000, էջ 39

Արտաքին հղումներ խմբագրել

Եգոր Հարությունյանի կենսագրությունը ԵՊԲՀ-ի կայքում