ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյան անվան գրադարան, Երևանի պետական համալսարանի գրադարանն է, ստեղծվել է 1920 թվականի փետրվարի 28-ին, նախկին ուսուցչական սեմինարիայի գրադարանի հիման վրա։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թվականի նոյեմբերի 8-ին։ Գրադարանի ժամանակավոր կառավարիչն է եղել Հակոբ Մանանդյանը։ Գրադարանի ֆոնդերը համալրվել են Գևորգյան ճեմարանի, Երևանի թեմական դպրոցի ու արական գիմնազիայի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի և այլ հիմնարկությունների, ինչպես նաև առանձին անձանց (Վահան Տերյան, Ալեքսանդր Ծատուրյան, Ս․ Աթարբեկյան, Մ․ Բերբերյան և ուրիշներ) հավաքածուներով։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
Հիմնվել էփետրվարի 28, 1920
ՏեղադրությունԵրևան

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Դեռ 1919 թվականին ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանը բուհի գիտական բազայի հիման վրա գրադարանի ստեղծման ու մասնագիտական անհրաժեշտ գրականության ապահովման նպատակով հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով դիմում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ. Պոլսում, Ավստրիայում և Պարսկաստանում, որպեսզի «Կազմակերպեն համալսարանի համար կամավոր նվիրատվությունների հանգանակում և ձեռք բերեն համալսարանի գրադարանի համար գրքեր թե՛ գիտական հիմնարկներից, թե՛ մասնավոր անձերից»։

1921-1922 թվականներին ԵՊՀ ռեկտոր է նշանակվում Հակոբ Մանանդյանը, ով և կարգվում է գրադարանի ժամանակավոր կառավարիչ։ Գրադարանի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1922 թվականի նոյեմբերի 8-ին։ Հետզհետե, տարիների ընթացքում ԵՊՀ գրադարանի գրքային ֆոնդը համալրվում է նոր գրքերով։ Դեռ 1927 թվականին գրադարանում առկա էր 52 հազար միավոր գիրք։ Ներկա պահին գրքերի թիվը հասնում է 2 միլիոնի, որից 1,2 միլիոն անուն գիրքը գիտական է։

Գրադարանի նորակառույց շենքը բացվում է 1994 թվականի հոկտեմբերի 12-ին, այն տարում, երբ պաշտոնապես նշում էին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակը։ 1995 թվականին շվեցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը գրադարանի տեխնիկական վերազինման և աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար։ 1997 թվականի հոկտեմբերի 7-ին գրադարանն անվանակոչվում է շվեյցարահայ բարարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների` Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվամբ։ Վերջիններս 1995 թվականին գրադարանի տեխնիկական վերազինման և աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով գրադարանին նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար։

Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրենը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Եզնիկ Միրզոյանն է։

Ֆոնդեր խմբագրել

Գրադարանն ունի ավելի քան 1․415 և հազար միավոր գիրք, պարբերական (հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով) Ամեն տարի սպասարկում է մոտ 14․500 ընթերցողի։ Գրադարանում գործում է նաև էլեկտրոնային քարտարան, որի միջոցով ԵՊՀ ուսանողներն ու ԵՊՀ գրադարանի տոմս ունեցող ցանկացած անձ կարող է պատվիրել իրենց անհրաժեշտ գրականությունը։ Գրադարանային ֆոնդերը հիմնականում համալրվում են բաժանորդագրության, գրքափոխանակության և առևտրային գործարքների միջոցով։ Դրանց հետ միասին գոյություն ունեն համալրման օժանդակ աղբյուրներ, որոնցից են նվիրատվությունը և դրամական օժանդակությունը։ Գրադարանի տարբեր ֆոնդերում պահպանվում են արտերկրում հրատարակված հայալեզու 101 անուն 4530 միավոր այնպիսի արժեքավոր պարբերականներ ու հանդեսներ, ինչպիսիք են՝ «Հայերենիք»-ը, (Բոստոն, 1922-1948 թթ.), «Դրօշակը» (Ժնև, 1889-1980 թթ.), «Բազմավեպը», «Հայ եկեղեցին», «Վէմը», «Հայաստանի Կոչնակը» և այլն։ Գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաև Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կհամալրվի նոր գրականությամբ». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 574