Դեկորատիվ բույսեր
Դեկորատիվ բույսեր, տարբեր ընտանիքների մշակովի և վայրի բույսերի խումբ։ Աճեցվում են քաղաքների և այլ բնակավայրերի կանաչապատման, այգիների, պուրակների ձևավորման, հասարակական և բնակելի շենքերը զարդարելու համար։ Աչքի են ընկնում ծաղիկների, տերևների, պտուղների բազմերանգությամբ, գեղեցիկ ձևով։
Դեկորատիվ բույսերի տեսակներ
խմբագրելԼինում են ծառեր, թփեր, կիսաթփեր, խոտեր։ Ըստ ցողունի աճման ձևի՝ ուղղաձիգ, մագլցող, հյուսվող, կախվող, փաթաթվող, կառչող։ Ըստ վեգետացիայի տևողության՝ միամյա, երկամյա, բազմամյա։ Կան բաց և փակ գրունտի դեկորատիվ բույսեր։ Հայաստանում բաց գրունտում աճեցվող բույսերի մեջ մտնում են միամյա (աղավնիճ, ծխածաղիկ, եղեսպակ և այլն), երկամյա (եռագույն մանուշակ, տուղտ, զանգակ և այլն) և բազմամյա ծաղկաբույսեր (գեորգենի, կաննա, բոցենի, համասփյուռ, ոսկեշիվ և այլն), սաղարթավոր ծառեր և թփեր (ակացիա, թեղի, հացենի, թխկի, հասմիկ, եղրևաևի, թխենի, վարդ և այլն), փշատերև բույսեր (սոճի, գիհի, եղևնի, կենսածառ և այլն)։ Փակ գրունտի դեկորատիվ բույսերը (արմավենիներ, կիտրոն, ֆիկուս, նվիկ, ծոփոր, բեգոնիաներ, կակտուսներ և այլն) ունեն արևադարձային և մերձարևադարձային ծագում և աճեցվում են ջերմատներում կամ սենյակներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 333)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկորատիվ բույսեր» հոդվածին։ |