Դասային թատրոն (չեխ․՝ Stavovské divadlo, գերմ.՝ Ständetheater), թատրոն Պրահայում, 1948 թվականից Ազգային թատրոնի բեմերից մեկն է։

Դասային թատրոն

Մինչև 1798 թվականը հայտնի էր որպես կոմս Նոստիցի թատրոն։ Շենքը կառուցվել է 1783 թվականին կլասիցիստական ոճով՝ կոմս Ֆրանց Անտոն Նոստից-Ռինեկի հանձնարարությամբ։ Գլխավոր մուտքի նշանաբանն էր՝ Patriae et Musis (Հայրենիքին և Մուսաներին)։ Շինությունը գտնվում էր Մրգերի շուկայի հրապարակում (չեխ․՝ Ovocný trh)` Պրահայի Հին Քաղաքում։

Առաջինն այստեղ բեմադրվել է Լեսսինգի «Էմիլիա Գալոտտի» պիեսը։ Դրամաները հիմնականում բեմադրվում էին գերմաներեն, օպերաները՝ իտալերեն, սակայն 1785 թվականից սկսել են չեխերեն առաջին բեմադրությունները, որոնք 1810 թվականից դարձել են շաբաթական։

Թատրոնն ավելի շատ հայտնի է որպես վայր, որտեղ առաջին անգամ բեմադրվել են Մոցարտի «Դոն Ժուան» (1787) և «Տիտոսի ողորմածությունը» (1791) օպերաները։ Բեմադրությունների դիրիժորությունն արել է անձամբ հեղինակը. սա միակ թատրոնն է այն թատրոններից, որտեղ ելույթ է ունեցել Մոցարտը և որը պահպանվել է իր սկզբնական տեսքով[1]։ Թատրոնի բեմում տեղի ունեցած պրեմիերաների շարքում է նաև Լուի Շպորի «Ֆաուստ» օպերան (Կարլ Մարիա ֆոն Վեբերի ղեկավարությամբ)։

1798 թվականին թատրոնը գնվել է Չեխիայի Թագավորության կողմից և ստացել Թագավորական Դասային թատրոն անվանումը։ XIX դարի առաջին կեսին թատրոնի համար պիեսներ էին գրում սլավոնական դրամատուրգները (չեխ Ժոզեֆ Կաետան Տիլ և սլովակ Յան Կոլլար)։ Այստեղ առաջին անգամ բեմադրվել է Ֆրանտիշկա Շկրոուպի չեխական օպերան (1826) և առաջին անգամ հնչել է Չեխիայի հիմնը՝ «Որտե՞ղ է իմ տունը» (1834)։ 1848-1849 թվականների հեղափոխության ձախողումից հետո չեխական բեմը անկում է ապրել։ 1862 թվականին թատրոնը վերանվանվել է Գերմանիայի Թագավորական գավառական թատրոնի (գերմ.՝ Königlich Deutsches Landestheater), այստեղ բեմադրվում էին բացառապես գերմանական ռեպերտուարներ։ Չեխական բեմի վերածնունդը (1880) տեղի է ունեցել Ազգային թատրոնում։

Գերմանական գավառական թատրոնում դիրիժորություն էին անում Կարլ Մարիա ֆոն Վեբերը, Անտոն Ռուբինշտեյնը և Գուստավ Մալերը, հանդես են եկել Անժելիկա Կատալանին և Նիկոլո Պագանինին։

1920 թվականին թատրոնը վերադարձրել է նախկին անվանումը (Դասային թատրոն) և չեխական ռեպերտուարը, ինչպես նաև միավորվել է Ազգային թատրոնի հետ։ 1948-1990 թվականներին կրում էր Ի. Տիլի անունը, բայց հետագայում կրկին վերանվանվել է Դասայինի։

Մեր ժամանակներում թատրոնի ռեպերտուարի բնութագրական մասը հանդիսանում են Մոցարտի ստեղծագործությունները։ Այստեղ են նկարահանվել Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմի Պրահայի տեսարանները։ Բացի այդ, թատրոնում բեմադրվում են բազմաթիվ դրամատիկական ներկայացումներ՝ ինչպես ըստ չեխական հեղինակների, այնպես էլ թարգմանված պիեսների։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դասային թատրոն» հոդվածին։