Գոտհոլդ Լեսսինգ
Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ (գերմ.՝ Gotthold Ephraim Lessing հունվարի 22, 1729[1][2][3][…], Կամենց, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4] - փետրվարի 15, 1781[1][2][3][…], Բրաունշվայգ, Բրաունշվայգ-Լյունենբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4]), գերմանացի պոետ, թատերագիր (դրամատուրգ), արվեստի տեսաբան և գրաքննադատ, լուսավորիչ։ Գերմանական դասական գրականության հիմնադիր։
Գոտհոլդ Լեսսինգ գերմ.՝ Gotthold Ephraim Lessing | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1729[1][2][3][…] |
Ծննդավայր | Կամենց, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4] |
Վախճանվել է | փետրվարի 15, 1781[1][2][3][…] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Բրաունշվայգ, Բրաունշվայգ-Լյունենբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4] |
Գերեզման | Բրաունշվայգ |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, փիլիսոփա, դրամատուրգ, բանաստեղծ, գրադարանավար, աստվածաբան, դրամատուրգ, գրական քննադատ, լրագրող, գրող, քննադատ և արվեստագետ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի կյուրֆիուրսություն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան (1752) |
Ժանրեր | դրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Miss Sara Sampson?, Նաթան Իմաստուն, Էմիլիա Գալոտտի և Laocoön, an essay on the limits of painting and poetry? |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Էվա Քյոնիգ |
Գոտհոլդ Լեսսինգ Վիքիքաղվածքում | |
Gotthold Ephraim Lessing Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է լյութերական քահանայի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Լատինական դպրոցում, ապա հոր թելադրանքով հաճախել Մայսենի Սբ. Աֆրա վանքում գործող կրթօջախ (հայրը ցանկանում էր որդուն դարձնել իր գործի շարունակողը)։ 1746 թվականից աստվածաբանություն է սովորել Լայպցիգի համալսարանում, թեև անտիկ գրականությունն ու թատրոնն ավելի էին գրավում նրան։ Անդամակցել է դերասանուհի Ֆրեդերիկա Կարոլինա Նոյբերի հիմնած թատերախմբին, որի համար թատերգություններ է թարգմանել ֆրանսերենից, ապա այդ խմբի հետ էլ բեմադրել է իր առաջին թատերական ստեղծագործությունը՝ «Երիտասարդ գիտնականը» կատակերգությունը (1748)։ Դա հարուցեց հոր դժգոհությունը, որը տղային ետ կանչեց ու նրա առջև պայման դրեց. եթե ցանկանում է վերադառնալ Լայպցիգ, պետք է հրաժարվի թատրոնից։ Այնուամենայնիվ, Գոտհոլդին թույլատրվեց ուսումը շարունակել համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Այս համալսարանում նա ուսումնասիրել է նաև փիլիսոփայություն և բանասիրություն։
1748-1760 թվականներին ապրել ու աշխատել է Լայպցիգում, Բեռլինում, թղթակցել կամ խմբագրել Vossische Zeitung-ը, այլ պարբերականներ։ Բեռլինում իր զարմիկի՝ Քրիստոլոբ Միլիոսի ընկերակցությամբ հիմնել է թատրոնին առնչվող թեմաներ արծարծող ամսագիր, սակայն ընդամենը չորս համար թողարկելուց հետո, ֆինանսական խնդիրների պատճառով, հարկադրված են եղել դադարեցնել հրատարակությունը։ Չնայած դրան՝ Լեսինգը հասցրել է արվեստասերների շրջանում լուրջ ու բանիմաց թատերական քննադատի և տեսաբանի համբավ ձեռք բերել։
1752 թվականին Լեսինգը Վիտենբերգի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է մագիստրական ատենախոսությունը։ 1760-1765 թվականներին աշխատել է Բրեսլաուում (ներկայումս՝ Վրոցլավ). եղել է գեներալ Տաուենտցենի քարտուղարը։ Այդ տարիներին է գրել իր նշանավոր «Լաոկոոն կամ գեղանկարչության և բանաստեղծության սահմանների մասին» աշխատությունը։ 1765-ին վերադարձել է Բեռլին, երկու տարի անց մեկնել Համբուրգ, ուր նրան հրավիրել էին դերասան և մենեջեր Կոնրադ Աքերմանն ու Յոհան Ֆրիդրիխ Լյովենը, ովքեր Համբուրգում հիմնադրել էին գերմանական առաջին մշտական գործող թատրոնը և Լեսինգի համար նախատեսել էին դերասանի և թատրոնին ներկայացված պիեսները գրախոսողի աշխատանքները։ Թեև այդ նախաձեռնությունը երկար կյանք չունեցավ (երեք տարի անց թատրոնը ստիպված էին փակել՝ դարձյալ ֆինանսական խնդիրների պատճառով), այնուամենայնիվ, այստեղ կուտակած փորձը Լեսինգի համար հիմք հանդիսացավ գրելու «Համբուրգյան դրամատուրգիա» աշխատությունը։ Եվ, բացի այդ, Համբուրգում Լեսինգը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Էվա Քյոնիգի հետ։
Ինչպես ցույց տվեց կենսափորձը, լինելով բանականի ու լուսավորականության արմատական կողմնակից, կտրականապես դեմ լինելով եկեղեցական դոգմատիկային՝ Լեսինգն ի վիճակի չէր իրեն հարմար աշխատանք գտնել Բեռլինում, Դրեզդենում, Վիեննայում կամ Համբուրգում և կյանքի վերջին տարիներին հարկադրված էր վարել պալատական գրադարանավարի պաշտոնը Վոլֆենբյուտելում (Բրաունշվայգ)։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում գրքերի կատալոգների կազմումը, որը նա համարում էր թանկագին ժամանակ խլող, ոչ այնքան արժեքավոր գործ։ Լեսինգն այս քաղաքում անցկացրեց 12 տարի։
1771 թվականին Լեսինգը Համբուրգում անցել էր մասոնական «Երեք ոսկե վարդ» օթյակի ընծայման ծեսը։ Նա հեղինակել է «Gesprache fur Freimauer» կոթողային աշխատությունը (1778-1780), որտեղ սուր քննադատության է ենթարկում գերմանական օթյակները, որոնք, ըստ նրա, վերածվել են ժամանակի բոլոր արատների որջի։ Լեսինգը գտնում էր, որ մասոնների գլխավոր գործը պետք է լինի ճշմարտության ազատ, էզոթերիկ որոնումների ապահովումը։
1778 թվականին Լեսինգը գրեց «Նաթան Իմաստուն» դրաման, որը դարձավ հավատի հարցում հանդուրժողականություն, մարդկայնություն քարոզող, լայն տարածում գտած ստեղծագործություն։ Հասարակությունն այլևս չէր կասկածում դիպաշարի ճշմարտացիության մեջ և համաձայն էր, որ հրեաների մեջ էլ կան բոլոր առումներով արժանավոր մարդիկ, քանզի բոլորն էլ գիտեին, որ թատերգության գլխավոր հերոսի նախատիպը հրեական ծագումով գերմանացի փիլիսոփա Մոզես Մենդելսոնն է։ Վերջինիս հետ Լեսինգը ծանոթացել էր դեռ 1754 թվականին։ Առիթը նրանց երկուսի ընդհանուր հետաքրքրվածությունն էր շախմատով։ Այս ծանոթությունը Մենդելսոնի ճակատագրում վճռական դեր է խաղացել. տարիներ շարունակ Լեսինգը իր հովանու ներքո է վերցրել նրան։ Հարկ է նշել նաև, որ ականավոր գրողն ու լուսավորիչը ակտիվորեն մասնակցել է կրոնական հանդուրժողականության թեմայով ծավալված բանավեճերին, հանդես եկել մի շարք սուր պամֆլետներով։
Լեսինգը վախճանվել է Բրաունշվայգում, 52 տարեկան հասակում։
Հիմնական ստեղծագործությունները
խմբագրելԼեսսինգի տեսական հիմնական ստեղծագործություններից է «Լաոկոոն, կամ գեղանկարչության և պոեզիայի սահմանների մասին» երկը, որտեղ նա համեմատում է արվեստի երկու տեսակներ՝ գեղանկարչությունն ու պոեզիան, Սադոլետ քանդակագործի կողմից ստեղծած Լաոկոոնի քանդակի և Վերգիլիոսի կողմից նույն կերպարի նկարագրության օրինակով։
Պիեսներ
խմբագրել- «Միննա ֆոն Բարնհելմ, կամ զինվորական բախտը» (Minna von Barnhelm oder das Soldatenglück, 1763-67, թարգմանվել է հայերեն[5])
- «Էմիլիա Գալոտտի» (Emilia Galotti, 1772, թարգմանվել է հայերեն[5])
- «Միսս Սարա Սիմփսոն» (Miss Sara Sampson, 1755)
- «Նաթան Իմաստուն» (Nathan der Weise, 1779, թարգմանվել է հայերեն[5])
Այլ երկեր
խմբագրել- «Նյութեր Ֆաուստի վերաբերյալ»
- «Համբուրգյան թատերգությունը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Redlich C. C. Lessing, Gotthold Ephraim (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1884. — Vol. 19. — S. 756–802.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Müller J. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Лессинг Готхольд Эфраим // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Դրամաներ / Գ. Լեսսինգ; Թարգմ. գերմ.՝ Հ. Հակոբյան; Խմբ.՝ Գ. Վիրապյան; Առաջաբ.՝ Գ. Ֆրիդլենդեր; Նկ.՝ Հ. Մուրադյան. - Երևան։ Հայաստան, 1970. - 494 էջ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտհոլդ Լեսսինգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտհոլդ Լեսսինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 584)։ |