Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրհամ (այլ կիրառումներ)

Գրհամ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մտնում էր Կերեն համայքնի մեջ։

Գյուղական համայնք
Գրհամ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Կերեն համայնք
Բնակչություն46 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է ԱՀ հարավային հատվածում՝ Քաշաթաղի շրջանում նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Կերեն գյուղից 1 կմ դեպի արևմուտք` Ողջի գետի միջին հոսանքի աջափնյա բլրապատ հարթավայրային մասում[2]։

Պատմություն խմբագրել

Գրհամը Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկն է։ Նկատի ունենալով այն փաստը, որ տվյալ տարածքը հնագույն ժամանակներից խիտ բնակեցված է եղել, 1996 թվականին ՀՀ Ազգագրության, հնագիտության ինստիտուտի մասնագետները Ողջի գետի երկու ափերին պեղումներ են կատարել[2]։

Գրհամ գյուղի մոտ գտնվող դամբարանաբլուրներից հնագետները հայտնաբերել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին պատկանող նյութեր, ինչպես նաև բնակավայրի հետքեր։ Գյուղը առավել շատ հայտնի է բնակավայրին մերձակա Գրհամ բերդով։ Սյունյաց իշխանության (821–987 թթ.), հետագայում Սյունիքի թագավորության տարիներին (987–1070 թթ.) Գրհամ բերդը հատկանշական դերակատարություն է ունեցել։ Այն ոչ միայն գավառի գլխավոր բերդն էր, այլև իշխանական նստավայրը։ Վերոհիշյալ ժամանակաշրջանում բերդը այնքան նշանավոր էր, որ նրա անունից Կովսական գավառը անվանվել է նաև Գրհամ[2]։

Սյունյաց Գրիգոր թագավորը, որը ժառանգներ չուներ, իր դստերը՝ Կատային, ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշխանի հետ և նրան դարձնում թագավոր։ Սյունիքում Հասան Գեռաքարեցու իշխանության շրջանը (1066–1070 թթ.) համընկավ թագավորության վրա սելջուկ թուրքերի ճնշումների մեծացման հետ։ 1070 թվականին սելջուկները նվաճեցին Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը և Բաղաբերդը։ Հասան Գեռաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով Բաղաբերդից հեռանում է Խաչեն։ Այդ դեպքերից հետո Գրհամը կորցրեց իր երբեմնի դերն ու նշանակությունը[2]։

17-18–րդ դարերում Կովսական–Գրհամ գավառը բաժանվեց մի շարք գավառակների՝ Չավանդուր, Գիլաբերդ, Գրհամ, Աճան (Աճանան), մասամբ Բարգուշատ։ Երբեմնի հայաշատ գավառը 18–րդ դարի վերջերին և 19–րդ դարի սկզբներին թուրքերի և քրդերի ճնշումների տակ զրկվեց իր նախկին տերերից։ Գրհամում հաստատված թուրքերն ու քրդերը բնակավայրը անվանակոչել էին Քեչիկլի։ Նրանք հիմնահատակ կործանել էին հայկական բնակավայրի պատմամշակութային արժեքները[2]։

Խորհրդային տարիներին Գրհամը բռնակցվեց Ադրբեջանին։ 1923 թվականին Քեչիկլին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ։

1993 թվականին նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ ազատագրվեց հնադարյան հայկական այդ թիզ հողը[2]։

1998 թվականին սկսվեց այդ տարածքների վերաբնակեցման գործընթացը։ Գյուղում հաստատվեցին ՀՀ բանակվայրերից մի քանի ընտանիքներ։ Նորից վերականգնվեց բնակավայրի պատմական Գրհամ անունը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2][3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Գրհամ գյուղում բնակվում է 46 մարդ, կար 28 տնտեսություն[4]։ Բնակավայրն ուներ բազմաթիվ հիմնախնդիրներ՝ կապված էլեկտրականության, ջրի, ճանապարհների, բնակչության սպասարկման տարբեր ոլորտների հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 599–600.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 375.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.