Օտյաններ, 19-20-րդ դարերի հայ հասարակական-քաղաքական մի շարք գործիչների, գրողների, մանկավարժների գերդաստան էր Կոստանդնուպոլսում[1]։

  • Պողոս Օտյան - XIX դարի սկզբին Կեսարիայի Մունճուսուն գյուղից պանդխտել է Կոստանդնուպոլիս, իբրև շինարար բանվոր՝ աշխատել արքունի ճարտարապետ Գ. Պալյանի մոտ և նրա հովանավորությամբ դարձել է նախ գրագիր, ապա՝ արքունի ճարտարապետ։ Նա իր բնակարանում բացել է մասնավոր դպրոց, հրավիրել եվրոպական կրթություն ստացած ուսուցիչների և իր նյութական միջոցներով կրթել Կոստանդնուպոլսի մի խումբ պատանիների, որոնց թվում էին Հարություն Սվաճյանը և Գ. Օտյանը։
  • Խաչիկ Օտյան - (1842-1908) բազմակողմանի կրթություն է ստացել, 1861 թվականին Փարիզում մտերմացել է Մ. Նալբանդյանի հետ, որը նրան է ձոնել իր «Սոս և Վարդիթերի կրիտիկան»։ Իբրև պետական հանձնաժողովի անդամ, մասնակցել է Սան Ստեֆանոյի (1878) բանակցություններին։ Զբաղվել է թարգմանությամբ։
  • Եվփիմե Օտյան - Կոստանդնուպոլսի ճանաչված մանկավարժներից էր։
  • Գրիգոր Օտյան (1834-1887) - հայ հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի հիմնադիրներից։ Մասնակցել է Հայ Ազգային և օսմանյան 1876 թվականի սահմանադրությունների մշակմանը։
  • Երվանդ Օտյան (1869-1926) ― նշանավոր գրող-երգիծաբան, հրապարակախոս։ Օտյանների ամենահայտնի ներկայացուցիչն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1986, հատոր 12, էջ 579