Գյուղացիական կանոնադրություններ Ռուսաստանում (1861)

«Կանոնադրություններ 1861» փետրվարի 19, Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման օրենսդրական ակտերի ամբողջություն։

Բորիս Կուստոդիև «Քրիստոնյաների ազատագրում»

Հաստատել է Ալեքսանդր II կայսրը 1861 թվականի փետրվարի 19-ին, Պետերբուրգում։ Բաղկացած էր «ճորտատիրական կախումից դուրս եկած գյուղացիների վերաբերյալ ընդհանուր կարգից», չորս «Տեղական կանոնադրություններից», մի շարք այլ «Կանոնադրություններից», «Կանոններից» և «Լրացուցիչ կանոններից»։

Պատճառները խմբագրել

Հիմնական պատճառը ֆեոդալա֊ճորտատիրական կարգերի ճգնաժամն էր։ Ցարիզմի պարտությունը 1853-ից 1856 թվականի Ղրիմի պատերազմում, որը դրսևորեց ճորտատիրական Ռուսաստանի փտածությունն ու անզորությունը, ինչպես նաև գյուղացիական հուզումների աճը, հարկադրեցին Ալեքսանդր II-ի կառավարությանը վերացնելու ճորտատիրական իրավունքը։ 1857 թվականի հունվարի 3-ին ստեղծվեց գաղտնի կոմիտե, որը 1858 թվականի սկզբին վերակազմվեց Գյուղացիական գործերի գլխավոր կոմիտեի։ 1858 թվականի ընթացքում ռեֆորմը նախապատրաստելու նպատակով ստեղծվեցին նահանգային ազնվականական կոմիտեներ, որոնց մշակած նախագծերը 1859-ից 1860 թվականներին քննարկվեցին Պետերբուրգում հաստատված խմբագրական հանձնաժողովներում։ Նահանգական կոմիտեներում պայքար գնաց առանձին ազնվականական խմբավորումների միջև, որոնք առաջ էին քաշում տվյալ շրջանի պայմաններում առավել շահավետ այս կամ այն նախագիծը։ Մանր և խոշոր կալվածատերերը դեմ էին ճորտատիրության վերացմանը։ Շուկայի հետ լայնորեն կապված կալվածատերերը տնտեսապես շահագրգռված էին ռեֆորմ անցկացնելու մեջ։

«Ճորտատերերի ու լիբերալների տխրահռչակ պայքարը․․․ պայքար էր տիրապետող դասակարգերի ներսում, ավելի շատ՝ կալվածատերերի ներսում, պայքար, որը մղվում էր բացառապես զիջումների չափի և ձևի համար»։ Վ. Ի. Լենին

 
1861 թվականի փետրվարի 19-ին ստրոագրված մանիֆեստը

Նախապատմությունը խմբագրել

Ռեֆորմի շուրջ բուն պայքարը ծավալվեց մի կողմից լիբերալների ու ճորտատերերի, մյուս կողմից՝ հեղափոխական-դեմոկրատների միջև, որոնք արտահայտում էին գյուղացիական լայն զանգվածների շահերը։ Հեղափոխական-դեմոկրատները Ն․ Գ․ Չեռնիշևսկու և Ա․ Ի․ Գերցենի գլխավորությամբ պահանջում էին ճորտատիրության լիակատար ոչնչացում և առաջ քաշում գյուղացիական հեղափոխության գաղափարը։ 1861 թվականի փետրվարի 19-ին Ալեքսանդր II ստորագրեց ճորտատիրական իրավունքի վերացման մասին մանիֆեստն ու «կանոնադրությունները», որոնք հրապարակվեցին մարտի 5-ին։ Հեղափոխական-դեմոկրատները ճիշտ գնահատեցին ռեֆորմի էությունը, մատնանշելով նրա սահմանափակությունը, ճորտատիրական բնույթը։ «Կանոնադրությունների» համաձայն, 22,5 միլիոն գյուղացիներ ազատվեցին ճորտական կախվածությունից։ Հողը որպես սեփականություն մնաց կալվածատերերին։ Գյուղացիներին իրավունք էր տրվում ետ գնելու տնամերձ հողակտորը, իսկ դաշտային հողաբաժնի ետգնումը ամբողջովին կախված էր կալվածատիրոջ կամքից (մինչև 1881 թվականի օրենքը, երբ ետգնումը պարտադիր դարձավ)։ Մինչև հողաբաժնի ետգնման ձնակերպումը գյուղացիները համարվում էին ժամանակավորապես պարտավորյալ, իսկ ետգնումից հետո՝ սեփականատեր գյուղացիներ։ Հողաբաժինների չափերը և պարհակները սահմանվում էին «տեղական կանոնադրություններով»։ Պետական ճորտերը ազատվում էին առանց հողի, իսկ եթե գյուղացիները համաձայն էին վերցնել կրճատված հողաբաժին (մարդահամարային շնչին՝ մոտավորապես մեկ դեսյատին), այն տրվում էր անվճար, որպես այսպես կոչված, պարգևական հողաբաժին։ Պարգևականների թիվը շուրջ 500 հազար էր։ Մի շարք նահանգներում գյուղացիներից բաժնեհատված հողակտորները (որ կոչվում էին օտրեզկաներ) կազմում էին գյուղացիական հողերի 30—40%-ը։ 1866 թվականի նոյեմբերի 24-ի օրենքով գյուղացիական ռեֆորմը տարածվեց նաև պետական գյուղացիների վրա, որոնց թողնվեցին իրենց օգտագործման հողերը։ 1863-ից 1864 թվականների Լեհական ապստամբության ազդեցությամբ Բելառուսիայում, Լիտվայում և Աջափնյա Ուկրաինայում կառավարությունը ստիպված էր փոխելու ռեֆորմի պայմանները (հօգուտ գյուղացիների բաժնեհատվում էր հողի 12—41 %-ը, պակասեցվում էին պարհակները, մտցվում պարտադիր ետգնում)։ Ռեֆորմի հետևանքով գյուղացիներին անցած հողամասերը միանգամայն անբավարար էին։ Մարդահամարային 10․049 800 շնչերի 5,5%-֊ը ստացավ մեկ դեսյատինից պակաս հողաբաժին, 13,2%՝ 1—2 դեսյատին, 28,2%՝ 2—3 դեսյատին, 26%՝ 3—4 դեսյատին, 22,3% ՝ 4—6 դեսյատին և միայն 4,8% ստացավ ավելի քան 6 դեսյատին։ XIX դարի վերջերին Ռուսաստանի եվրոպական մասում 10,5 միլիոն գյուղական ծուխ (շուրջ 50 միլիոն մարդ) ուներ 75 միլիոն դեսյատին հող, համարյա նույնքան (70 միլիոն դեսյատին) ունեին 30 հազար կալվածատիրական տները (մոտ 150 հազար մարդ)։ Հողի ետգնման գները չէին համապատասխանում նրա իրական արժեքին։ Գյուղացիները հողի համար վճարեցին 867 միլիոն ռուբլի, որը 1860-ական թվականներին շուկայական գներով արժեր 648 միլիոն ռուբլի։

 
1861 թվական փետրվարի 19

Ռեֆորմը կայսրության ծայրամասերում խմբագրել

1861 թվականի գյուղական ռեֆորմի սկզբունքներով ռեֆորմներ անցկացվեցին նաև կայսրության ծայրամասերում՝ Անդրկովկասում, Բեսարաբիայում։ 1864 թվականի հոկտեմբերի 13-ին հրապարակվեց օրենք Թիֆլիսի նահանգում ճորտատիրական իրավունքի վերացման մասին, մեկ տարի հետո այն, որոշ վերապահումներով, տարածվեց Քութայիսի նահանգի, իսկ 1866 թվականին՝ Մեգրելիայի վրա։ Ծայրամասերում ռեֆորմի պայմաններն ավելի ծանր էին, քան 1861 թվականի փետրվարի 19-ի «Կանոնադրությունները»։ 1864 թվականի հոկտեմբերի 13-ի օրենքով ամբողջ հողը մնում էր կալվածատերերին։ Ոչ միայն դաշտային հողաբաժինների, այլև տնամերձ հողատարածության ետգնումը կախված էր նրանց կամքից։ Հայաստանում (Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870) ն Ադրբեջանում ռեֆորմը անցկացվեց տարբեր ժամանակ՝ 1870 թվականից մինչև 1883 թվականը։ Անդրկովկասում պարտադիր ետգնումը մտցվեց միայն 1912 թվականից 1913 թվականներին դեռ մինչև 1917 թվականը շատ գյուղացիներ մնում էին ժամանակավորապես պարտավորյալ։ Գրեթե նույն կերպ իրականացվեց ռեֆորմը Կովկասի լեռնականների շրջանում։ Չնայած ֆեոդալաճորտատիրական մնացուկների պահպանմանը (որոնք ռեֆորմի ճորտատիրական բնույթի հետևանք էին), ճորտատիրական իրավունքի վերացումը վճռական նշանակություն ունեցավ Ռուսաստանում կապիտալիստական հարաբերությունների հաստատման համար։ Գյուղացիական ռեֆորմը չլուծեց հողային հարցը և հանգեցրեց դասակարգային հակասությունների հետագա սրման։

Գրականություն խմբագրել

  • Васильчиков А. И., кн. Землевладение и земледелие в России и других европейских государствах / В 2-х тт. — СПб., 1876. — 564+444 с.
  • Великая реформа. Русское общество и крестьянский вопрос в прошлом и настоящем։ Юбилейное издание։ В 6 т. — М., изд-во И. Д. Сытина, 1911.
  • Джаншиев Г. — Эпоха великихъ реформ. — СПб., 1907. — С. 1—125.
  • Зайончковский П. А. Кризис самодержавия на рубеже 1870—1880-х годов. — М.։ изд-во Моск. ун-та, 1964. — 511 с. — 5000 экз.
  • Зайончковский П. А. Отмена крепостного права в России. — М., 1954. — 292 с. — 50 000 экз.
  • Захарова Л. Г. Александр II и отмена крепостного права в России. — М.։ РОССПЭН, 2011. — 718 с. — (Основой изд. без испр. и доп. является «Самодержавие и отмена крепостного права в России, 1856—1861» (М., 1984)). — 1000 экз. — ISBN 978-5-8243-1548-6
  • Захарова Л. Г. Самодержавие и отмена крепостного права в России, 1856—1861. — М., 1984.
  • Как окончательно выкупать земли, получать данные и утверждаться в правах наследства в крестьянском быту / Сост. В. К. Масальский. — Минск, 1883. — 80 с. Книга содержит подробные правила, формулы и расчёты платежей по выкупной операции.
  • Корнилов А. А. Крестьянская реформа. — СПб.։ Изд. П. П. Гершунина, 1905. — 271 с.
  • Крестьянская реформа в России 1861 года. Сборник законодательных актов / под ред. К. А. Софроненко. — М.։ ГИЮЛ, 1954. — 318 с.
  • Петлин Н. С. Выкуп у помещиков крестьянских наделов и его последствия. — СПб., 1894. — 22 с. Книга содержит детальный экономический анализ выкупной операции.
  • Покровский М. Н. Русская история с древнейших времён / При участии Н. Никольского и В. Сторожева. — М.։ Мир, 1911. — Т. 5.
  • Рожков Н. А. Русская история в сравнительно-историческом освещении։ (Основы социальной динамики). — 2-е изд. — Л.; М.։ Книга, 1928. — Т. 11։ Производственный капитализм и революционное движение в России второй половины XIX и начала XX века. — 406 с.
  • Томсинов В. А. Подготовка крестьянской реформы 1861 года в России // Крестьянская реформа 1861 года в России / Сост., автор предисл. и вступ. ст. В. А. Томсинов. — М.։ Зерцало, 2012. — С. XV-XCVIII.
  • Троицкий Н. А. Россия в XIX веке։ Курс лекций։ [Для студентов вузов, обучающихся по направлению и специальности «История»]. — М.։ Высш. школа, 1997. — 431 с. — 5000 экз. — ISBN 5-06-003210-8
  • Blum J. Lord and Peasant in Russia։ From the Ninth to the Nineteenth Century. — New York, 1964.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 240