Գիհի կազակական

բույսերի տեսակ
Գիհի կազակական
Գիհի կազակական
Գիհի կազակական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գիհի (Juniperus)
Վերնատեսակ 'Sabina'
Տեսակ Գիհի կազակական (J. sabina)
Միջազգային անվանում
Juniperus sabina
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գիհի Կազակական (լատին․՝ Juniperus sabina), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար մերկասերմ թփատեսակ, որն ունի 0,6-1 մ բարձրություն, հարթ կեղև, բուն և ճյուղեր։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Ընձյուղները կլոր և մուգ կանաչ են։ Տերևները ասեղանման են կամ թեփուկանման։ Ունի կլոր կոներ։ Երկտուն բույս է։ Դա նշանակում է, որ արակական հասկիկները գտնվում են մեկ, իգական կոները այլ բույսերի վրա։ Ծաղկում է ապրիլին, իսկ կոները հասունանում են հոկտեմբերին։

Հիմնականում տարածված է Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և Մեղրիում, մեծ մասամբ չոր լանջերում, վերին լեռնային գոտում։ Աճում է ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա։ Ցրտադիմացկուն և շոգադիմացկուն բույս է։ Պահանջկոտ չէ խոնավության և հողի հանդեպ։

Կազակական գիհին թունավոր բույս է, որովհետև տերևներում պարունակում է սաբինոլ յուղը, որն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Բազմանում է սերմերի և կտրոնների միջոցով։ Հրաշալի բուսատեսակ է քարապարտեզների, ալպինարիաների, թեք լանջերի և ծաղկապարտերային ձևավորումների համար[1]։

Նկարագրություն խմբագրել

Ցածր, սովորաբար հողի վրա փռված թուփ է, որն ունի մինչև 50 սմ բարձրություն։ Փայլուն, վառ կանաչ, նշտարաձև-գծային և սրացած տերևները մեջքի կողմից ուռուցիկ են և կեսի մոտ փոս ընկած օվալ գեղձով։ 4-6 մմ տրամագծով կոները մանր են[2]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Սևանի (Փամբակ, Դարանակ), Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք) և Մեղրու (Վահրավար, Գողթան լեռնագագաթի լեռնաճյուղեր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Կովկասի այլ շրջաններում, Հարավային և Միջին Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Մոնղոլիայում և Միջին Ասիայում[2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2400-2500 մ բարձրությունների վրա, հազվադեպ թփուտների մացառուտներում, ինչպես նաև քարաթափվածքային և մանրաքարոտ լանջերին։ Պտղաբերում է հուլիս-հոկտեմբեր ամիսներին։ Լավ է բազմանում վեգետատիվ ճանապարհով և առատ պտղաբերում է[2]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի կազակական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի կազակական» հոդվածին։